«ML Mining ընկերությունը 2021 թվականից Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Մելիք Մելիքյան 2/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի բնակարանները պետք է հանձներ շահառուներին 2023 թվականի դեկտեմբերի 31-ին՝ պայմանագրով ունենալով հնարավորություն բնակարանների հանձնման գործընթացն ուշացնել մինչև 6 ամիս՝ 2024 թվականի հունիսի 30-ը, սակայն մինչ այսօր շահառուներից ոչ ոք չի ստացել բնակարանը, քանի որ համալիրը գտնվում է անավարտ վիճակում։ Փաստացի ML Mining-ը մեզ խաբում ու բնակարանները սահմանված ժամկետում չի տալիս»,- այս մասին «ՕրագիրՆյուզ»-ի հետ զրույցում ասել է նշված հասցեի շահառուներից մեկը։
Նրանցից մեկ ուրիշն էլ պատմել է, որ բնակարանը ձեռք բերելու պայմանագրի մեջ եղել է կետ, որով շինարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպությունը պարտավորվում է պայմանագրի կետերը չկատարելու դեպքում փոխհատուցել շահառուներին, սակայն, ոչ մի փոխհատուցում չեն ստացել, ավելին՝ կազմակերպությունը շահառուներին հորդորել է դիմել դատարան։
«Երևի վստահ են, որ դատարանում ինչ-որ ձև կհաղթեն, որովհետև մեզ ասել են, որ ենթակապալառուներից մեկը սննկացել է, չնայած, որ դա բնակիչներին ընդհանրապես հետաքրքրիր չէ։ Կարծում ենք՝ այդ հայտարարությունն արել են իրենց ռիսկերի համար»,- հավելել է քաղաքացին։