Օգոստոսի 25-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։05-ի սահմաններում Ա․ Խանջյան փողոցից դեպի Հերացի փողոց տանող ավտոճանապարհին ՀՀ Ներքին գործերի նախարարության դիմաց (Հերացու թունելի մեջ) բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 27-ամյա Արմեն Հայրապետյանի վարած «ԶԻԼ» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 21-ամյա Նարեկ Մշեցյանի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդ Ն․ Մշեցյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ նրա ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 17-ամյա Վահագն Հարությունյանը տեղում մահացել է։ Բախման հետևանքով «ԶԻԼ»-ը հայտնվել է բետոնե պաշտպանիչ պատի վրա, իսկ «Opel»-ը վերածվել է մետաղե ջարդոնի։
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և նրան հիվանդանոց են տեղափոխել «Range Rover» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու ուղևորը, ապա օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է «Opel»-ի ուղևորի մահը և տեղում բուժօգնություն են ցուցաբերել «ԶԻԼ»-ի վարորդին, սակայն նա հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։
Դեպքի փաստով Տ․ Կարապետյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ Քր․ օր․-ի 342 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում