Քիչ առաջ ուժային կառույցի ղեկավարներից մեկին սպասարկող Toyota Land Cruiser 300 մակնիշի մեքենան, նրան ուղեկցող Nissan X-Trail-ը և նախագահի աշխատակազմից մի Toyota Camry մոտ երկու ժամ կայանած էին Մաշտոցի պողոտայի «Սիզընս» այգու դիմաց` երկրորդ գծում:
MediaHub-ը գրում է.
Հավանաբար բարձրաստիճան պաշտոնյաները տարածքի ռեստորաններից մեկում ժամանակ էին անցկացնում, և չհարգելով երթևեկության մյուս մասնակիցների իրավունքներն ու ՃԵ կանոնները` տևական ժամանակ կիսով չափ փակել էին Մաշտոցի պողոտայի երթևեկելի հատվածը: Եւ այս ամենը, բնականաբար, պարեկների աչքի առջև, որոնք նման բաները տեսնում ու ոչ մի կերպ չեն նկատում:
Դատելով տրանսպորտային միջոցների մակնիշից ու մոդելից` դրանք, ամենայն հավանականությամբ, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին սպասարկող մեքենաներն են, քանի որ հենց նրա համար են վերջերս ձեռք բերել Toyota Land Cruiser 300 ամենագնաց, ինչի մասին MediaHub-ը գրել էր, և այդ մեքենային ուղեկցում է հենց Nissan X-Trail քրոսովեր: Եթե սխալվում ենք, ապա կարող են համապատասխան կառույցներից ուղղել կամ պարզաբանել, թե ում մեքենաներն են եղել:
Ի դեպ, ուշագրավ է, որ ենթադրաբար Արգիշտի Քյարամյանին սպասարկող Toyota Land Cruiser 300-ի համարները փոխված են. ՔԿ նախագահին հատկացված իրական համարների փոխարեն փակցված է 35 DV 933 օպերատիվ համարանիշներ: Էլ ավելի ուշագրավ է այն, որ այդ համարանիշերը ժամանակին փակցված էին Նիկոլ Փաշինյանի զավակներին, եթե չենք սխալվում` հենց ավագ դուստր Մարիամ Փաշինյանին սպասարկող Nissan X-Trail-ի վրա էր փակցված:
Փաստորեն, պետական պաշտոնյաների համար պահեստում օպերատիվ համարների խմբաքանակ ունեն, որոնք հարկ եղած դեպքում պատահականության սկզբունքով վերցնում փակցնում են հատուկ պահպանվող անձանց մեքենաների վրա, որ քողարկվեն այդ պաշտոնյաներն ու ազատ երթևեկեն` աջ ու ձախ օրենք խախտելով: