▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ինչքա՞ն պետք է դեպքերը լինեն, որ հասկանանք՝ էդ բեռնատարները «քայլող մեռելներ» են»․ Արշակ Զաքարյան

Կինոռեժիսոր Արշակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Էս մի ամսվա մեջ երրորդ թե չորորդ մահվան ելքով ՃՏՊ-ն է
ЗИЛ մակնիշի բեռնատարի մասնակցությամբ։ Լավ, ինչքա՞ն պետք է դեպքերը լինեն, որ հասկանանք՝ էդ բեռնատարները «քայլող մեռելներ» են։ Քայլող բառն իզուր չգրեցի, իրականում դրանք մարդու քայլելուց արագ չեն էլ գնում, ինչը տեղով արդեն վտանգավոր է, էլ չասենք, որ դրանք ոչ մի տեխնիկական անվտանգության տեստ չեն կարող անցնել, արգելակ, լուսավորություն, «մանյովր կատարելու ունակություն և այլն»»։

Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

***

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սարսափելի ավտովթարը նույն ընտանիքի անդամների` երեխաների կյանքն է խլել։
Այս ավտովթարը միակը չէ ԶԻԼ-երի մասնակցությամբ։ Իրենց դարն ապրած այս գյուղամիջյան բեռնատարներին արգելեք համայնքային ճանապարհներից բացի այլ ճանապարհի վրա հայտնվելը։ Բացեք վիճակագրությունը և տեսեք, թե ինչպես ԶԻԼ-երը գիշերային ժամերին դառնում պատուհաս ճանապարհներին։ Իրենց դանդաղ շարժվելը, հետևի լուսարձակների բացակայությունը, կամ շատ թույլ լուսարձակները վարորդներին թույլ չեն տալիս ժամանակին նկատել և խույս տալ բախումից ․․․ Ինձ հետ քանի անգամ է պատահել, որ տուֆով բեռնված ԶԻԼ-ին բախվելուց մազից եմ պրծել․․․
ԶԻԼ-երի վարորդները թող չնեղանան, այդ բեռնատարները փորձանք են այսօր»:

***

Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 22:00-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոմայրուղու Զանգակատան հատվածում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, որի արդյունքում կան տուժածներ:

ՔԿ փոխանցմամբ, կատարված ստուգմամբ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 21:45-ի սահմաններում, «MERCEDES» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 70.5-րդ կիլոմետրի հատվածում բախվել է դիմացից ընթացող «ZIL» մակնիշի բեռնատարի հետնամասին, որի հետևանքով «MERCEDES»-ի ուղևորներից մեկը՝ 10 տարեկան աղջիկ երեխան, մահացել է տեղում, իսկ 3 ամսական տղան՝ «Արարատ» Բ/Կ տեղափոխելու ճանապարհին (վերջիններս վարորդի զավակներն են)։ Իսկ վարորդը և 2 ուղևորներ, որոնցից մեկը՝ վարորդի կինը, մյուսը՝ 5-ամյա դուստրը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն: Մոր վիճակը ծայրահեղ ծանր է, դստեր վիճակը՝ գնահատվում է ծանր։
Կոմիտեից տեղեկացնում են, որ դեպքի առթիվ սեպտեմբերի 2-ին ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Իրականացվել է դեպքի վայրի և վթարված ավտոմեքենաների զննություն: Ստուգվել է վարորդների սթափությունը և պարզվել է, որ նրանք գտնվում են սթափ վիճակում:

Նշանակվել են դիակների դատաբժշկական, ինչպես նաև ավտոտեխնիկական փորձաքննություններ։

Ավտովթարի հանգամանքները պարզելու նպատակով իրականացվում են անհրաժեշտ, անհետաձգելի քննչական և վարութային գործողություններ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее