Հրապարակ.am-ը գրել է. «Ակտիվների և պասիվների կառավարման կենտրոն» ՍՊ ընկերությունը դիմում է ներկայացրել դատարան` 556 մլն ՀՀ դրամի չափով չապահովված պահանջ, խնդրելով «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ին սնանկ ճանաչել: Նախկին «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն էլ՝ 2023 թ. հունվարի 19-ին է դատարան դիմել` 16 մլրդ 412 մլն դրամ, 1 մլն 79 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, 9 մլն 348 հազար 399 եվրոյին համարժեք ՀՀ դրամ և էլի միլիոնների պահանջով: Իսկ դատարանի 30.11.2022 թ. վճռով «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ն ճանաչվել էր սնանկ եւ սնանկության գործով կառավարիչ էր նշանակվել Արամ Խաչատրյանը:
2024 թ. ապրիլի 23-ին դատարանի որոշմամբ սկսվել է «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի լուծարման վարույթ: Գործարանն ունի մոտ 420 աշխատող, շատերն այս պահին վճարովի հարկադիր պարապուրդում են, իսկ վարչական ապարատը, պահակները՝ աշխատում են: Աշխատակիցները մայիս ամսվանից աշխատավարձ չեն ստացել. «2022թվականին սնանկության գործընթացը սկսվել է, լուծարումից հետո սնանկության կառավարիչը ո՛չ վարչական, ո՛չ քրեական վարույթ չի բացել, մենք իմացել ենք, որ սնանկության կառավարիչը պետք է այդ ամենը աներ, նոր գործարանը տաներ լուծարման: Մենք պլանային ծրագիր ենք ունեցել, որ գործարանն աշխատի, բայց այսօր անգամ դատավորի որոշումը ունենք, որ պետք է 1 տարի գործարանը աշխատի, փաստ է՝ չի աշխատում, Արամ Խաչատրյանի անգործության պատճառով: Խաչատրյանը 2 անգամ եկել է խորհրդակցության, մենք զրուցել ենք, բոլոր հարցերում օգնել ենք իրեն, հարցրել ենք՝ գործարանը վերաթողարկելո՞ւ եք, թե՞ չէ, ասել է՝ «Այո»: Ապրանքներ բերվելո՞ւ է, ասել է՝ «Այո, ապրանքների պահանջագրերը ուղարկեք ինձ, սկսենք ապրանքներ բերել»: Մայիսից մինչ հիմա ուղարկել ենք պահանջագրերը, ոչ մի բան չի անում: Մենք արդեն սկսեցինք կասկածել, որ եթե էդ մարդը խոստացավ, ու անգամ 1 մեխ չի թողնում առնենք, ուրեմն մի բան էն չի: Պատկերացնո՞ւմ եք` ցեմենտի պարկերը վերջացել է, գումար չի փոխանցում, որ պարկ առնենք, ցեմենտ վաճառենք: Գործարանի լուծարումից հետո մտել ա գործարան, իր հաշվին համարյա 400 մլն դրամ փող ա եղել: Ցեմենտը վաճառել ենք, փոխանցել ենք իր հաշվին: Գործարանը 3 ամիսը մեկ անգամ դեղորայք ա ձեռք բերում, հիմա ոչ մի դեղորայք չունենք:
Մենք գտնում ենք, որ մեր աշխատավարձերը Արամ Խաչատրյանը միտումնավոր ուշացնում ա, որ փողի դեֆիցիտ լինի, հետո էլ ընդհանարապես գործարանը չաշխատի: Կարծես նրան հատուկ ծրագրով են ուղարկել՝ գործարանը կազմաքանդել, քանի որ մարդկանց հերթով աշխատանքից ազատում է: Բացեցինք Դատալեքսով կարդացինք, որ մեզ 500 մլն. դրամի համար սնանկ են ճանաչել: 2022 թվականից մինչեւ հիմա 5 մլրդ. դրամից ավելի պարտավորվածություն ենք փակել, 500 մլն դրամը հաստատ կփակեինք: Մենք կասկածներ ունենք, որ սա շինծու գործ է: Մի խոսքով՝ էս 500 մլն դրամի պատճառով սնանկ են ճանաչել, որ միլիարդ դոլարներով գումարները ջրեն գնա, սա արդեն բոլորիս պարզ է: Մենք սնանկության գործով կառավարչին ասում ենք, թե էս միլիոնավոր դոլարները էս ինչ թվեր են, ինչի ա գործարանն էդքան պարտք, կառավարիչն ասում ա, ինձ այլ հարցեր մի տվեք` աշխատավարձի պարտք կա, դրա մասին խոսացեք: Մի բան էլ ասենք, մենք ինչ ասում ենք, սա գցում ա դատավորի վրա», -պատմեց գործարանի աշխատակիցներից մեկը:
Աշխատակիցները անվստահություն են հայտնել սնանկության կառավարիչ Արամ Խաչատրյանին, դիմում ուղարկել դատախազություն, գրավոր դիմել վարչապետի աշխատակազմին: Մինչ օրս, արդեն 30-ից ավելի աշխատակից ազատվել է աշխատանքից: Ամեն անգամ, երբ աշխատավարձի ուշացման հետ կապված բունտ է հասունանում գործարանում, չգիտես ինչու գործարանի տնօրենը հենց այդ ժամանակահատվածում արձակուրդում է հայտնվում:
Թե ինչո՞ւ են աշխատակիցների աշխատավարձը ուշացնում, գործարանի փոխտնօրեն Սուրիկ Միքայելյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մայիս, հունիս ամիսների աշխատավարձերի դիմումները դեռ դատարանում է, հուլիսի աշխատավարձի դիմումները նոր պետք է ներկայացնեն դատարան.
