▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կիմ Չեն Ինի կոչը հայ ժողովրդին

Հարգելի Հայ ժողովուրդ,

Հայրս ինձ միշտ սովորեցրել է զուսպ պահել զգացմունքներս՝ հատկապես, երբ խոսքը վերաբերում է միջազգային հարաբերություններին, բայց այլևս լռել պարզապես անզոր եմ: Տարիներ շարունակում ջերմագին զգացմունքներ եմ տածել Ձեր և ձեր երկրի  նկատմամբ: Եվ այսօր ես զարմանում եմ, թե ինչից եք դժգոհում և տրտնջում:

-Մի՞թե անշնորհակալի պես չեք տեսնում Ձեր իշխանությունների քրտնաջան աշխատանքի արդյունքները: Մի՞թե  չեք տեսնում թե ինչքան ներդրումներ են նրանք ներգրավում, ինչքան աշխատատեղ են նրանք ստեղծում, ինչքան է նրանց օրոք աճում Արարատյան դաշտավայրի կովերի կաթնատվությունը: Մի՞թե կարելի է դժգոհել նման տնտեսական աճ ունենալու պայմաններում և դավադրաբար բողոքել նաև Հայաստանից դուրս ավտոշքերթներ իրականացնելով:

-Մի՞թե կարծում եք, թե Ձեր իշխանությունները չեն գիտակցում, որ երկիրը գտնվում է պատերազմական իրավիճակում: Լսե՞լ եք երբևե, որ Ձեր իշխանավորները  /ի տարբերություն նավթադոլարներով հարուստ Ձեր թշնամու/ գեթ մի պահ կորցրած լինեն զգոնությունը, թաթախված լինեն կոռուպցիայի մեջ, ճնշեն և իրենցով անեն ուրիշի բիզնեսները՝ այդպիսով էլ ավելի խորացնելով տնտեսական ճգնաժամը, կամ ասենք վարեն ցոպ ու շվայտ կյանք, մինչդեռ հասարակ քաղաքցին օրվա հացի խնդիր ունի: Իհարկե ոչ:

-Մի՞թե Ձեր իշխանությունները հարկային ողջ բեռը չեն կենտրոնացնում երկրի  օլիգարխների վրա: Իհարկե կենտրոնացնում են, հակառակ դեպքում նրանք ստիպված կլինեին հարկային բեռը կենտրոնացնել փոքր բիզնեսի և Ձեր՝ հասարակ քաղաքացիների վրա /օրինակ տարբեր կենսաթոշակային հիմնադրամների, եկամտային հարկերի միջոցով/, ինչը կնպաստեր աղքատության աճին և մարդիկ ստիպված կլինեին արտագաղթել և հայրենիքից հեռու կպատկերացնեին իրենց և իրենց երեխաների ապագան:

-Մի՞թե ցանկանում եք վերադառնալ նախորդ դարի առաջին 20ամյակ, երբ հայը ստիպված փախչում էր իր բնօրրանից: Այսօր դուք դրա մասին չեք էլ մտածում: Մի՞թե չեք գնահատում այն հիանալի պայմանները, որ ստեղծել է Ձեր իշխանությունը վերջին տարիներին, որպեսզի հայը մնա իր երկրում, որպեսզի Հայաստանը չհայաթափվի, որպեսզի կարանա դիմակայի 9 միլիոնանոց թշնամուն:

-Մի՞թե չեք տեսնում, որ ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանը, «Ղարաբաղ» կոմիտեի ստեղծումը նախաձեռնած Իգոր Մուրադյանը, ԱՍԱԼԱ-ի Ալեք Ենգիմոշյանը գրանտակեր ազգի դավաճաններ են: Եվ արժանի են մի լավ քոթակի: Հիմա ո՞վ է ազգանվեր գործիչ Զորի Բալայանը, թե Իգոր Մուրադյանը: Համոզված եղեք Իգոր Մուրադյանը նամակով կոչ է անում կործանվող կապիտալիզմի երկիր հանդիսացող ԱՄՆ-ի նախագահին գալ և տեր կանգնել ԼՂՀ-ին:

-Մի՞թե կարծում եք, որ, տեսնելով Բերձորի հատուկ ջոկատայինների բարձր մարտունակությունը ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանին ծեծելիս, թշնամին կհամարձակվի ոտնձգություն իրականացնել նրանց կողմից պահպանվող հողի  վրա: Մոռացեք դա: Սրանից հետո նա դեռ երկար ժամանակ կսսկվի ու բախտը չի փորձի: Իսկ այդ ընթացքում ՀՀ բնակչությունը /բանակը/ էլ ավելի կմեծանա, երկիրը էլ ավելի կբարգավաճի, օլգարխներից ավելի շատ հարկ կհավաքագրվի՝ զրկելով նրանց պատերազմի պատրանքներից:

Բավական է տրտնջաք, բողոքեք, ցույցեր անեք անշնորհակալի պես: Թուրքերը և Ադրբեջանցիները ծիծաղում են անշնորհակալներիդ վրա: Այդպես դուք չեք կառուցի Կորեայի Ժողովրական Հանրապետության պես բարգավաճ, կազմակերպված և երջանիկ երկիր: Հույսով եմ սթափությանս կոչը տեղ կհասնի և դուք կհամախմբվեք ձեր անձնուրաց և ազգանվեր կառավարության կողքը և կշարունակեք կառուցել ԱՊԱՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ:  Եվ թող կործանվի գրանտատու, Ադրբեջանին Սմերչով զինող, քայքայվող տնտեսությամբ Ամերիկան:

Միշտ Ձեր,

Կիմ Չեն Ին

Բլոգ ԱվատԱրմ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее