▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկ Դեմոյանի ահազանգը 8-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի դասագրքի վերաբերյալ

Պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը.

«ԳՐԱԽՈՍԱԿԱՆ
հանրակրթական դպրոցի 8-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի դասագրքի վերաբերյալ
2023 թ. տարեվերջին հանրային մեծ հնչեղություն ստացավ պատմական գիտությունների թեկնածու Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած հանրակրթական դպրոցի «Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագրքի կապակցությամբ արտահայտված մասնագիտական քննադատությունը: Բազում ու բազմապիսի հակագիտական ու հակամանկավարժական տարրեր պարունակելու պատճառով այն շրջանառությունից հանելու հայտարարությամբ հանդես եկան հարյուրավոր գիտնականներ, մանկավարժներ ու այլ մասնագիտության տեր քաղաքացիներ: Այդ ընթացքում ԿԳՄՍ նախարարությունն ի դեմս նախարար Ժաննա Անդրեասյանի, ակնհայտ իրողությունները, սխալներն ու արված դիտողությունները զանց առնելով, լուրջ կոռուպցիոն ռիսկեր պարունակող քայլերի դիմեց` այդ կերպ փորձելով ընդդիմանալ հանրային հուժկու բողոքին ու դասագիրքը հետ կանչելու հիմնավոր պահանջին: Արձանագրվեց նաև դասագիրքը քննադատող պաշտոնյաների, մանկավարժների ու ուսուցիչների դեմ վարչական ռեսուրսի կիրառմամբ զազրելի ահաբեկումների դեպքեր:
Ինչպես տեսնում ենք, նույնիսկ այսպիսի բողոքի ալիքից հետո, ԿԳՄՍ նախարարությունը շարունակում է հավատարիմ մնալ կոռուպցիոն գործելաոճին ու զեղծարարություններն ամեն գնով պաշտպանելու քաղաքականությանը: Այս անգամ էլ պատմության դասագրքի կազմումը վստահվել է Սմբատ Հովհաննիսյանին` երկու համահեղինակներով` Ալա Խառատյան, բանասիրական, դոցենտ և Զարուհի Հակոբյան, արվեստագիտության թեկնածու դոցենտ: Դասագրքի սրբագրիչը Գոհար Ամիրբեկյան է: Խոտանված 7-րդ դասարանի պատմության դասագրքի խայտառակ պատմության մեջ անմասն չէր նաև «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամը:
Ըստ մամուլում հայտնված տեղեկությունների, 8-րդ դասարանի դասագիրքը մի քանի անգամ ենթարկվել է փոփոխությունների ու սրբագրումների: Լուրջ կասկած կա առ այն, որ ԳԱԱ պատմության ինստիտուտի կողմից դասագրքի վերաբերյալ արված դիտողություններն ու առաջարկությունները զարտուղի ճանապարհով հայտնվել են դասագրքի հեղինակների մոտ, ովքեր տպագրությունից առաջ կատարել են ուղղումներ, որոնք համապատասխանում են ինստիտուտի տրամադրած դիտողություններին: Առկա է նաև պատմության ինստիտուտի հայտարարությունը, որով փաստացի դասագիրքը կազմողներին և ԿԳՄՍ նախարարությանը մեղադրվում են գրագողության մեջ:
Այս գրախոսությունը գրվել է դասագիրքի տպագիր տարբերակն ընթերցելուց հետո, որտեղ առնվազն երեք ուղղումներ են կատարվել` էլեկտրոնային տարբերակում տեղ գտած վրիպակների փաստը տողերիս հեղինակի կողմից հանրայնացնելուց հետո: Առնվազն հինգ անգամ սրբագրումների փուլով անցած այս դասագրքի տեքստը լի է բազմաթիվ տեխնիկական ու բովանդակային սխալներով:
Սա բացարձակապես աններելի ու անընդունելի փաստ է:
Դասագիրքի սկզբնամասում կարդում ենք, որ այն համապատասխանում է ՀՀ կառավարության 2024 թվականի փետրվարի 4-ի no. 134-Ն որոշմամբ ընդունված հանրակրթական պետական չափորոշիչին: Դասագիրքը ստեղծվել է «Մասնակցային դպրոց» ԿՀ միջգիտակարգային նախագծի շրջանակում: Նախագծի ղեկավարն է քաղաքագետ Վահրամ Սողոմոնյանը:
Ինչպես նախորդ` խոտանված դասագրքի դեպքում, այստեղ ևս կարդում ենք հետևյալ տարօրինակ ձևակերպումը` «Դասագրքում բովանդակային և տեխնիկական խնդիրներ հայտնաբերելու դեպքում կարող եք նամակ գրել հետևյալ էլփոստին info@masnakcayin.org»:
Շատ հետաքրքիր է, թե ընդամենը 110 էջ ծավալ և երեք համահեղինակներ ու սրբագրիչ ունեցող դասագիրքը ինչու՞ պետք է ունենա գեթ մեկ սխալ կամ վրիպակ: Ձևակերպումն այնպես է տրված, կարծես թե սխալներ ու թերություններ նկատողը նախ հեղինակներից պետք է ներողություն խնդրի, ապա շնորհակալություն հայտնի նկատված անճշտություններն ուղղելու համար:
ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒ ԲԱՑԹՈՂՈՒՄՆԵՐ
Դասագրքի առաջաբանում կարդում ենք. «Պատմության ըմբռնումը ենթադրում է ավելին, քան տարեթվեր անգիր անելը», ապա «Պատմությունը սոսկ առանձին իրադարձությունների շարք չէ, որոնք տեղի են ունենում ըստ կոնկրետ տարեթվերի. այն մարդկային փորձառությունների, դրդապատճառների ու հետևանքների բարդ հյուսվածք է»( էջ 3): Այսպիսի վեհ մտքերից հետո կարդալով դասագրքի բովանդակությունը հանգում ես այն մտքին, որ հեղինակներն այնուամենայնիվ չեն խուսափել այդ կաղապարներից և բոլոր փորձերը պատմության դրվագներն այլ տեսանկյունից դիտարկելու, լուսաբանելու ու մատուցելու ուղղությամբ հաջողության չեն մատնվել:
Էջ 39 Կիլիկիայի հայկական պետության գործակալությունների ուղղակի թվարկումից զատ, որ դասագրքի հեղինակները բացարձակ հետամուտ չեն եղել քաղաքակրթական փոխառնչությունների թեմայի մատուցումն էլ ավելի խորացնելուն, որպեսզի դրանք գոնե համապատասխանեն դասագրքի վերնագրերի ու ենթավերնագրերի մեջ տեղ գտած ձևակերպումներին ու եզրույթներին: Կիլիկյան Հայաստանի մասին նշվում է. «Նրա (՞) սոցիալ-տնտեսական կառույցները համադրում էին հայկական, արևմտաեվրոպական խաչակրաց և բյուզանդական ավատատիրական հարաբերություններին բնորոշ գծերը»: Սոցիալ-տնտեսականից զատ կարևոր էր վերլուծել քաղաքական ու պետական համակարգի սերտ կապերը ժամանակի եվրոպական պետությունների պետական համակարգերի հետ: Դա է վկայում հայ թագավորների թողարկած դրամներն ու զինանշանային համակարգը, որոնց հիմնատարրերի վրա ընդհանրապես ուշադրություն չի դարձվել դասագրքում:
Դասագրքում բացակայում է հայկական դրամի կիլիկյան ակունքները ներկայացնելու նախապատմությունը, այնպես ինչպես չի մեկնաբանվել ու անհրաժեշտ ձևով մատուցվել կիլիկյան դրամների վրա պետական զինանշանի ու դրա իմաստային հիմնատարրերի ներկայացումը:
Ոչ համարժեք մոտեցում է ցուցաբերվել պատմաբանների անունները հիշատակելու դեպքում: Այսպես, էջ 78-ում հիշատակություն կա ամերիկահայ պատմաբան Սեպուհ Ասլանյանի կողմից հայ վաճառականներից մեկի կնոջ` Աննա Խաթունի մազափնջով նամակի հայտնագործության մասին: Որևէ առարկություն չունեմ այս առումով և սա թերություն չեմ համարում: Սակայն հարց է առաջանում, թե ինչու՞ չի հիշատակվում իտալահայ պատմաբան Գաբրիելա Ուլուհոջյանի անունը, ով հայտնաբերել է դասագրքի 59-րդ էջում հիշատակվող Երեմիա Քյոմուրճյանի կազմած բացառիկ քարտեզը` իտալական գրադարաններից մեկում: Ստացվում է պարզ խտրականություն կամ ոչ բարեխիղճ աշխատանք դասագրքային տեքստի հետ:
Ոչ մի տեղ չի հիշատակվում 19-րդ դարի երկրորդ կեսի և 20-րդ դարասկզբի հիմնական պատկերագրական միավորը` “Ոգի Հայաստանի” կամ «Մայր Հայաստան»-ի այլաբանական պատկերը և դրա իմաստային նշանակությունները: Այս խորհրդանշան-կերպարը արևմտահայ ու արևելահայ աշխարհները միավորող ու կամրջող հիմնական պատկերագրական նմուշն էր, որը դարձել էր պետականության վերականգման համազգային իղձերի ու նպատակների գլխավոր մարմնացումը:
Դասագրքի ժամանակագրական փուլի ավարտը համարվում է 20-րդ դարի սկիզբը, այդուհանդերձ, որևէ իրադարձություն 1900-ականներից չի հիշատակվում դասագրքի էջերում: Ճիշտ կլիներ նշել մինչև 19-րդ դարավերջ:
Քաղաքակրթական առնչութոյւնների համատեքստում մոռացվել են Բյուզանդական կայսրությունում հայերի ունեցած դերի ու նշանակության մասին հիշատակումները, հատկապես կառավարման ու ռազմական գործի մեջ:
Դասագրքում որևէ անդրադարձ չկա պատմության արձանագրման կարևորության ու եղանակների մասին: Այսպիսի կարևոր կրթադաստիարակչական ու մանկավարժական մոտեցման պարագայում աշակերտներին հնարավորություն կտրվեր յուրովի արձանագրել տեղի ունեցող զարգացումները և տալ մեկնաբանություններ, դրանք դարձնել քննարկման ու բանավեճի առարկա:
Դասագրքում գեթ մեկ տողով չի հիշատակվում ամերիկահայ գաղութի մասին, որն արդեն 19-րդ դարի վերջում կայացած ու զարգացող համայնք էր:
Դասագրքում միայն վերնագրային մակարդակում է հիշատակվում կայսրությունների պայքարի մասին, այնինչ բուն տեքստում տիրապետող է մնում սովետական շրջանից մնացած հայեցակարգային մոտեցումներն ու պատմագիտական գնահատականները:
ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐ
Դասագրքում հանդիպում ենք լեզվական և մասնագիտական խրթին ձևակերպումներ, որոնք լուրջ վերանայման ու վերաշարադրման կարիք ունեն: Այսպես.
«Ակնառու գործիչների գործունեություն» արտահայտությունը տեքստում հանդիպում ենք մի քանի տեղ:
էջ 11 «Սելջուկն ու իր ժողովուրդն իսլամ ընդունեցին»
էջ 12 «Սելջուկյան պետության ղեկավար Տուղրիլը»
էջ 18 «Տիգրան Հոնենց եկեղեցի»: Եկեղեցին կառուցվել է Անիի մեծահարուստներից մեկի` Տիգրան Հոնենցի ծախսով, սակայն այն կոչվում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ կամ Տիգրան Հոնենցի եկեղեցի, տես նաև էջ 44 և 55
Էջ 23 «Հատված Սևանավանքի դռան պատկերից»
Էջ 25 անհասկանալի է, թե ինչու՞բուն տեքստում «Արաբական տիրապետության շրջան» ձևակերպումը մեծատառով է:
Էջ 25 «Կիլիկիայում հայերը շատ արագ դարձան գերակշռող բնակչություն` քաղաքականապես գերազանցելով (՞) հույներին, ասորիներին, արաբներին և հրեաներին»:
Էջ 26 Գող Վասիլի մասին հիշատակելիս, արժեր բացատրել, թե վերջինս ինչու է ստացել «Գող» մականունը` հաշվի առնելով մերօրյա արատավոր բարքերը:
101-102 համատարած Աշխարհացույցը հիշատակվում է երկու տեղում. մի տեղում նշվում է տպագրության դարը, մյուս տեղում` թվականը:
Էջ 55 «Գանձասարի եկեղեցու թմբուկը»: Ճիշտ տարբերակը` Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտչի տաճարի թմբուկը
