Սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած ասուլիսում Իդրամ ընկերությունը հայտարարել է, որ բացում է իր QR ենթակառուցվածքը այլ ֆինանսական կառույցների համար։ Այսուհետ 22.000-ից ավելի վաճառակետերում տեղադրված Իդրամ QR-ը կարող են իրենց հավելվածներով սքանավորել նաև Իդրամ միասնական QR-ի ենթակառուցվածքին միացած բոլոր ֆինանսական կազմակերպությունների՝ Բանկերի և վճարահաշվարկային ընկերությունների հաճախորդները։ Այս պահին Իդրամ միասնական QR-ի ենթակառուցվածքին միացել են Evocabank-ը, Fast Shift-ը, Upay-ը, EasyPay-ը և Converse Bank-ը։
Իդրամ ընկերության տնօրեն Արսեն Քդենյանը շեշտում է, որ նշված հինգ ընկերություններն արդեն իսկ պատրաստ են միանալ բաց QR ենթակառուցվածքին, իսկ ֆինանսական համակարգի մյուս գործընկերների հետ ընթանում են բանակցություններ։ «Հատկանշական է, որ Իդրամի բաց QR ենթակառուցվածքին պատրաստակամություն է հայտնել միանալ նաև Armenian Card ընկերությունը, ինչը նշանակում է, որ միասնական ջանքերով կձևավորվի ազգային QR ենթակառուցվածք։ «Սա նշանակալի իրադարձություն է Հայաստանի ֆինանսական շուկայի համար, քանի որ բոլոր այն ֆինանսական կառույցների հաճախորդները, որոնք կմիանան ենթակառուցվածքին, հնարավորություն կունենան իրենց իսկ ֆինանսական հավելվածներով սքանավորել Իդրամի QR-ը և վճարել ավելի քան 22.000 վաճառակետերում», - ասել է Արսեն Քդենյանը։
Արմենիան Քարդ ընկերության տնօրեն Վարդան Խաչատրյանի խոսքով՝ «Իդրամ» ընկերության կողմից մշակված միասնական QR համակարգը կարևոր քայլ է երկրի անկանխիկ վճարումների զարգացման գործում։ «Արմենիան Քարդ ՓԲ ընկերությունը, որն արդեն իսկ հանդիսանում է ազգային վճարային համակարգ, սպասարկելով 2.5 միլիոն քարտ և ավելի քան 80,000 տնտեսվարող, այժմ ստանձնում է բաց QR համակարգի անդամ վճարահաշվարկային համակարգի մասնակիցների փոխգործելիության ապահովման տեխնոլոգիական ենթակառուցվածքի և միասնական քլիրինգային կենտրոնի դերը։ Արմենիան Քարդ ընկերությունը, համատեղելով Իդրամի այս նորարարությունը իր ծրագրային և տեխնիկական լուծումներին, պատրաստ է աջակցել նորարարական վճարային տեխնոլոգիաների զարգացմանը՝ ապահովելով առավել հարմար, արագ և անվտանգ վճարումներ։ Այս նախաձեռնությունը կնպաստի նաև երկրի թվային էկոհամակարգի զարգացմանը՝ ստեղծելով փոխգործելի վճարային ցանց, որը կնպաստի տնտեսության ընդլայնմանը և անկանխիկ մշակույթի ամրապնդմանը», - նշել է ընկերության տնօրեն Վարդան Խաչատրյանը։
Իդրամի կոմերցիոն տնօրեն Գրիգորի Յոլյանի խոսքով՝ ենթակառուցվածք ասելով նկատի ունեն ոչ միայն տեխնիկական լուծումը, այսինքն՝ հնարավորությունը, որ այլ Բանկերի կամ ֆինանսահաշվարկային կազմակերպությունների օգտատերերն իրենց հավելվածներով կարողանան սքանավորել Իդրամ QR-ը։ «Մենք նկատի ունենք նաև ֆինանսական կառույց-գործընկերների, առևտրային կետեր-գործընկերների հետ հարաբերությունների, տեխնիկական հարցերի կարգավորման, ինչպես նաև հաճախորդների աջակցման մեխանիզմների ստեղծում և կատարելագործում։ Մենք հոգացել ենք, որ ենթակառուցվածքն աշխատի անխափան և սպասարկի գնալով աճող վճարումների ամբողջ ծավալը», - ասել է Գրիգորի Յոլյանը։
«Evoca-ն առաջին բանկն է, որը միացել է Open QR նախագծին։ Այսուհետ մեր հաճախորդները կարող են կատարել վճարումներ այն բոլոր կետերում, որտեղ գործում է Իդրամը՝ պարզապես սքանավորելով Իդամի QR-ն իրենց EvocaTOUCH հավելվածի QR բաժնից։ Այս համագործակցությունն ապացուցում է, որ մեր հաճախորդներն ու նրանց հարմարավետությունը մեզ համար առաջնային նշանակություն ունեն»,- նշել է Evocabank-ի Վարչության նախագահի տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը։
«Open QR-ը բաց համագործակցության առաջին փորձն է Հայաստանի ֆինանսական շուկայում, ինչը շատ ողջունելի է։ Fast Shift-ը վճարահաշվարկային ընկերություններից առաջինն է միացել Open QR-ին և նպաստելու է այս գաղափարախոսության տարածմանը։ Մենք կլինենք բաց ու վստահելի գործընկերության և հաճախորդակենտրոն գործելաոճի մշակույթն արմատավորելու առաջատարներից», - ասել է «Ֆասթ Շիֆթ» ընկերության գործադիր տնօրեն Իրինա Գասպարյանը։
«Մենք ուրախ ենք միանալ Իդրամ ընկերության այս նախաձեռնությանը, հաշվի առնելով մեր ռազմավարությունը, որն ուղղված է Upay էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի փորձառության շարունակական բարելավմանը։ Արագ և անհպում վճարումներն այսօր ժամանակի հրամայականն են դարձել և միանալով այս նախագծին՝ մենք ևս մեկ քայլ ենք կատարում՝ մեր հաճախորդներին տրամադրելու արագ և հասանելի վճարային լուծումներ։ Կարծում եմ՝ «Բաց QR» ենթակառուցվածքի շուրջ համագործակցությունը թույլ կտա նոր վճարային էկոհամակարգ ստեղծել Հայաստանում», - ասել է «Յուփեյ» ընկերության տնօրեն Հասմիկ Գևորգյանը։ («Յուփեյ» ընկերությունը հիմնադրվել է Ucom-ի կողմից)
«Մեր ընկերության համար այս համագործակցությունը կարևոր է, քանի որ այսուհետ մեր հաճախորդները կկարողանան easywallet էլդրամապանակի միջոցով QR վճարումներ կատարել արդեն իսկ բավականին մեծ ցանցում։ Առհասարակ, սա ևս մեկ քայլ է դեպի open banking (ինչի կայացման ուղղությամբ ակտիվորեն աշխատում է ՀՀ ԿԲ-ն), քանի որ open QR-ի շրջանակներում չկան իմ և քո հաճախորդներ, ընդհակառակը՝ հաճախորդը բոլորինն է, իսկ ֆինանսական ընկերությունները պետք է ջանան վերջիններիս ներգրավել ճկուն, խելացի լուծումների և սակագնային քաղաքականության միջոցով։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Իդրամ ընկերությանը՝ նման ռազմավարական որոշման և շուկայում բաց մտածելակերպի մշակույթը խթանելու համար», - ասել է «Իզիփեյ» ընկերության տնօրեն Մհեր Գալստյանը։
«Կոնվերս Բանկը՝ ելնելով հաճախորդների կարիքներից, քայլելով ժամանակի պահանջներին համահունչ, աստիճանաբար ընդլայնում է թվային հարթակներում մատուցվող ծառայությունների ցանկն ու գործիքակազմը, ներդնում նոր հնարավորություններ՝ հաճախորդների ֆինանսական կյանքը դարձնելով ավելի հարմարավետ: Այս համագործակցության շնորհիվ նրանց հասանելի վճարային լուծումները կհամալրվեն ևս մեկով», - նշել է Կոնվերս բանկի ՏՏ և թվայնացման դեպարտամենտի տնօրեն Բենիամին Թադևոսյանը:
Իդրամի Բաց/Open QR ենթակառուցվածքին միացած ընկերությունների հետ ստորագրվեցին համագործակցության հուշագրեր։ Իդրամ ընկերությունից տեղեկացնում են, որ Հայաստանում գործող Բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների համար բաց են համագործակցության համար։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