Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը․ «Եկեղեցու մասին խոսակցություններում հաճախ է բերվում երջանկահիշատակ Վազգեն Առաջին Կաթողիկոսի օրինակը, որպես անբասիր հովվապետի, եթե բնորոշեմ համառոտ:
Համարձակվեմ եզրակացնել, որ սա գերազանցապես մանիպուլյատիվ բնույթի օրինակ է, անկախ այդ օրինակը բերող անձանց մղումներից:
Մանիպուլյատիվ է, որովհետեւ խոսքը բոլորովին այլ պետական, հասարակական-քաղաքական, տեղեկատվական, հոգեբանական, մտածողական միջավայրում եղած օրինակի մասին է: Այդ միջավայրում եկեղեցու եւ հոգեւորականի նկարագրի «տերը» Խորհրդային պետությունն էր:
Կասկածու՞մ եք, որ, այսօրվա տեղեկատվական, մտածողական եւ արժեքային միջավայրում Վազգեն Առաջինին վերագրվելու էին այդ միջավայրից սերող բոլոր արատները եւ անպայմանորեն գտնվելու էին տասնյակ, եթե ոչ հարյուր հազարավորներ, որոնք անկախ այդ վերագրումների հավաստիությունից կամ հավաստիության աստիճանից՝ «կուլ էին տալու» հրամցվող որեւէ պրոպագանդա, ինչպես այսօր:
Սա ամենեւին այն մասին չէ, որ այսօր ՀԱԵ բարձրաստիճան հոգեւորականությունը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ղեկավարությամբ, անբասիր է, պարզապես պրոպագանդայի զոհ:
Բոլորովին: Հայաստանում քչերը կլինեն հանրային դաշտում, որ իմ չափ խոսել կամ գրել են այն մասին, որ Հայ Առաքելական եկեղեցու ղեկավարությունը սերտաճել է այն համակարգի հետ, որ կառավարել է Հայաստանը ավելի քան երկու տասնամյակ:
Բայց, միեւնույն ժամանակ, այդ ամենի մասին խոսելով կամ գրելով, զուգահեռ մշտապես շեշտադրել եմ ՀԱԵ բացառիկությունը՝ որպես ինստիտուտ, եւ կարեւորությունը՝ թե պետական, թե ազգային խնդիրների համատեքստում:
Եվ այդ կարեւորության գիտակցումը պահանջում է, որ ՀԱԵ խնդիրը չենթարկեցնենք անձնային չափանիշների, այլ գնահատենք ինստիտուցիոնալ-համակարգային իրողությունների համատեքստում, այդտեղ դիտարկելով պատճառահետեւանքային կապերը:
Իսկ այդ համատեքստում, էական է այն, թե ինչ պետական միջավայրում է գործում եկեղեցին, ինչպիսի արժեհամակարգային, գաղափարական, մշակութաբանական անկյունաքարեր են դրվում այդ պետականության հիմքում:
Հասարակական-քաղաքական առաջնորդող խմբերի, մտավորականների ֆունկցիոնալ տարբերությունը՝ մեդիասպառող քաղաքացիներից, հարցերը այդ հարթություններ տեղափոխելն ու այդտեղ քննարկելն է, այլ ոչ թե կամա, թե ակամա պրոպագանդիստական մանիպուլյատիվ հնարքներին տրվելն ու անձնային չափորոշիչների ու չափանիշների տուրք տալը»։
|