Էջ 38 գլուխներից մեկում աշակերտներին առաջարկվում է գնահատել ունիթորների և հակաունիթորների պայքարը, այնինչ այս եզրույթներն ու դրանց նշանակության բացատրությունը բուն տեքստում լիովին բացակայում է:
Էջ 80 լուսանկարի բացատրագիր «Կամավորական դրոշ»: Ճիշտ տարբերակը` կամավորական ջոկատի դրոշ
Էջ 51 «Զաքարյանների օրոք շատացան աշխարհիկ իրավունքի նորմերը»: Շատացան բառն այստեղ այնքան էլ տեղին չի:
Էջ 64 «Շահագործվում էին նաև կրոնական հակասությունները. Պարսկական վերնախավը դավանում էր իսլամի շիա, իսկ օսմանյանը` սուննի»: Նախադասությունն անավարտ է, հետևաբար` անհասկանալի:
Էջ 67 առկա է «Լևանտյան առևտուր» ձևակերպումը, սակայն չի բացատրվում «Լևանտ» եզրույթը, դրա ծագումնաբանությունն ու իմաստը:
Էջ 53 «ցորենի գործողություններ»՞
Էջ 86 «օսմանյան սուլթանություն»՞
Էջ 107 «20-րդ դարի սկզբին Հայոց եկեղեցին պայքար է մղել ցարական իշխանության վարած հակահայ քաղաքականության դեմ` Մկրտիչ Ա Խրիմյանի գլխավորությամբ: Ազգային գույքը վերադարձվել է 1905 թ.»: Սա վատ խմբագրական աշխատանքի ու հապճեպ արված կրճատման արդյունք է: Գույքի բռնագրավման կապակցությամբ դասագրքում որևէ հիշատակություն բացակայում է:
Էջ 108 ահա այսպիսի մի նախադասություն` «Մխիթարյաններն իրենց երկրորդ կենտրոնն են հիմնում Ավստրիական կայսրությունում, այսօր` Վիեննայում»: Աներևակայելի է, թե ինչպես կարող է նման ձևակերպում տալ դասագրքի հեղինակներից մեկը, ով պատմական գիտությունների թեկնածու է:
Էջ 82 գրված է այսպես. «1804 թ. Ռուսաստանը ներխուժեց Գանձակ»:
Էջ 92 «Ղրիմից գաղթած չերքեզներ»: Հայտնի է, որ Կովկասյան պատերազմի ընթացքում և դրանից հետո լեռնականների զգալի մասը լքեց Կովկասը և հաստատվեց Արևմտյան Հայաստանում և Անատոլիայում: Չերքեզները չէին կարող Ղրիմից գալ, քանի որ բնակվում էին Կովկասում և, ընդհանրապես, չերքեզ հավաքական անվան տակ հասկացվում էին բոլոր կովկասյան լեռնաբնակները: Հեղինակները թերևս չերքեզներին շփոթել են Բալկաններից եկած մուհջիրների հետ:
Էջ 103 գրված է. «Սայաթ Նովան հայերենից բացի, գրել է հարավկովկասյան այլ լեզուներով»: Սա, ինչ խոսք, աներևակայելի նորամուծություն է լեզվաբանության ու աշխարհագրության մեջ: Հետաքրքիր է իմանալ, թե այդ ո՞ր լեզուներն են հեղինակները համարում հարավկովկասյան և քանիսն են դրանք:
Դասագրքի վերնագրերում շատ մոդայիկ բառերի ու ձևակերպումների օգտագործումը ավելի շատ ցուցափեղկային են, քան բովանդակային և ավելի շատ հիշեցնում են 2000-ականներին շատ մոդայիկ համաժողովների ու վեհաժողովների վերնագրային բառապաշարը:
Էջ 104-րդ էջում խոսվում է 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի հայ ճարտարապետների մասին` հիշատակելով նրանց անունները հետևյալ կերպ «Թորոս Թորամանյանը, Հովհ. Քաջազնունին, Գ. Տեր-Միքելովը»: Նկատեցի՞ք արդյոք, որ երեքի անունները տարբեր ձևերով են ներկայացված: Սակայն այստեղ մեկ ուրիշ խնդիր ևս կա. հիշատակված անուններից Բաքվում և Թիֆլիսում նշանակալից նախագծեր է իրականացրել միայն Գաբրիել Տեր-Միքելովը: Հիշատակությունից դուրս են մնացել Նիկոլայ Բաևի, Պավել Զուրաբյանի, Ղազարոս Սարկիսյանի, Վասիլի Միրզոյանի և մյուսների անունները:
Էջ 105-ում նշված է. «Հայ արվեստի հետաքրքրական երևույթներից էր նաև գեղարվեստական հախճապակին»: Հեղինակները, չգիտես թե որ տրամաբանությամբ, խուսափել են հիշատակել Քոթահյայի հախճապակու հայկական ինքնության մասին, այնինչ Իզնիկի անվան տակ թուրքերը օրնիբուն զբաղված են դրա հանրահռչակմամբ որպես թուրքական մշակութային երևույթ: Դասագրքում հայատառ արձանագրութոյւն կրող հախճապակե որևէ իրի լուսանկար չկա:
ՏԵՍՈՂԱԿԱՆ ՆՅՈՒԹԻ ՈՉ ԼԻԱՐԺԵՔ ՄԱՏՈՒՑՈՒՄ
Ինչպես և նախորդ դասագրքում, այս մեկում ևս կրկին կաղում է տեսողական նյութի մատուցումը, որը հատկապես պատմության առարկայի դասավանդման դեպքում խիստ կարևոր է` առարկայի հանդեպ հետաքրքրություն առաջացնելու տեսանկյունից: Խառնիճաղանջ այն խայտառակ տեսողական շարքը, որը մատուցվել էր 7-րդ դասագրքում և արժանացել էր խիստ քննադատության, որոշակիորեն վերանայվել է, սակայն անմասն չի մնացել սխալներից ու աններելի վրիպակներից:
էջ 10-11 Նորավանք, Գոշավանք վանական համալիրները ներկայացված են հենց այս կերպ` առանց դարաշրջանի ու հավելյալ տեղեկությունների
էջ 14 - Մակարավանքից Զաքարյանների ենթադրյալ զինանշանի փոխարեն կարելի էր ներկայացնել Գեղարդավանքի Պռոշյան իշխանների դամբանատան զինանշանը` երկու առյուծներով:
էջ 15 Վրաց Դավիթ Շինարարի լուսանկարի տակ նշված է Շիո Մղվիմե վանք, առանց մասնավորեցնելու, թե որտեղ է գտնվում այդ վանքը և որմնանկարը: Նույնը նաև տեսնում ենք Թամարա թագուհու լուսանկարի պարագայում: Հիշատակված է Բեթանիայի Սուրբ Աստվածածինը, սակայն աշակերտների համար անհասկանալի կմնա դրա գտնվելու վայրը:
Դասագրքում ներառված քարտեզների հեղինակները նշված չեն և դա անընդունելի մոտեցում է: Հաշվի առնելով որոշ գիտնականների անունների հիշատակումը դասագրքում, ապա կարելի էր նշել նաև երջանկահիշատակ պրոֆեսոր Բաբկեն Հարությունյանի անունը, ով այդ քարտեզների հեղինակն է: Տեխնիկական առումով համարյա բոլոր քարտեզները կարելի է խոտան համարել, քանզի փոքր չափերի պատճառով դրանցում առկա տեքստային նյութը բացարձակապես անընթեռնելի է և որևէ տեղեկություն սովորողը չի կարող ստանալ այդպիսի քարտեզներից, որոնք ավելի շատ տարբեր գույների անհասկանալի համադրմամբ պատկերներ են հիշեցնում, քան Հայաստանի աշխարհագրական դիրքի տեղայնացմանը նպաստող միջոց:
Էջ 24 Այստեղ տեղադրված Կիլիկյան Հայաստանի պետական զինանշանը չունի որևէ բացատրագիր: Այնինչ այդ բացատրագիրը, ինչպես նաև ժամանակի եվրոպական զինանշանային ժողովածուներում հայկական առյուծի ընդգրկումը ներկայացնող պատկերներն առավել տպավորիչ կլինեին աշակերտների համար:
Էջ 43 Լևոն Մեծագործի նամակը Իննոկենտուս Գ պապին: Լուսանկարի ոչ տեքստն է կարդացվում, ոչ էլ արքայական ոսկե կնիքն է տեսանելի; Այն կարևոր տեղեկություններ կարող էր հաղորդել արքայական հագուստի, զինանշանի ու տարբերանշանների մասին:
Էջ 49 Մակարավանքի հուշկապարիկի լուսանկարը ներկայացված է որպես սֆինքս, այնինչ բուն տեքստում հիշատակվում է որպես հուշկապարիկ:
Էջ 51 Սանահինի կամուրջի լուսանկարի բացատրագիրը թերի է: Արժեր, որ հիշատակվեր կառուցման ժամանակը և կառուցողի` Վանենի թագուհու անունը, այնպես ինչպես հիշատակվում են բերդերի ու եկեղեցիների կառուցողների անունները: Կրկին խտրականություն կանանց պարագայում:
Էջ 61 19-րդ դարի անհայտ եվրոպացի հեղինակի Մայր տաճարի լուսանկարը ներկայացված է առանց որևէ հղման:
Էջ 65 Նոր Ջուղայի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին ներկայացված է առանց կառուցման թվականը հիշատակելու:
Դասագրքում միօրինակության սկզբունք չի մշակվել տարբեր պատմական դեմքերի ծննդյան ու մահվան կամ կառավարման տարեթվերը ներկայացնելիս: Նույն փնթի աշխատաոճն է կիրառվել թվականների ու հատուկ անունների կրճատման դեպքում:
Վենետիկի Սուրբ Ղազար կղզում գտնվող Մխիթարյան միաբանության թանգարանային հավաքածուների նմուշներին հղումներն արվել են չորս տարբեր, նույնիսկ` Ս. Ղազար վանք տեսքով:
Էջ 54 դասագրքում հիշատակվում է հայերեն ամենամեծ ձեռագիրը` Մշո Ճառընտիրը, առանց թվագրման ու մատյանի էջերի լուսանկարի:
Էջ 79 Շահամիր Շահամիրյանցի տպագրած «Որոգայթ փառաց»-ի բացատրագիրը տրված է ամենայն մանրամասնությամբ, այնինչ հենց կողքին զետեղված «Նոր տետրակ, որ կոչի հորդորակի» բացատրագիրը զուրկ է նման տեղեկություններից:
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎՐԻՊԱԿՆԵՐ
Էջ 37 Լևոն Հինգերորդի տապանաքարի բացատրագրի վրիպակն ուղղվել է էլեկտրոնային տարբերակում առկա սխալի մասին հիշատակելուց հետո
Էջ 40 եկեղեցական բառը գրված է «եկեղացական»
Էջ 44 վերլուծել բառը գրված է «վելուծել»
Էջ 47 դասագրքեր բառը գրված է «դասագրքրեր»
Էջ 53 բանաստեղծություն բառը գրված է «բանասստեղծություն» ձևով
Էջ 64 տեքստում մամլյուք բառը գրված է երկու տարբեր ձևերով` «մամլուք» և «մամլյուք»
Էջ 72 «…և ապահովել Ռուսաստանի նկատմամաբ հայ ժողովրդի բարեհաճությունը»: Սխալ է գրված նկատմամբ բառը:
Էջ 95 «ՀՅԴ հիմանդիրներ» սխալն ուղղվել է իմ դիտողությունից հետ
Էջ 91 Կոստանդնուպոլսի բառը գրված է «Կոսանդնուպոլսի» ձևով
Էջ 101 վարժարանների բառը գրված է «վարժանների»
Էջ 105 Հակոբ Հովնաթանյանի ծննդյան և մահվան թվականները նշված են (1692-1757): Կոպիտ սխալ է: Ճիշտ տարբերակն է` (1806-1881):
Էջ 53 և 57 շարականների ու գանձերի` ծիսական արարողությունների ժամանակ օգտագործելու մասին նախադասությունն ու միտքը կրկնվում են:
Էջ 97 «Ուրբաթագիրք, առաջին հայերենով տպագրված գիրք, 1512, Վենետիկ» այս ձևակերպումն առկա էր դասագրքի էլեկտրոնային տարբերակում և ուղղվել է մեր դիտողությունից հետո
Դասագրքի էջերում կետադրական ու այլ տեխնիկական վրիպակներին չենք անդրադարձել, քանի որ դրանք համատարած են:
Եզրակացություն
Չնայած այն հանգամանքին, որ դասագրքի հեղինակները ներկայացրել էին իրենց հիմնական նպատակադրությունը տարեթվերի ու միապետերի անունների հիշատակումից բաղկացած պատմություն չմատուցելու առումով, այդուհանդերձ դասագրքի տեքստային մասը հար նման է հին դասագրքերի շարադրանքին` տեղ տեղ համեմված նոր մեջբերումներով ու պատկերագրական նյութով: Գլխավոր հարցերից մեկը մնում է առկախված. ինչպե՞ս կարելի է մեկ ժողովրդի ու նրա պետականության հազար տարվա պատմությունն ամփոփել ընդամենը 110 էջի սահմաններում:
Արձանագրենք, որ խորհրդահայ պատմագիտության սահմանած ձևակերպումներն ու մեթոդական մոտեցումները տակավին չեն հաղթահարվել ու վերաիմաստավորվել: Հեղինակները փորձել են դասագրքի տեսողական նյութը հագեցնել եկեղեցական ու հոգևոր թեմաներին վերաբերող նյութերով, նվազ տեղ տալով աշխարհիկ թեմաներին: Բացարձակապես տեղ չի տրվել առօրեականության պատմության ներկայացմանը, հայկական զինվորի սպառազինությանը, բանակի կազմին, պետականության խորհրդանշանների մատուցմանն ու դրանց մեկնաբանմանը: Ենթադրաբար հոգևոր թեմային առավել շատ տեղ տալը պայմանավորված է եղել Հայ եկեղեցու պատմության դասագրքի շրջանառությունից հանելու փաստը մեղմացնելու ձգտումով: Կրկին մի ամբողջ հարյուրամյակ դասագրքում ներկայացվում է երկու անհատների գործունեության մանրամասնություններով: Խոսքը Իսրայել Օրիի և Հովսեփ Էմինի մասին է:
Ռուսական արձագանքը Արևելյան Հայաստանի «բռնակցման» ձևակերպման կապակցությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության փութաջան արձագանքը նախադեպը չունեցող խայտառակություն է: Նախարարի լռությունն ու նախարարության անհոդաբաշխ բացատրություններն այս առումով որևէ քննություն չեն բռնում ու աններելի են: Դասագրքում խիստ վիճելի եզրույթի օգտագործումն ու երրորդ երկրից եկած հանդիմանության արդյունքում բուն տեքստում նույն օրը փոփոխություններ կատարելը վկայում է նաև մեր երկրի խոցելիության ու կառավարման համակարգի լիակատար փլուզման մասին: Գործ ունենք պարզունակ ու գավառական ստրկամտության հետ: Դե իսկ Սմբատ Հովհաննիսյանն այստեղ հակասում է հենց իրեն.չէ, որ ըստ նրա, «դասագիրքը վիճելի պատմական հարցերի տիրույթ չի»: Առանց հավելյալ մեկնաբանությունների:
Բուն տեքստի և գլուխների վերջում զետեղված հարցաշարերի միջև տրամաբանական կապի բացակայությունը, խիստ սահմանափակ տեղեկատվությունը, այսպիսի դասագրքով հնարավորություն չի տրվում աշակերտին ճիշտ ու հիմնավոր վերլուծություններ անել, էլ ուր մնաց սեփական կարծիքը հայտնել դեպքերի, զարգացումների ու անհատ գործիչների ծավալած գործունեության վերաբերյալ
Հանուն արդարության պետք է նշենք, որ համեմատած 7-րդ դասարանի պատմության դասագրքի, որը լիակատար խայտառակություն է ու ենթակա է խոտանման, 8-րդ դասարանի պատմության դասագիրքը աղաղակող սխալներով, անճշտություններով ու տեխնիկական թերություններով հանդերձ, համեմատելի չէ: Այնուամենայնիվ սա ամենևին չի խոսում 8-րդ դասարանի դասագրքի արժանիքների մասին:
Դասագիրքն այս տեսքով չի կարող կիրառվել հանրակրթական դպրոցներում և լուրջ սրբագրումների ու շտկումների կարիք ունի: Այսպիսի նոր ֆիասկոյի համար պատասխանատվությունը կրում է ԿԳՄՍ նախարարությունն ու առաջին հերթին նախարար Ժաննա Անդրեասյանը, «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամը և պատմության դասագիրքը «ծայրից ծայր կարդալ» խոստացող, սակայն իր խոսքն ավանդաբար դրժող Նիկոլ Փաշինյանը: Դե իսկ պատմաբան Սմբատ Հովհաննիսյանի պարագայում սա կարելի է համարել մասնագիտական երկրորդ սև թուղթը:
Կրկին կոռուպցիոն ռիսկեր, կրկին պետությանը հասցված զգալի նյութական վնաս: Կրկին չենք ունենա մեղավորներ, բայց կունենանք անպատժելիության տիրապետող զգացում, ինչը վաղուց մեր իրականության անբաժանելի ուղեկիցն է…
Հայկ Դեմոյան
պատմական գիտությունների դոկտոր
10.09.2024 թ.»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее