▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի նախագահի ամանորյա ուղերձը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ամանորյա ուղերձը.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Ամանորի կապակցությամբ:

Անցնող տարին հագեցած էր բազում նախաձեռնություններով ու իրադարձություններով, բայց ամենակարեւորը, կարծում եմ, Հայաստանի տնտեսական վերելքին եւ անվտանգության մակարդակի բարձրացմանը միտված` խորը գիտակցված աշխատանքն էր: Մենք ավելի սերտացրինք Հայաստանի տնտեսական, քաղաքական ու ռազմական համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ, իսկ գալիք տարի, վստահ եմ, կդառնանք Մաքսային միության լիիրավ անդամ: Հայաստանը ստեղծում է նոր իրականություն, որտեղ լինելու է ավելի պաշտպանված եւ ավելի մրցունակ:

Մենք շարունակեցինք եւ հետեւողականորեն շարունակելու ենք բարեփոխումների մեր ճանապարհը: Այստեղ մեր համագործակցությունը Եվրոպայի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ոչ միայն չի թուլանալու, այլեւ խորանալու է: Մեր նպատակն անփոփոխ է, եւ ուզում ենք, ի դեմս Հայաստանի, տեսնել արդիական պետություն՝ ամուր հասարակական հարաբերություններով եւ կայացած իրավական համակարգով:

Խոստովանենք, որ անցնող տարին նաեւ փորձությունների տարի էր: Չնայած բոլոր դժվարություններին` մեզ հաջողվեց իրականություն դարձնել աշխատավարձերի եւ կենսաթոշակների պարբերական բարձրացման` խոստացված քաղաքականությունը: Մենք գտանք հիմնարար լուծումներ, որոնք կգործեն ոչ միայն գալիք տարի:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Անշուշտ, Ամանորն իր հետ բերում է նոր հույսեր, նոր սպասումներ ու ծրագրեր: Համոզված եմ, որ այդ հույսերի եւ ծրագրերի իրականացումը մեր ձեռքբերումն է: Յուրաքանչյուր ընտանիք ունի իր ակնկալիքները, իր ծրագրերը, իր հոգսերն ու իր երջանկությունը: Ոմանք սպասում են բանակից որդու վերադարձին, ոմանք՝ իրենց օջախի շինարարության ավարտին են լծվել, ոմանք՝ նորածին մանկան ճիչն ու բերկրանքն են ակնկալում եւ այսպես շարունակ: Մաղթում եմ, որ Հայաստանի ամեն մի ընտանիք նոր՝ 2014 թվականին կարողանա կյանքի կոչել իր երազանքները: Յուրաքանչյուր երջանկացած ընտանիք հավաքականորեն ավելի ուժեղ է դարձնում մեր երկիրը, ավելի լավատես է դարձնում մեզ բոլորիս:

Ցանկանում եմ, որ լավատեսական տրամադրություններով եւ լուրջ ծրագրերով մտնենք 2014 թվական. առավել եւս, դրա հիմքերն ունենք, եւ դրանք մեզնից յուրաքանչյուրի մեջ են: Ինչպես տրամադրվենք ու աշխատենք, այնպիսի արդյունքներ էլ կունենանք:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ավանդույթի համաձայն՝ այսօր մենք բաժակ ենք բարձրացնելու հայրենիքի զինվորների համար, ովքեր այս պահին ցրտաշունչ լեռներում հսկում են սահմանները: Պաշտպանում են իրենց ու մեր լեռները: Պաշտպանում են իրենց ու մեր երազանքները: Պաշտպանում են հաղթանակած երկիրն ու ազգային իղձերը:

Չեմ կասկածում, մենք մեր վարքով ու աշխատանքով արժանի ենք լինելու նրանց ու մեր բարձր նպատակներին: Շենացնելու ենք մեր գյուղերն ու քաղաքները, ծաղկեցնելու ենք մեր հողի ամեն մի քառակուսի մետրը, օտար եզերքներից տուն ենք վերադարձնելու մեր հարազատներին: Մենք դա կարող ենք եւ անելու ենք միասին: Իսկ նոր տարին մեզ հաղորդելու է նոր լիցքեր եւ կրկնապատկված եռանդ:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ նաեւ Արցախի եւ Սփյուռքի մեր բոլոր հայրենակիցներին: Առանձնահատուկ շնորհավորանքներ եմ հղում սիրիահայ մեր եղբայրներին ու քույրերին, ովքեր անցնում են ծանր փորձությունների միջով: Նրանց ցավը բոլորիս ցավն է: Այս տոնական օրը աղոթենք ու հավատանք, որ վաղը՝ գալիք 2014 թվականին, նրանց սպասվում են խաղաղություն եւ հաջողություն: Եվ նրանց երջանկությունը նույնպես լինելու է բոլորինս:

Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին եւ համայն հայությանը մաղթում եմ ամենայն բարիք: Առողջություն ձեզ, ձեր զավակներին ու ձեր ծնողներին:

Շնորհավո՛ր Ամանոր եւ գալիք Սուրբ Ծնունդ»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее