ԱԼՏ հեռուստաընկերությունը հաղորդել է, որ առավոտյան Արմավիրի կենտրոնական ավտոկայանում իրարանցում էր: Արմավիրի հասարակությունը զրկվել էր իր ազատ տեղաշարժվելու սահմանադրական իրավունքից: Խնդիրն այն էր, որ Արմավիր-Երևան երթուղային գիծը սպասարկող Գալակտիկա Տրանս ՍՊԸ երթուղային գնացուցակը թողնելով նույնը՝ 400 դրամ, բարձրացրել էր վարորդների օրվա պլանային գումարը:
Հեռուստաընկերության աղբյուրների փոխանցմամբ, երկու օր առաջ Գալակտիկա Տրանս ՍՊԸ տնօրինությունը 17000 դրամ պլանային օրվա գումարը բարձրացրել է 3500 դրամով, որից վարորդները դժգոհել, սակայն համակերպվել էին:
Մեկ օր անց, վարորդներին առաջարկվել էր աշխատել 25000 դրամ օրվա պլանով,ինչի հետևանքով նրանք հրաժարվել էին դուրս գալ երթուղի, իսկ ուղևորները կուտակվել էին ավտոկայանում: Հայտնվելով անելանելի դրության մեջ կեսօրին տնօրինությունը վարորդներին առաջարկել է մինչև սեպտեմբերի 1-ը աշխատել 22000 դրամով, իսկ սեպտեմբերից 25000 դրամով: Վարորդները ընդառաջ գնալով ուղևորներին, այնուամենայնիվ այսօր դուրս են եկել երթուղի, սակայն չեն բացառում, որ առաջիկայում նորից գործադուլ կկազմակերպեն: