ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանին բերման ենթարկելու որոշում է կայացվել՝ նրան դատարան ներկայացնելու հիմքով։
Որոշումը կայացվել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ։
Դատարանը մեկ որոշում է ֆորմալիզմի դաշտ մտնել, մեկ՝ ոչ ֆորմալիզմի դաշտ մտնել, մեկ՝ որոշում է Քրեական դատավարության օրենսգրքի նորմերից այլ նորմերով առաջնորդվել, մեկ որոշում է Քրեական դատավարության օրենսգրքի հարմար նորմերն օգտագործել: Այս մասին դատարանի դիմաց հայտարարեց Հրայր Թովմասյանի պաշտպան Արամ Օրբելյանը։
Փաստաբանը հիշեցրեց, որ Հրայր Թովմասյանին դատարանը հեռացրել է վարույթից և չի ծանուցել դրանից հետո տեղի ունեցող նիստերի մասին, նաև ինքը՝ որպես պաշտպան չի ստացել որոշ ծանուցումներ, քանի որ այլ հասցեով էր դատարանն ուղարկել։
Օրբելյանը նկատեց, որ դատարանը փոստի միջոցով չի ուղարկել ծանուցումը Հրայր Թովմասյանին, նաև փորձ չի արել ՍԴ-ից ճշտել Հրայր Թովմասյանի էլեկտրոնային փոստի հասցեն, որով ծանուցում են ՍԴ դատավորին։
Փաստաբանը հիշեցրեց, որ դատավորը իրեն հանձնարարել է ապահովել Հրայր Թովմասյանի մասնակցությունը, ինչի պարտավորություն և հնարավորություններ ինքը չունի և հրաժարվում է ոչ ֆորմալ գործողություններից որովհետև այն կարող է օգտագործվել իր դեմ։
Նշելով, որ առանց ՍԴ-ի համաձայնության չի թույլատրվում ՍԴ դատավորին բերման ենթարկել՝ Օրբելյանն ասաց. «Մեր գնահատմամբ, ոչ իրավաչափ որոշում է կայացվել, որովհետև ծանուցելու ողջամիտ գործընթաց տեղի չի ունեցել, ամենատարածված եղանակով՝ փոստով ծանութցում չի արվել։
Ստացվում է, որ անընդհատ դրոշակ դարձնելով ողջամիտ ժամկետում Հրայր թովմասյանի դատական քննության իրավունքը՝ կասկածի տակ են դնում մնացած բոլոր անձանց իրավունքները։ Սա ակնհայտորեն իրավական պետության, իրավունքի գերակայության ընկալման հնարավորություն չի տալիս։ Պնդելով, թե չծանուցված անձը չներկայանալով դատարան չարաշահում է իր իրավունքը՝ ողջամիտ չէ։ Որպեսզի անձը չարաշահի իրավունքը, պետք է ունենա այդ իրավունքը»։