▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայը հոգնել է հայ լինելուց»․ Տեր-Պետրոսյանը մեջբերում է Մաթևոսյանի գրքից

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ֆեյսբուքյան էջում հրապարակում է արվել, որտեղ, մասնավորապես, գրված է.

«Ընթերցելով «Վիլհելմ Մաթևոսյան. Վերջին էջեր» գիրքը

Վերջերս իմ մտերիմ ընկերներից մեկը՝ գրականագետ Երվանդ Տեր-Խաչատրյանն ինձ նվիրեց 2024թ. իր կողմից կազմված «Վիլհելմ Մաթևոսյան, Վերջին էջեր» վերնագիրը կրող գիրքը, նվիրված մեծատաղանդ արվեստագետ, փիլիսոփա Վիլհելմ Մաթևոսյանի հիշատակին: Վերջինս հայտնի է XX դարի ականավոր հայ նկարիչների՝ Հակոբ Կոջոյանի, Մարտիրոս Սարյանի ու այլոց նվիրված մենագրություններով և համաշխարհային հռչակ վայելող օտարերկրյա նկարիչների մասին գրված հոդվածներով:

Իմ նպատակը չէ անդրադառնալ նրա գիտական վաստակին, ինչն արվեստագետների գործն է, այլ Մաթևոսյանի արտահայտած մտքերին՝ բազմաչարչար հայ ժողովրդի՝ դարերի ընթացքում կրած տառապանքների վերաբերյալ: Այս առումով բավական է ծանոթանալ խնդրո առարկա գրքի հետևյալ հատվածին.

«1 փետրվարի, 1981, Երևան

Ի՞նչ մեղադրես հային (հայ ժողովրդին), որ երեխայի թաթից բռնած տանում է օտարի լեզվով, ո՛չ հայկական դպրոց, որ նա ոչ միայն տիրություն չի անում, այլև անխնա ավերում, փչացնում է իր պատմական ճարտարապետության ոսկեքար հուշարձանները, որ նա գանձ գտնելու նպատակով քանդում քամուն է տալիս իր մեծ նախնիների մնացած շիրիմները (տարիներ առաջ այդպես էին վարվել Մխիթար Գոշի շիրիմի հետ ևս), որ նա կեղտոտ բամբասանքներ է տարածում (այն էլ ինչպիսի՜ սիրով) իր հանճարների ու տաղանդավորների հասցեին, որ նա արագորեն, վերջնականապես մոռանում է սեփական երգ-երաժշտությունը (որի անցյալից, նույնիսկ մոտիկ անցյալից առանց այն էլ անարատ կամ մոտավորապես անարատ մեզ չնչին բան է հասել) և փոխարենը ընդունում (այն էլ ինչպիսի՜ հափշտակությամբ) ուրիշինը (մեծ մասամբ վատը, էժանը, ռաբիսայինը), որ…, որ…, որ…, որ…, որ… Ի՞նչ մեղադրես, որ այսօրվա հայ ժողովրդի մեջ այսպես կոչված հայադավաններն ու ազգային արժանապատվություն ունեցողներն էլ 99%-ով նեղմի՜տ, պլպլան կոշիկ հագած տրեխավո՜ր, թշվառականորեն մեծամի՜տ, ուրիշի լավի հանդեպ կո՜ւյր, արած գործում անորա՜կ, ծիծաղելիորեն ճղճղացո՜ղ նացիոնալիստներ կամ գրեթե նացիոնալիստներ են (բայց, մեծ մասամբ, առիթի դեպքում դավաճանության պատրաստ,— դե նացիոնալիստի հայրենասիրությունն ի՞նչ պիտի լինի): Թերևս դա անկում-անհետացում ապրող ժողովրդի համար օրինաչափ է…

Ակնհայտորեն՝ հայը հոգնել է հայ լինելուց (իհարկե սոսկալի դժվար է հայ լինելը), էլ չի կարողանում տանել հայ լինելու տառապանքը, ուզում է մոռանալ իր հայ լինելը և վերացնել հայը հիշեցնող ամեն ինչ… Ուզում է մոռանալ՝ իրենից անկախ, ինքնաբերաբար, ենթագիտակցորեն, մի տեսակ բնազդով… որովհետև երբեմն-երբեմն, սթափ եղած վիճակում, հիվանդագին ծղրտում, մորթվողի պես ճղճղում, կուրծք է ծեծում թե՝ «ես հա՜՛յ եմ»… …Երևի հայ լինելը հային չի թողնում մարդ (բնության գավակ մարդ, մյուս ազգությունների մարդկանց նման մարդ) լինել… Համ էլ, երևի, մաշվել է հայը: Ախր շա՜տ է հին: Երևի պատմության արենայից դուրս գալու ժամանակն է,— ողբերգակա՛ն ժամանակը: Ժամանակն է, թե ժամանակը չէ՝ արդեն, ակնհայտորեն, դուրս է գալիս: Եվ դուրս գալուն անխուսափելիորեն ուղեկցող բոլոր հիվանդագին, ճղճիմ, գյադայական բազմերանգ դրսևորումներով: Գոնե մի փոքր ասպետաբա՞ր դուրս գայինք: Չէ՞ որ հնարավոր է մի քիչ նամուսով դուրս գալը (բայց, գուցե, հնարավո՞ր չէ…): Խե՜ղճ Թումանյան, խե՜ղճ Չարենց…»:

Առաջին հայացքից կարող է թվալ, թե մենք գործ ունենք հուսալքված հանճարի՝ պահի տակ պոռթկած մտատանջության կամ, Չարենցի խոսքով՝ «ուղեղային մորմոքի» հետ: Իրականում, սակայն, սա ոչ թե հուսալքության նշան է, այլ ապագայում նույն սխալները չկրկնելու հրամայականի անհրաժեշտ գիտակցում»։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее