ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը հայտնում է․ «Տեղեկացրել էինք, որ Խանջյան փողոցի վերնանցման երկու կողմերում մեր կողմից փակցվել էին «Հայ ղեկավարները Բաքվի բանտում են» գրությամբ և Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության լուսանկարներով պաստառներ։
Նշված գործիչներին աջակցող հայտարարության մեջ դատապարտվել էին ՀՀ-ում ԱՀ պետական ինստիտուտների գործունեության դեմ կատաղի պայքար մղող, Արցախի բռնի հայաթափումն այս օրերին Երևանում տոնող իշխանությունները։
Կանխատեսելի էր, որ Արցախի հետ առնչվող ցանկացած տեսանելի գրություն, անձանց կամ պետական խորհրդանիշերի լուսանկար երկար չի մնա Երևանի կենտրոնում, մանավանդ այն պարագայում, երբ դրանք փակցվում են Արցախը Ադրբեջանին հանձնած վարչապետի ավտոշարասյան անցնելու պահին, նրա աչքի առջև։
Պաստառները հաշված ժամեր անց հեռացնելը ՔՊ-ական իշխանության թուլամորթության, թրքապաշտության, Ալիևից ունեցած վախերի մասին ևս մեկ փաստ է։
Նշված արարքը, ինչպես նաև օրերս Արցախի պետական ինստիտուտների գործունեության, Արցախի պետականության լուծարումը չեզոքացնող գործողությունների դեմ մոլեգնող արշավանքը վկայում է, որ ԱՀ ռազմաքաղաքական ղեկավարության հայտնվելը Բաքվի բանտում նաև նիկոլական իշխանության միտումնավոր գործունեության, Ալիևի հետ հանցավոր փոխպայմանավորվածության արդյունք է»։
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ավելի վաղ արված հայտարարությունը՝ ստորև․
|
«Շաբաթներ է անցել Արցախի Հանրապետության բռնի հայաթափումից, մինչդեռ ՀՀ գործող իշխանությունները ոչ միայն միլիարդավոր դրամներ արժեցող տոնական պատրաստություն են տեսնում՝ փորձելով ստեղծել տպավորություն, թե արտասովոր ոչինչ չի եղել, այլև կատաղի կերպով պայքարում են ՀՀ-ում Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների գործունեության դեմ։
Հաշվի չնստելով կրած կորուստների ծանրության հետ, արհամարելով գերիների՝ Բաքվի բանտերում գտնվելու հանգամանքը, նրանց հայրենիք վերադարձնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու և ապրումակցման փոքր-ինչ մոտեցումներ որդեգրելու փոխարեն, իշխանությունները փորձում են երկրով մեկ տոնական մթնոլորտ ստեղծել։
Արհեստականորեն հասարակությանը հրամցվող և աշխարհին ցուցադրվող տոնական տրամադրությունները հակաբարոյական հերթական քայլն է արյան, պարտության և կորուստների խորհրդանիշ հայաստանյան իշխանության կողմից։
Այս փուլում հակաբարոյական, հակազգային և հակապետական մոտեցումների մատնանշումից զատ, կարևոր է արձանագրել խոշոր գումարների նպատակադրված դուրսգրման և մսխման հանգամանքը՝ բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալական խնդիրները լուծելու, նրանց համար արժանավայել պայմաններ ապահովելու, մայր հայրենիքում պահելու և երկրի պաշտպանունակության բարձրացման ուղղությամբ կենսական քայլեր ձեռնարկելու փոխարեն»։
|