Օրերս Հայաստանի նկարիչների միության «Մարտիրոս Սարյան» ցուցասրահում բացվեց Մանոն Արմինե Ավետիսյանի «Էմոցիոնալ փոթորիկ» անհատական ցուցահանդեսը։ Նկարչուհին ցուցադրել է տարբեր ժամանակաշրջանների իր ստեղծած հավաքածուների սիրված նկարները։ Ինչպես խոստովանում է նա, նկարելն իր ապրելակերպն է, այն իրեն է փոխանցվել գեներով, իր հորից՝ նկարիչ, արվեստաբան Արամ Ավետիսյանից։ Մանոնը բազմաժանր նկարիչ է և նկարում է դիմանկարներ, նատյուրմորտներ, բնանկարներ, կոմպոզիցիոն կտավներ, աշխատում է տարբեր նյութերով՝ պաստել, ջրաներկ, յուղաներկ, տուշ և այլն։
Մանոնը ունի ստեղծագործելու իր ուրույն ոճը և ձեռագիրը, ունի գույների նուրբ զգացողություն և աչքի է ընկնում վառ անհատականությամբ։ Տաղանդավոր նկարչուհի լինելուց բացի, Մանոնն իր մասնակցությունն է ցուցաբերում բարեգործություններին, որի վկայությունն է օրերս Օրրան բարեգործական կազմակերպության ԱՄՆ գալա աճուրդի համար իր «Խոլորդներ» շարքից կատարած նվիրատվությունը։ Այդ գեղեցիկ կտավի վաճառքի ողջ հասույթը ուղղվելու է Հայաստանի և Արցախցի անապահով երեխաների աջակցությանը։
«Էմոցիոնալ փոթորիկ» ցուցադրությունը բաց է բոլոր արվեստասերների համար, ովքեր մինչև հուլիսի 30-ը կարող են անձամբ վայելել Մանոն Արմինե Ավետիսյանի գույների հրավառությունը։