Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում
Առավոտ․am-ը գրում է․ «Մի քանի օր է՝ համացանցում շրջանառվում է տեսանյութ, որտեղ Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Փանիկ գյուղի վարչական ղեկավար Գևորգ Սալնազարյանը սիրո խոստովանություն է անում իր սիրած կնոջը՝ ասելով, որ վաղուց չի խոսել նրա հետ, կարոտել է։ «Մեռնե՜մ ես քո սրտին, սիրում եմ քեզ անչափ, անսահման, իմ թանկագին, իմ միակ, իմ կյանքի արև, ուզում եմ գրկել, համբուրել քեզ»,- գրական հայերենով ու ականջահաճո, ռոմանտիկ ձայնով ասում է վարչական ղեկավարը՝ մի պահ տպավորություն թողնելով, թե բանաստեղծություն է արտասանում։
Տեսանյութը նկարահանված է վարչական ղեկավարի առանձնասենյակից՝ աշխատանքի ժամին, ու սա առիթ է տվել տարածողներին գրելու, թե «տեսեք ինչով է զբաղված Նիկոլի գյուղապետը աշխատանքի ժամին»։
Տեսանյութի տակ բազում մեկնաբանություններ են հրապարակվել, օգտատերերից շատերն իրենց զարմանքն են հայտնել, թե ինչո՞ւ են մտել մարդու անձնական կյանք, հիշեցրել, որ անձնական կյանքը պաշտպանված է սահմանադրորեն, և այն տարածելն անամոթություն է, վարչական ղեկավարին խորհուրդ են տվել դատի տալ։
Ոմանք հարց են հղել, թե սա բանաստեղծությո՞ւն է՝ ձոնված սիրելի կնոջը, մեկ ուրիշն արձագանքել է՝ ո՞ր գյուղապետն իրավունք չունի սիրելու, գուցե կնո՞ջն է ուղղված։ «Կարևորը ռոմանտիկ է, այ նախանձներ», -գրել է օգտատերերից մեկը։ Վարչական ղեկավարին նաև հարց է ուղղվել. «Տեսնես ո՞ւմ ես վատություն արել, որ նման բան են շրջանառել»։ Քչերն են, որ քննադատել են Գևորգ Սալնազարյանին։ Ընդամենը մեկն է, որ գյուղացիներին խորհուրդ է տվել ազատվել նրանից։ Մի քանիսն էլ հումորային գրառումներ են կատարել՝ վարչական ղեկավարին հիշեցնելով տարիքը։
Առավոտ․am-ը չէր անդրադառնա անձնական կյանքին վերաբերող այս թեմային, եթե տեղեկություններ չստանար, որ Արթիկի համայնքապետարանում քննարկվելու է Գևորգ Սալնազարյանի հետագա պաշտոնավարման հարցը․ մեր այս տեղեկությունը հաստատել են համայնքապետարանից։
Առավոտ․am-ը տեսանյութի շուրջ պարզաբանում խնդրեց հենց Փանիկի վարչական ղեկավար Գևորգ Սալնազարյանից։ Նա մեզ հետ զրույցում ասաց, որ սարքել են իր գլխին։ «Հիմա ինչ է մարդու գլխին սարքելը, ուրիշ բաներ էլ են փորձել սարքել։ Չգիտեմ՝ ով ու ինչու է ուզում ինձ վարկաբեկել, ես 13 տարի շարունակ ծառայել եմ փանիկցիներին, այնքան բան եմ արել իմ համագյուղացիների համար։ Չեմ ուզում իմ անձնական կյանքը հանրայնացնել, բայց թող իմանան՝ իմ խոսքերը ուղղված են կնոջս»։
Մեր հարցին՝ ո՞վ կարող էր տարածել իր առանձնասենյակում նկարահանված տեսանյութը, վարչական ղեկավարն ասաց․ «Չգիտեմ՝ ովքեր են տարածողները, այլապես համապատասխան գործընթաց կսկսեի նրանց դեմ»։ Մեր այն հարցին էլ, թե դուք կուսակցակա՞ն եք, գրում են՝ «Տեսեք ինչով է զբաղված նիկոլական գյուղապետը», նա չպատասխանեց։ Նկատենք, որ օգտատերերը նաև հարց էին տվել՝ «Ի՞նչ կապ ունի Նիկոլն այստեղ»»։
Նյութը՝ սկզբնաղբյուրում