Ամեն տարի աշխարհում կատաղությունից մահանում են տասնյակ հազարավոր մարդիկ: Վտանգավոր հատվածներն են պարանոցը, գլուխը, վերին վերջույթները, սեռական օրգանները: Հիվանդության աղբյուրներն են չղջիկները, առնետները, գայլերը, աղվեսները, նաև ընտանի կենդանիները՝ շները, կատուները: Ի տարբերություն չափահասների` երեխաների մոտ դեպքերն ավելի հաճախ են լինում:
Կատաղությունը սուր վիրուսային զոոնոզ հիվանդություն է, որն ախտահարում է կենտրոնական նյարդային համակարգը (ԿՆՀ): Կատաղությունը վիրուսային հիվանդություն է, որը կաթնասունների, ինչպես նաև մարդկանց մոտ հանգեցնում է գլխուղեղի բորբոքման:
Հայաստանում առավել հաճախ գրանցվում են շների հարձակման ու կծելու դեպքեր։ 2023թ. հոկտեմբեր-հունվար ամիսներին արձանագրվել է 6919 դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 1375-ով: Դրանցից՝ 3546 ընտանի շներ, 3253` թափառող շներ, 120` վայրի կենդանիներ: Ամենից հաճախ Երևանում՝ 2801 դեպք:
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկական օրթոպեդ-վնասվածքաբան Լիլիթ Պետրոսյանն առաջարկում է հետևյալ բուժական միջոցառումները՝ վերքը լվանալ օճառաջրով՝ հոսող ջրի տակ, ախտահանել ախտահանիչ լուծույթով, ստուգել օտար մարմնի առկայությունը (ատամ), վերքը չկարել, պատշաճ վիրակապել, անհրաժեշտության դեպքում նշանակել հակամանրէային բուժում, սահմանել հսկողություն, հստակ հետևել պատվաստման սխեմային:
Մանկական օրթոպեդ-վնասվածքաբանը շեշտում է՝ արգելվում է պատվաստանյութը ներարկել անոթի մեջ, նստամկանի մեջ, իմունոգլոբուլինը և կատաղության պատվաստանյութը խառնել մեկ ներարկչի մեջ, պատվաստանյութը չօգտագործել 6 ժամվա ընթացքում, եթե չեն պահպանվել +2°C – +8°C պայմանները: Կատաղության գաղտնի շրջանը կարող է տևել 1-3 ամիս: Ոչ սպեցիֆիկ ախտանշաններն են տենդ, գլխացավ, սպեցիֆիկ՝ ջրվախություն (հիդրոֆոբիա), լուսավախություն (ֆոտոֆոբիա), տագնապ, աննշան կամ մասնակի կաթված, անքնություն, տեսիլքներ, կոմա:
«Մահը վրա է հասնում սպեցիֆիկ ախտանիշների ի հայտ գալուց 2-10 օր անց: Եվ այս դեպքում նույնիսկ պատշաճ ինտենսիվ թերապիան ապարդյուն է: Այս խնդրի առաջացման դեպքում պետք է հիշել՝ կատաղության դեմ պատվաստումը հույժ կարևոր է, վերքը չի կարելի կարել, վերք(եր)ի տեղակայումը, խորությունը, մակերեսն ու քանակն ազդում է հետագա քայլերի վրա»,-նշել է նա։
Աղբյուրն՝ այստեղ