Գիտնականները պարզել են, որ տարեցների համար միջերկրածովյան դիետայի խիստ պահպանումը եւ գերվերամշակված մթերքներից խուսափելը, ինչպիսիք են չորահացերը, երշիկն ու չիփսերը, կարող է նրանց պաշտպանել տարիքային ֆիզիկական տկարություններից, ինչպես նաեւ՝ սրտի հիվանդություններից, գրում է Nutrients պարբերականը։
Ուսումնասիրելով 70+ տարիքային խմբում գտնվող մոտ 20 հազար տարեցի առողջական տվյալներ, մասնագետները նկատել են, որ այն դեպքում, երբ վերջիններս պահպանում են միջերկրածովյան դիետան եւ խուսափում են գերվերամշակված սննդից, պահպանում են մյուս ցուցումները, որոնք անհրաժեշտ են տարեցներին՝ կյանքի լավ որակ ունենալու համար, ապա նրանց մոտ տարիքային մի շարք հիվանդություններ, ինպես օրինակ ծերունական աստենիան, սրտի հիվանդությունները, ընդհանուր թուլության արտահայտումը, շարժողական խնդիրները եւ այլն, ավելի քիչ են հանդիպում։ Միաժամանակ՝ նրանց մոտ հիպերտոնիկ խնդիրները եւս ավելի քիչ է հանդիպում։
Հիշեցնենք, որ միջերկրածովյան դիետան ներառում է իր մեջ մեծ քանակությամբ մրգեր, բանջարեղեն, բուսական յուղ, ընկուզեղեն, չափավոր քանակությամբ ձուկ, միս եւ ծովամթերք։