«Հրապարակը» գրում է. Հինգ օր առաջ, Փաշինյանը «Կոլումբիայի դրոշով» ու Արագած սարի պատկերով սպորտային տրիկոյով, մի խումբ հեծանվորդների հետ դուրս էր եկել հեծանվարշավի։
Համացանցում սկսեցին ոչ միայն ծաղրել, այլև քննադատել, որ հայկական դրոշն էլ են աղավաղել եւ Կոլումբիայի դրոշով տրիկո հագցրել Փաշինյանին: Այդ ծաղրից ու քննադատությունից բաժին հասավ նաեւ նրան միացած հեծանվորդներին։
Փաշինյանի հետ հեծանիվ վարողներից մեկը` Արկադի Օսիպյանը, պարզվում է, բավականին ծանր է տարել քննադատությունն իրենց հասցեին։ Վերջինս ՀՀ Քննչական կոմիտեի նախկին աշխատակից է եւ պայքարում է, որպեսզի վերադառնա իր պաշտոնին, բայց տարրական զսպվածություն չի ցուցաբերում` իրեն թույլ է տալիս հայհոյել ու անպարկեշտ բառեր գրել այն մարդկանց հասցեին, ովքեր դեմ են, քննադատում են հեծանվարշավն ու Փաշինյանի հետ հեծանիվ վարողներին։ Մենք Հյուսիսային Կորեայում չենք ապրում, որ մարդկանց արգելեն ծաղրել ու քննադատել երկրի ղեկավարին, կամ նրա կողմնակիցներին եւ եթե մեկը համաձայնել է վերջինիս հետ հեծանիվ վարել, պետք է գիտակցի, որ այդ նեգատիվ վերաբերմունքը կարող է նաեւ իր վրա տարածվել:
Նա իր էջում հայտարարել է, որ ով գրում է, թե իբր մի քանի տասնյակ միլիոն է ծախսվել հեծանվային արշավի վրա՝ նրանց պատասխանատվության է ենթարկելու եւ հայտարարում է, որ մեծ գումարներ հեծանվարշավի վրա չեն ծախսվել։ Իսկ այսօր իր էջում գրել է, թե իր դեմ արշավ են սկսել նախկինների աջակցիներն ու ընդդիմադիրները, ու չնայած իրեն հռչակել էր նեյտրալ, ապաքաղաքական մարդ, ով ուզում էր Հայաստանում հեծանվային տուրիզմ զարգացնել, հայտարարում է, որ ինքը սատարում է ՀՀ ներկա իշխանություններին և անձամբ Նիկոլ Փաշինյանին։
Նա մեր լրագրողին ասել է. «Ես այս պահին տաքսի եմ քշում, անվճար օգնում եմ մարդկանց, ովքեր իմ օգնության կարիքն են ունենում (իհարկե երբ ժամանակ եմ ունենում) և հեծանիվ եմ քշում, իմ յութուբյան ալիքն ունեմ, անցել եմ ամբողջ Հայաստանը, փորձում եմ հեծանվային մշակույթը զարգացնել մեր երկրում և հեծանվային տուրիզմը, որպեսզի այլազգիները գան Հայաստան, գումար ծախսեն և հարստացնեն իմ հայ ազգը»։
Մեր ընթերցողի ներողամտությունն ենք հայցում «ցենզուրայից դուրս» գրառումներ հրապարակելու համար։