Մենք չգնացինք տեռորի ճանապարհով, որովհետև սիրո հեղափոխություն էր, խոստացել էինք՝ վենդետա չի լինելու․Փաշինյան
2024թ. բյուջեի նախագծի վերաբերյալ ԱԺ-ում եզրափակիչ ելույթ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով քննարկման նախորդ փուլերում անդրադարձել էր ռազմավարական ուղղություններով զարգացումներին, այսօր խոսում է արդարադատության վերաբերյալ:
Թարմացված․ «2019-ին դատարանների մուտքերի շրջափակման ակցիան շատերը փորձեցին ներկայացնել որպես արդարադատությանը խոչընդոտելու փորձ. իրականում մենք դատարանի դռները մի քանի ժամով փակել էինք՝ արդարադատության դռները բացելու համար, բայց պիտի արձանագրեմ, որ արդարադատության դռները դեռևս բավարար չափով բացված չեն»,- ԱԺ-ում, բյուջեի նախագծի վերաբերյալ եզրափակիչ ելույթում, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով նաև անելիքների մասին. «Ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացում. պետք է կենդանի պահենք արդարության ու արդարադատության հանրային պահանջը: Ի հեճուկս բոլոր դժվարությունների, անսասան պիտի պահենք մեր հավատը դատական անկախ համակարգ ունենալու նպատակի նկատմամբ»: Նրա խոսքով՝ դատական համակարգում պետք է ընտրվեն այն թեկնածուները, ովքեր հավատում են արդարությանն ու արդարադատությանը, անկախ դատական համակարգին, ունեն բարեվարքության պատշաճ աստիճան: |