▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պարո՛ն Ավինյան, եկել եմ ձեր տրամադրությունը փչացնեմ». Գրիգոր Երիցյան

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանն իր ելույթում, դիմելով քաղաքապետ Տիգրան Ավինյանին, հայտարարեց. «Օրակարգի հարցերից մեկը պարունակում է ակնհայտ կեղծ տեղեկատվություն: Ինչպես գիտեք, իշխող խմբավորումն օրակարգում է ներառել իմ՝ որպես ավագանու անդամի լիազորությունների դադարեցման նախագիծը: Ես շատ լավ հասկանում եմ ինձ հեռացնելու հրատապությունը, բայց, պարո՛ն Ավինյան, եկել եմ ձեր տրամադրությունը փչացնեմ. այդ նախագծով դա անել հնարավոր չէ: Նշված կեղծ հիմքերից մեկը հետևյալն է՝ Գրիգոր Երիցյանը բացակայել է ավագնու հինգերորդ գումարման երկրորդ նստաշրջանի ընթացքում հինգ նիստերից չորսին, իսկ հիմա ուշադիր. հայտարարում եմ, որ այս պնդումը կեղծ է, չի համապատասխանում իրականությանը: Ես մշտապես ներկա եմ եղել ավագանու նիստերին»:

Օրեր առաջ ավագանու անդամ Գրիգոր Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Երևանի պատմության ամենաձախողված քաղաքապետը քաղաքի բոլոր հրատապ խնդիրները «լուծելուց» հետո իր ավագանու թիմին հրահանգել է նախաձեռնել իմ՝ Երևան քաղաքի ավագանու լիազորությունները դադարեցնելու գործընթաց։
Սա Ավինյանի՝ ընդդիմախոսներից ազատվելու և քաղաքական հաշվեհարդարի հերթական փորձն է, որը վտանգավոր նախադեպ է ստեղծում, քանի որ Հայաստանի նորանկախ պատմության մեջ որևէ իշխանություն մանդատից չի զրկել որևէ ընդդիմադիր խմբակցության ղեկավարի։
Սեպտեմբերի 10-ին ՔՊ-ն պատրաստվում է դադարեցնել ոչ միայն իմ՝ որպես Երևանի ավագանու անդամի, այլև որպես Երևանի ավագանու ընդդիմադիր (մեծությամբ երկրորդ) խմբակցության ղեկավարի լիազորությունները՝ խաթարելով մեր խմբակցության բնականոն աշխատանքը և հերթական անգամ թքելով մեզ ձայն տված տասնյակ հազարավոր երևանցիների վրա:
Թե՛ իշխանությանը և թե՛ ընդդիմությանը ընտրում է ժողովուրդը և միայն ժողովուրդն է ընտրությունների միջոցով որոշում, թե ում լիազորությունները պետք է դադարեցվեն։ Ավինյանն ու իր թիմը չեն ներկայացնում երևանցիներին, և եթե 1 տարի առաջ ստացել են երևանցիների աջակցության 9%-ը, ապա այսօր նրանց վարկանիշը շրիշակից ցածր է։
ՀՀ իշխանությունների հռչակած արևմտյան ձգտումների ֆոնին՝ Երևանի քաղաքագլխի և իր թիմի կողմից ընդդիմադիրների նկատմամբ քաղաքական հետապնդումները կասկածի տակ են դնում ժողովրդավարության մասին այս խմբի իրական պատկերացումներն ու ընկալումները։
Հույս ունեմ, որ տեղական իշխանությունների որդեգրած հակաժողովրդավարական գործելաոճը և հատկապես այս խայտառակ դրվագը կհայտնվեն իրավապաշտպանների ուշադրության կենտրոնում և կստանան միջազգային կազմակերպությունների համարժեք արձագանքը»:

Հայտարարությամբ էր հանդես եկել նաև Վարդան Ղուկասյանը՝ հայտնելով, որ իշխող թևը որոշել է մանդատից զրկել ոչ միայն Երիցյանին, այլև երկու անկախ անդամի. «Սեպտեմբերի 10-ին բոլորիդ հրավիրում ենք Երևանի քաղաքապետարան բողոքի ակցիայի՝ հաջակցություն այն ավագանիների, որոնց այս թմրամոլ, կաշառակեր, կոռումպացված, քաղաքապետի աթոռը զբաղեցնող մարդկային ՎԻԺՎԱԾՔԸ և «ընդդիմություն» խաղացող Վազգենի քույրը փորձում են զրկել ավագանու մանդատից։ Եկեք տեր կանգնեք Ձեր տված քվեներին և եկեք գոնե այս անգամ ցույց տանք համախմբվածություն՝ ընդդեմ այս բ**ի տղերքի»:

***

«Պարոն Երիցյանն առաջարկում է իր լիազորությունների դադարեցման հարցը հանել օրակարգից, բայց նա երկրորդ հատվածին չանդրադարձավ. նա բացակայել է իրավական հանձնաժողովի յոթ նիստերից վեցից»,- հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ արձագանքելով ավագանու անդամ Գրիգոր Երիցյանի ելույթին:

***

«Չեք ամաչո՞ւմ»,- իրեն ավագանու անդամի մանդատից զրկելու հարցի քննարկման ժամանակ, դիմելով քաղաքապետին ու նախագիծը կազմող իշխող թիմի ավագանու անդամ Մարատ Թոխյանին, ասաց «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանը: «Ասվում է՝ ավագանու հինգերորդ գումարման երկրորդ նստաշրջանի հինգ նիստից չորսից բացակայել եմ, ես էլ ասում եմ՝ չեմ բացակայել, կուղարկեմ բոլոր նիստերի իմ ելույթները: Չեք ամաչո՞ւմ, որ ստում եք: Ի՞նչ է արել էս պարոն Ավինյանը, որ դուք ստիպված էս ամոթալի բանը բերել եք ու պաշտպանում եք»,- հավելեց Երիցյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее