ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը եզրակացություն է հրապարակել «Արցախ միություն» ՀԿ նախագահ Արտակ Բեգլարյանի բողոքի կապակցությամբ։
Բեգարյանը խնդրել էր ուսումնասիրել «Առաջին ալիքի» լուրերի մայիսի 24-ի եւ հունիսի 6-ի թողարկումներում հեռարձակված երկու ռեպորտաժները, որոնք պատմում էին ընդդիմադիր հավաքներին մասնակցության համար գումար բաժանելու դեպքով հարուցված քրեական վարույթների մասին։ Ըստ Բեգլարյանի՝ ռեպորտաժներում անհարկի շեշտադրվել է ենթադրյալ հանցագործների արցախյան ծագումը եւ կատարվել է ընդհանրացում՝ դրանով բացասական վերաբերմունք հրահրելով Արցախի ժողովրդի հանդեպ այն անձանց շրջանում, որոնք բացասաբար են վերաբերվում ընդդիմադիր շարժմանը: Բացի դրանից, Հանրայինի ռեպորտաժում հնչող արցախյան բարբառով խոսակցությունն ուղեկցվում է ռուսական ռուբլու թղթադրամների կապոցի պատկերով, թեեւ խոսակցությունը ՀՀ դրամի մասին է։ Այս հնարքով եւս, ըստ դիմումի, լրատվամիջոցը փորձել է արհեստական կապ ստեղծել «ղարաբաղցիների հանցավոր արարքի» ու Ռուսաստանի միջեւ՝ սրանով եւս լրացուցիչ բացասական վերաբերմունք է գեներացվել «ղարաբաղցիների» ու հավաքի հանդեպ:
Մեկ այլ՝ հունիսի 6-ի «Գներն ընկնում են. միտինգին մասնակցելու համար՝ 5 հազար դրամ» վերնագրով ռեպորտաժում կրկին հեռարձակվել է արցախյան բարբառով հեռախոսազրույց, որտեղ «վննաման» (արցախյան բարբառով՝ կոշիկ) բառը ենթագրերում ներկայացվել է «վերցնել»՝ նկատի ունենալով փող վերցնելը։ Սրանով, ըստ դիմումատուի, էականորեն խեղաթյուրվել է խոսքի բովանդակությունը՝ կրկին բացասական վերաբերմունք հրահրելով արցախցիների նկատմամբ:
Դիտորդ մարմնին տված պարզաբանման մեջ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը նշել է, որ նշված ռեպորտաժներում Հանրայինը նույնությամբ հեռարձակել է Քննչական կոմիտեից ստացված պաշտոնական հաղորդագրությունները։
Քննելով դիմումը՝ Դիտորդ մարմինը վճռել է, որ թեեւ Հանրայինը հեռարձակել է ՔԿ պաշտոնական հաղորդագրությունը, այդուհանդերձ, դա նրան չի ազատում լրագրողական էթիկայի նորմերին հետեւելու պարտավորությունից։ Ուստի, հեռարձակելով վերոնշյալ բովանդակությունը, հեռուստատեսությունը խախտել է իր ստորագրած էթիկայի կանոնագրի մի շարք կետեր։ Մասնավորապես, խախտվել է մասնավոր կյանքի անձեռնմխելիությանը հետեւելու պահանջը (հանցանքի մեջ մեղադրվող անձանց ձայնը հեռարձակվել է առանց փոփոխելու), արցախյան ծագմամբ անձանց հանդեպ բացասական կարծրատիպեր են տարածվել՝ ավելի խոցելի վիճակի մեջ դնելով նրանց։ Հեռուստատեսությունը չի հեռացրել ռեպորտաժի ֆեյսբուքյան հրապարակման ներքո ատելության խոսք, բռնություն եւ օրենքով արգելված այլ գործողություններ քարոզող, ակնհայտ վիրավորանք պարունակող բազմթիվ մեկնաբանությունները։ Խախտվել է նաեւ կանոնագրի այն կետը, որը սահմանում է, որ նյութին ուղեկցող լուսանկարները համապատասխանեն իրականությանը։
ԴՄ-ն հույս է հայտնել, որ արցախցիների կամ ցանկացած այլ խմբի հանդեպ կանխակալ վերաբերմունք արտահայտող նման սայթաքումներ հետագայում տեղ չեն գտնի Հանրային հեռուստատեսության եթերում:
Հանրային Հեռուստաընկերությունը պետք է Դիտորդ մարմնի եզրակացության՝ խախտմանը վերաբերող հատվածներն առանց մեկնաբանությունների հրապարակի իր կայքում։