▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ է եղել Վազգեն Սարգսյանի սեյֆում

hraparak.am-ը գրում էՔանի դեռ բացահայտված չէ, թե ովքեր են 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճիրի կազմակերպիչները, քանի դեռ պատվիրատուներ-կազմակերպիչներ-կատարողներ շղթայի ոչ բոլոր օղակներն են հայտնի եւ, ըստ այդմ՝ պատժված, ոճիրի հետ կապված ամեն դրվագ ու մանրամասն է կարեւոր: Անգամ եթե հայ հասարակությունն այնքան կորցնի մեր պետականության դեմ ուղղված աննախադեպ այդ ոճրագործության հանդեպ հետաքրքրությունը եւ այլեւս պահանջատեր չլինի՝ ավելի ու ավելի խրվելով բարոյահոգեբանական վտանգավոր անտարբերության եւ նիհիլիզմի մեջ, անգամ այդ դեպքում աներեւույթ մի ուժ կհիշեցնի դրա մասին. որ ուրիշ ոչինչ չլինի՝ ժամանակ առ ժամանակ կյանքից հեռանում են 27-ի ոճրագործները եւ կամ նրանք, ովքեր որեւէ կապ են ունեցել ոճիրի նախապատրաստության եւ իրագործման հետ: Այնպես որ, ոճիրը մտահղացողներն այս հարցում էլ են չարաչար սխալվել, եւ իրականում 27-ը երբեք մոռացության չի տրվի, չնայած գործադրված բոլոր միջոցներին: Իսկ դրանք ոչ միայն պետական քարոզչամիջոցներով ասպարեզ նետվող թունոտ չարախոսություններն ու վարկաբեկելու փորձերն են (առանձնակի անթաքույց ու կոպիտ՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին), այլեւ հանրության շրջանում տարածվող անհեթեթ բամբասանքները, անապացույց մեղադրանքները եւ զրպարտանքները:

Վերջին շրջանում ոմանք հիշել են վարչապետ Վազգեն Սարգսյանի չհրկիզվող պահարանի պարունակությունը: Շատ կոնկրետ՝ տարածում են, իբրեւ այն, ինչ եղել է Վազգենի սեյֆում, հայտնի է մի մարդու, որն այսօր էլ բարձր պաշտոն ունի: Պետք է հիասթափեցնեմ նրանց, ովքեր, իրենց խելքով, «կոմպրոմատ» են գտել. բանն այն է, որ շրջանառության մեջ դրված եւ անապացույց «գաղտնի տեղեկությունը» պարզապես սուտ է, որովհետեւ ստույգ է, որ իրենց ակնարկած մարդը գտնվել է բոլորովին այլ վայրում եւ այլ հանձնարարությամբ, որ պատվով է կատարել:

Նախ ասեմ, որ ապատեղեկատվությունը խիստ ապաշնորհ են կազմել, անգամ հարկ չհամարելով ճշտել, որ Վազգեն Սարգսյանը 2 չհրկիզվող պահարան է ունեցել. մեկը՝ կառավարությունում, վարչապետի աշխատասենյակում, մյուսը՝ կառավարական ամառանոցում, որտեղ բնակվում էր: Կարծեմ, բոլորն են հասկանում, որ Վազգեն Սարգսյանի իրերի մեջ հույժ կարեւոր փաստաթղթեր կլինեին: Եվ այնուհետեւ էլ ինչպես նախաքննության, այնպես էլ պետական գաղտնիքի շրջանակներում գաղտնի է պահվել տեղեկությունը, թե ինչ է եղել Վազգեն Սարգսյանի չհրկիզվող պահարանում:

Բնականաբար, այդ տեղեկությունները երբեւէ կհրապարակվեն, երբ դրանք այլեւս վտանգ չեն ներկայացնի մեր պետականության համար եւ նախաքննական գաղտնիք էլ չեն լինի, որովհետեւ գործը բացահայտված կլինի: Բայց որոշ նրբություններ կարող ենք նշել՝ հենց շահարկումների ճանապարհը փակելու նկատառումով:

Վարչապետի չհրկիզվող պահարանում գտնվել են հիմնականում փաստաթղթեր. բացվել է քննիչների ներկայությամբ, եւ կասկածի տեղիք տվող հանգամանք իրականում չկա: Չհաշված մի «բայց», որը հրապարակման ենթակա չէ այս պահին, սակայն զրպարտության հերթական արտանետման դեպքում խոստանում ենք լույս սփռել նաեւ այդ «բայց»-ի վրա:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее