▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կարող ա՞ Հոկտեմբերի 27-ի ամբողջ նպատակն այն էր, ինչ տեսնում ենք մենք 2020 -ի սեպտեմբերի 27-ից սկսած»

Այսօր՝ «Հոկտեմբերի 27-ի» 24-րդ տարելիցի օրը, լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տարածել՝ գրելով հետևյալը. «Ամեն տարի այս օրը՝ հոկտեմբերի 27-ին, երբ թարմացվում է մեր երկրում տեղի ունեցած ահաբեկչության մասին հիշողությունը, ես ու շատերը հրապարակում ենք այս ցուցակը, որը, իմ կարծիքով, շատ մեծ կապ ունի այդ իրադարձության հետ։ Ահաբեկչությունից հետո նախագահ Ռոբերտ Քոչարյանից Վահան Շիրխանյանը, Անդրանիկ Քոչարյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Վաղարշակ հարությունյանը և այլք պահանջում են Վարչապետի, գլխավոր դատախազի, Ազգային անվտանգության նախարարի և այլ՝ կարևորագույն ուժային պաշտոններ՝ հակառակ դեպքում սպառնալով շանտաժ անել։ Նախագահը նրանց ուղարկում է գրողի ծոցը՝ հայհոյանքներով։
Այս մարդիկ, հատկապես ցուցակի վերջին տեղում գտնվող Քոչարյան Անդոնը, 24 տարի Վազգեն Սարգսյանի անունը տալով ման է գալիս, չնայած իր դիակի վրա առևտուր էր անում։
Այս ցուցակի մարդիկ ճակատագրական դեր խաղացին մեր երկրի կյանքում։ Մասնակցեցին Հայաստանում մարտի 1-ի իրադարձություններին, իսկ երբ տապալվեց իշխանազավթման գործընթացը, Անդրանիկ Քոչարյանը սկսեց փաստերը շուռ տալ, իրենց բերած աղետի մասին բաներ հորինեցին, ֆիլմեր նկարեցին ինչ-որ գարուն-ամառվա մասին ու սկսեցին ֆռացնել, շահարկել։
Այս մարդիկ 10 տարի անց մասնակցեցին 2018 թվականի իրադարձություններին ևս, վերցրին իշխանությունը, նրանցից ովքեր ողջ էին, պաշտոնների տիրացան ու սկսեցին այն գործը անել, որը չարվեց 1999 և 2008 թվականներին։ Էսօր էլի հոկտեմբերի 27-ն է, էլի կգնան հուշարձանի մոտ ու կսկսեն շոուն։
Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել, թե՝ հոկտեմբերի 27-ի տեռորիստական ակտի հանգամանքները բացահայտելու վերաբերյալ վերջին մեկ տարում մի քանի տասնյակ մարդիկ են հարցաքննվել։ Ուզում եմ հարցնել՝ այս ցուցակի անձինք հարցաքննվե՞լ են, արդյո՞ք դատախազությունը փորձել է հասկանալ իրենց գործողությունների շարժառիթը։ 5 հոգու անուն է գրված, բայց դրա տակ քա՞նի անուն կա։
Դատախազությունը չի՞ ուզում պարզել, թե ինչպես եղավ, որ 10 տարին մեկ մեր երկրի հիմքերը ցնցվում են, ու նույն անձինք մասնակից են գործընթացներին։ Չի՞ ուզում պարզել, թե ինչ կապ կա հոկտեմբերի 27-ի, 2008 թվականի մարտի 1-ի, 2018 թվականի հեղափոխության, 2020 թվականի պատերազմի, հզոր բանակի պարտության ու էսօր թուրքին հանձնված էս վիճակի մեջ։
Չի՞ ուզում դատախազությունը պարզել, թե այդ ինչու 1999 թվականին գլխավոր դատախազի պաշտոնն ուզող Ջհանգիրյանին 2021 թվականին նշանակեցին ԲԴԽ նախագահ ու ինչու էր ինքը աշխատում, որ հանկարծ Արցախն ազատագրած Քոչարյանը իշխանության չգա։ 1999 թվականին ուզում էին իշխանությունից հեռացնել, 2021 թվականին ամեն ինչ արեցին, որ իշխանության չգա։
20 տարի այս պերսոնաժները հոկտեմբերի 27-ի բացահայտման հարցն են շահարկում, 5 տարի իշխանության են, ոչ միայն ոչինչ չեն բացահայտել, այլև Վազգեն Սարգսյանի կյանքի գործը պրավալ տվեցին, սարքեցին հանուն ոչնչի, հանձնեցին թշնամուն։ Հիմա ի՞նչ եզրակացություն անենք։
Իսկ կարող ա՞ Հոկտեմբերի 27-ի ամբողջ նպատակը, շարժառիթն այն էր, ինչ տեսնում ենք մենք 2020 թվականի սեպտեմբերի 27-ից սկսած»:

***

Ավելի վաղ՝ Դատախազությունը հաղորդագրություն է տարածել «Հոկտեմբերի 27-ի» գործով, որը ներկայացնում ենք ստորև․

Այսօր լրանում է Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 24-րդ տարելիցը: ՀՀ գլխավոր դատախազությունը հաղոդագրություն է տարածել այդ գործով՝ 2022-2023 թվականների ընթացքում կատարված քննչական և դատավարական գործողությունների մասին. «1999 թվականի հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանի և մյուսների կողմից տեռորիստական ակտ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով (վարույթով) հանցավոր գործողություններին հնարավոր այլ մասնակիցների, դրանք կանխելու հնարավորություն ու պարտականություն ունեցած այլ պաշտոնատար անձանց, օգտագործված զենքերի ու ռազմամթերքի հետ առնչություն ունեցած անձանց պարզելու նպատակով՝ 2022-2023 թվականների ընթացքում հարցաքննվել կամ լրացուցիչ են հարցաքննվել մի քանի տասնյակ անձինք:

Վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացված որոշումների հիման վրա առգրավվել են բազմաթիվ պաշտոնատար անձանց անձնական գործեր, ինչպես նաև դեպքի վերաբերյալ հետաքրքրություն ներկայացնող քրեական վարույթներ, որոնք գտնվում են ուսումնասիրության փուլում:

Նախաքննության ընթացքում առգրավվել են գործի համար նշանակություն ունեցող բազմաթիվ տեսագրություններ և ձայնագրություններ, դրանցով նշանակվել են փորձաքննություններ, որոնք գտնվում են կատարման փուլում:

Ստացվել են դիմումներ և դրանց կից փաստաթղթեր, որոնց շուրջ հարցաքննվել են դիմումատուները, զննվել ներկայացված փաստաթղթերը:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու նպատակով առաջ են քաշվել մի շարք քննչական վարկածներ և դրանք ստուգելու նպատակով կազմվել է քննության պլան:

1999 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած տեռորիստական ակտի հանգամանքները պարզելու, ինչպես նաև գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու նպատակով կատարվում են վարութային և ապացուցողական գործողություններ»,- նշված է տեքստում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее