Թարմացված․ 2024 թվականի օգոստոսի 15 ին Տավուշի մարզի Բերդ համայնքի Վարագավան բնակավայրի վարչական ղեկավարից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 1-ին մասով, 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով, 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով, 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ՆԳՆ ոստիկանության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են նշված բնակավայրում կատարված զինված խուլիգանության և բռնությունների դեպքի քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, միջադեպին մասնակից անձանց ինքնությունը, ովքեր նույն համայնքի բնակիչներ են: Վարույթի շրջանակում վարչական ղեկավարը տուժող է ճանաչվել և ցուցմունք տվել դեպքի հանգամանքի շուրջ: Նախաքննության ընթացքում հարցաքննվել են վկաներ, կատարվել են դեպքերի վայրերի զննություններ, նշանակվել են դատաբժշկական, դատամատնադրոշմային, դատագենետիկական փորձաքննություններ: Քննությամբ պարզվել է, որ Վարագավան գյուղի 28-ամյա և Բերդ քաղաքի 27-ամյա բնակիչները, ովքեր, քննության տվյալներով, բարեկամական կապեր ունեն, փորձել են ուժի գործադրման սպառնալիքով լուծում տալ Վարագավան բնակավայրում բնակվող իրենց մեկ այլ բարեկամի խնդիրներին և այդ նպատակով այցելել են բնակավայրի վարչական ղեկավարի գրասենյակ, հանդիպել նրա հետ։ Վարչական շենքում տեղի ունեցած հանդիպումը վերածվել է վիճաբանության և կռվի, որից հետո Վարագավան գյուղի 28-ամյա բնակիչը դիմել է փախուստի: Վարչական ղեկավարն իր ավտոմեքենայով հետապնդել է վերջինիս, որի ընթացքում Իջևան-Բերդ հանրապետական նշանակության ավտոճանապարհին 56-ամյա տղամարդը, ով հանդիսանում է 27-ամյա երիտասարդի հորեղբայրը, ինչպես նաև նույն բնակավայրի 37-ամյա բնակիչը, վերջինիս կողմից վարվող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով, փակել են վարչական ղեկավարի ավտոմեքենայի ճանապարհը՝ այդպիսով փակելով նաև վերոգրյալ ճանապարհով երթևեկությունը: Այնուհետև, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, հաշվի չառնելով, որ գտնվում են հանրապետական նշանակության ավտոճանապարհին և իրենց գործողություններով խոչընդոտում են երթևեկությունը և անհանգստություն պատճառում ճանապարհով երթևեկող, ինչպես նաև՝ դեպքի վայրում հավաքված անձանց, նշված անձինք սկսել են հայհոյանքներ և սպանության սպառնալիքներ հնչեցնել վարչական ղեկավարի հասցեին և, փոխլրացնելով միմյանց գործողությունները, հարվածներ հասցրել նրան: Տեսնելով, որ ֆիզիկական ուժի գործադրմամբ չեն կարողանում ցանկալի մարմնական վնասվածքներ պատճառել նրան, 56-ամյա տղամարդը «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայից վերցրել է իր կողմից ապօրինի եղանակով ձեռք բերված, վիճաբանության ընթացքում վարչական ղեկավարին մարմնական վնասվածք պատճառելու նպատակով դեպքի վայր տեղափոխված հրազենը, փորձել է լիցքավորել, սակայն վերջինիս հաջողվել է խլել այն, որը հետագայում վարչական ղեկավարի կողմից ներկայացվել է իրավապահներին: Այնուհետև, ցանկանալով ամեն կերպ հասնել իր նպատակին՝ 56 ամյա տղամարդը փորձել է վարչական ղեկավարին վնասվածքներ հասցնել դանակով՝ այդ ընթացքում շարունակելով հայհոյել, սպանության սպառնալիքներ հնչեցնել, որի արդյունքում խաթարվել է հասարակական կարգը և խոչընդոտվել է հանրապետական նշանակության ավտոճանապարհի երթևեկությունը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում դեպքի օրը՝ ժամը 22:45-ին, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ՀՀ Տավուշի մարզի Բագրատաշեն բնակավայրում՝ պետական սահմանը հատելու պահին, 56-ամյա տղամարդը հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին: Վերջինիս ձերբակալելու որոշում է կայացվել: Միջնորդություն է ներկայացվել քրեական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 1-ին մասով, 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով, 335-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է, և նրան մեղադրանք է ներկայացվել: Միջնորդություն է ներկայացվել դատարան` վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ: Ավելի ուշ` օգոստոսի 16-ին, հանցանք կատարելու հիմնավոր կասկածի հիմքով, ձերբակալվել է նաև Բերդ համայնքի 37-ամյա բնակիչը: |
***
Այսօր՝ օգոստոսի 15-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում և ոստիկանության Տավուշի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վարագավան բնակավայրի վարչական ղեկավարի աշխատասենյակում ծեծկռտուք է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, իրավապահները պարզել են, որ ժամը 16։30-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչներ 28-ամյա Կալին Մանուչարյանը 28-ամյա Դավիթ Կարապետյանի հետ միասին գնացել են Վարագավան բնակավայրի վարչական ղեկավար 42-ամյա Արմեն Աբրահամյանի աշխատավայր, մտել նրա աշխատասենյակ և կենցաղային հարցերի շուրջ Կ․ Մանուչարյանն սկսել է զրուցել վարչական ղեկավարի հետ, զրույցն այնուհետև վերածվել է վիճաբանության, որի ժամանակ Կ․ Մանուչարյանը հայտնել է, որ գյուղի տերերը իրենք են ու սկսել է հայհոյանքներ հնչեցնել Ա․ Աբրահամյանի հասցեին, հարձակվել նրա վրա և հարվածներ հասցրել դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, ապա դիմել փախուստի։ Արդեն վիրավոր վիճակում Ա․ Աբրահամյանը իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով դեպի Վարագավանի միջնակարգ դպրոցի ուղղությամբ հետապնդել է նրան, այդ ընթացքում դպրոցին հարակից տարածքում Բերդ-Վարագավան ավտոճանապարհին վերջինս մեքենայի առջևը իր կողմից վարվող «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով փակել է Տավուշի մարզի բնակիչ 37-ամյա Կարեն Միրզոյանը և Կ․ Մանուչարյանի հորեղբայրը, Տավուշի մարզի բնակիչ 56-ամյա Արամ Մանուչարյանը, ով ուղևորի նստատեղից իջել է ձեռքին ունենալով ինքնաձիք, սկսել է հայհոյանքներ հնչեցնել Վարագավանի վարչական ղեկավարի հասցեին, որ կսպանի, ապա մարտական դիրքի է բերել ինքնաձիգը ու այդ պահին նրանց և Ա․ Աբրահամյանի միջև սկսվել փոխադարձ ծեծկռտուք, որի ընթացքում վարչական ղեկավարին հաջողվել է Ա․ Մանուչարյանի ձեռքից խլել ինքնաձիգը, որից հետո Ա․ Մանուչարյանը դանակով փորձել է հարվածել Ա․ Աբրահամյանին, որը նրան չի հաջողվել և Կ․ Միրզոյանը «Mercedes»-ով դիմել է փախուստի։ Ոստիկանները ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ Կ․ Մանուչարյանին, Ա․ Մանուչարյանին և Կ․ Միրզոյանին հայտնաբերելու ուղղությամբ։ |