«Վաղը, իմ իմանալով, օրը լրանում է, եթե բողոք չլինի, պետք է մայիս-հունիս ամիսների աշխատավարձերը տան: Սնանկության կառավարիչը պետք է գնա դատարան, դատավորի մոտ, բացի տեսնի, եթե բողոք չկա, փողն էլ կա իր հաշվին, մեր աշխատավարձը կտա»:
30-ից ավելի աշխատակիցներ են ազատվել, ոմանց էլ՝ ազատել եք աշխատանիքից, ծանուցե՞լ եք ազատելուց առաջ. «Չէ, կառավարիչը հրաման ա տվել, որ անվստահություն ա հայտնում, եւ պայմանագիրը խզել ենք, իրենք ֆինասական պատասխանատուներն են»:
- Չարաշահումնե՞ր են արել:
- Կարող ա չեն արել, անվստահություն ա հայտնել, պայմանագիրը խզել են, իրենք էլ բողոքարկել են: Սնանկության կառավարիչը օրենքից չի շեղվում, էնքան բողոք են գրել իր վրա, որ դողում ա, հիմա, որ զանգեմ, խնդրեմ մի հատ գործով մի բան անի՝ չի անի:
- Հրազդանում խոսակցություններ են պտտվում, որ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ցանկանում է գնել գործարանը, որքանո՞վ են այս խոսակցություները համապատասխանում իրականությանը:
- Ես էլ եմ լսել, բայց չեմ կարող հաստատել այդ տեղեկությունը: Ասում են, մի քանի ամիս առաջ էլ էդ խոսակցությունը գնաց:
- Ի՞նչ եք պատրաստվում անել գործարանը պահպանելու համար, քանի որ այն 400-ից ավելի ընտանիքների սոցիալական հարց է լուծում: Աշխատակիցները մտահոգություն ունեն, որ եթե գործարանը հանեն աճուրդի, գնորդը պատրաստվում է գործարանի մետաղը վաճառել:
- Որպեսզի կոլեկտիվը չցրվի, մենք ուղարկել ենք վճարովի հարկադիր պարապուրդի: Մենք լավ հասկանում ենք, որ ունենք մասնագետներ, որոնք ամբողջ Հանրապետության մեջ չես կարա գտնես, չենք ուզում այդպիսի մարդկանց մեր ձեռքից բաց թողնել: Եթե գործարանի ապագայի մասին չմտածենք, իհարկե, կարող էինք ըստ Աշխատանքային օրենսգրքի 2 ամիս առաջ զգուշացնել եւ աշխատանքից ազատել աշխատակիցներին, ոչ թե հարկադիր վճարովի պարապուրդի ուղարկել: էս գործարանը գնողը, որքանով որ կգնի, ես չգիտեմ, կրկնակի անգամ պետք է ծախս անի, որ մեր մետաղները կտրի, դա էլ մեծ ծախսերի հետ կապ ունի: Դե ամեն բան էլ կարան խոսեն:
- Ցեմենտի վաճառքի թույլտվություն-որոշում ունեք, ինչո՞ւ ցեմենտ չեք վաճառում:
- Ճիշտ է, շուտվանից հրաման կար ցեմենտի վաճառքի, բայց չէինք վաճառում, այսօրվանից նոր սկսել ենք վաճառել, աշխատում ենք կանխիկ եղանակով, փողը վճարում են՝ ցեմենտը տալիս ենք:
Փորձեցինք նաեւ մի շարք հարցերի պատասխան ստանալ անձամբ սնանկության կառավարիչ Արամ Խաչատրյանից: Բայց նա, հավանաբար այնքան էր ծանրաբեռնված, որ անգամ հեռախոսով մեզ չպատասխանեց, ասաց, որ հարցերը գրավոր ուղարկենք, քանի որ շատ զբաղված է` փորձում է 400-ից ավելի աշխատակիցների աշխատավարձի հարցը լուծել:
«Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ն գրանցված էր Արցախում «Ջի Էմ Հոլդինգ» ՍՊԸ-ի կողմից: «Ջի Էմ Հոլդինգ»» ՍՊԸ հիմնադիրներն են ռուսաստանաբնակ մեծահարուստ Վիտալի Գրիգորյանցը, ով նախկին «Հայբիզնեսբանկի» սեփականատերն էր, եւ Արսեն Միքայելյանը՝ նույն բանկի վարչության նախագահ: ‹‹Հրազդան ցեմենտ քորփորեյշն›› ՍՊԸ-ի համասեփականատերերից է՝ Նիկոլայ Խաչատուրովը: Գործարանի սնանկացումից եւ լուծարումից հետո սնանկության կառավարիչը 2 օգնական է աշխատանքի ընդունել, մեկը՝ Մհեր Պողոսյանը իր բարեկամն է, մյուսը՝ Նորայր Սարգսյանն է: Մեզ հասած տեղեկություններով՝ երկուսն էլ Արցախից են տեղափոխվել Երեւան»: