▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էզոթերիկ սինեմա կամ Փարաջանովի «Դա Վինչի կոդը»

Հեղինակ՝ Լուսինե Հովհաննիսյան

Լեոնարդո Դա Վինչիի «Մոնա Լիզայի» թեմայով կոլլաժների միտքը Սերգեյ Փարաջանովը հղացել է բանտում` հետևելով բռնավորներից մեկի մեջքին դաջված Ջոկոնդայի «շարժումներին», երբ բանտարկյալն աշխատելիս է եղել: Անսպառ երևակայության տեր Փարաջանովի կոլլաժները, ինչպես և ֆիլմերը, միևնույն թաքնագիտական լեզվով են '' նկարահանված», իսկ ֆիլմերը միևնույն էզոթերիկ լեզվով գրված կոլլաժներ են:
Այս տողերն արդեն գրել էի, երբ Լևոն Աբրահամյանի «Заметки о поэтике Параджанова»* հոդվածում կարդացի, որ Փարաջանովը կոլլաժը համարել է «спрессованный фильм»՝ սեղմ ֆիլմ: Կոլլաժները, ինչպես և Փարաջանովի ֆիլմերի կադրերը, խիտ ինֆորմացիա են կրում, եթե միայն ի զորու ես կարդալ: 
Երբ փոքր էի, արդեն չեմ հիշում, թե Սովետական Հայաստանի հեռուստատեսության ո՛ր ալիքով` Սերգեյ Փարաջանովի  «Նռան գույնն» էին ցուցադրում. տարօրինակ, լռին կադրեր, կենդանի անշարժ կտավներ...
Ոչինչ չհասկանալով, բացի այն, որ ֆիլմը Սայաթ-Նովային է նվիրված, այդուամենայնիվ՝ մի անբացատրելի ակնածանք, եթե ոչ` երկյուղ էի զգում այդ ֆիլմից: 
Տարիներ անցան. ու ես ավելի շատ բան իմացա աշխարհի, տիեզերքի, թաքնագիտության, հնչյունների ու գույների աշխարհի, աստված-չաստվածների, մարդ-չմարդկանց, և էլի շատ ու շատ բաների մասին...
Մի օր էլ մտքովս անցավ նորից նայել  «Նռան գույնն» ու ... ապշահար եղա. կադր` կադրի հետևից ես ոչ թե նայում էի ֆիլմը, այլ, թող մեծամիտ չհնչի, տիեզերական նկարազարդ մի ալբոմ էի թերթում, և ամեն մի թերթի վրա եղածն այնքա՛ն հարազատ էր ու հասկանալի...
Ու ինձ համար հանկարծ պարզ դարձավ, թե ինչում է նրա ֆիլմերի «բարդությունը»: 
Չլինելով կինոգետ, համարձակվում եմ հայտարարել, որ Փարաջանովն աշխարհի մեծագույն էզոթերիստ-ռեժիսորն է. նրա կինոլեզվի առանձնահատկությունը հենց էզոթերիզմն է, իսկ նրա հանճարեղ նորարարությունը ` 
ԷԶՈԹԵՐԻԿ ՍԻՆԵՄԱՆ:
Տիեզերքի ու մարդու մասին ամենահանելուկային տեքստերը պատմության մեջ պոեզիայի տեսքով են պահպանվել (Գիրք փոփոխությանց , Զմրուխտե սալիկներ և ալն) :
Պոեզիան ժամանակի մեջ՝ նոր իրականության պատրանք առաջացնելու կախարդական մի միջոց է. չափի ու ռիթմի մոգական լեզու` երաժշտության նախակարապետը: Եվ եթե «սինեման» ինքնին մոգության մի տեսակ է, ապա էզոթերիկան (թաքնագիտությունը) փոխանցելու լավագույն կերպը պոետիկ, կամ չափածո կինոն է: Չափածո կինոյի հիմնադիրն ըստ իս, Փարաջանովն է, և դրա հաստատումը նրա գլուխգործոց «Սայաթ-Նովա»  կամ «Նռան Գույնը» ֆիլմն է (1968): 
Ահա թե ինչ է ասել Մարտին Սքորսեզեն` Փարաջանովի գլուխգործոցի թվային վերականգնման առիթով.
« Guardare Il colore del melograno, o Sayat Nova, di Sergej Paradžanov e come aprire una porta ed entrare in un’altra dimensione... »
«Նայելով Փարաջանովի Նռան Գույնը, կամ Սայաթ-Նովա ֆիլմը`կարծես մի դուռ ես բացում և ոտք դնում այլ չափման մեջ ...» **
Բնականաբար, մեծագույն որևէ ռեժիսոր` իր ասելիքով փորձում է տիեզերական մասշտաբի ինֆորմացիա փոխանցել դիտողին, և պոետ – ռեժիսորներ, իհարկե, շատ կան, բայց Փարաջանովը պարզապես յուրօրինակ կինո չի նկարել, այլ չափածո կինոյի այբուբեն է հնարել` պոեզիայի սկզբունքները կինո տեղափոխելով: Փորձեմ հիմնավորել. 
զոր օրինակ.

-Մետր ու ռիթմ, կրկնվող, կամ նմանահունչ հանգեր պոեզիայում. կինոյում` կադրի կրկնվող արձագանք, կամ այսպես ասած` կինոհանգ:

- Պատկերներում քողարկված իմաստային գիծ պոեզիայում. կինոյում` «cryptic՛՛ կամ գաղտնագիր կադրեր, որոնց իմաստը բացահայտել կարելի է անգիտակցական ընկալման շնորհիվ միայն:

- Անուղղակի իմաստային կապ պոեզիայում. կինոյում` թաքուն միջկադրային ու կոմպոզիցիոն կապ` անշարժ տեսախցիկի պայմաններում:

-Միաժամանակություն, համաժամանակություն, կամ ժամանակային գծի անտեսում պոեզիայում. կինոյում` իմաստային ու կադրային հերթագայության բացակայություն`շնորհիվ ինքնուրույն կտավ-կադրերի, այսպես կոչված ` «անտեսանելի մոնտաժի» , կամ կինոարձագանքի էֆեկտի: Ի դեպ, բուն փարաջանովյան տարբերակում պատումային (նարրատիվ) ժամանակագրական հերթագայում չի եղել. դա Ս. Յուտկեվիչի ներմուծումն էր` ֆիլմը հասկանալի դարձնելու նպատակով:

- Ներաշխարհի, չերևացող, թաքուն կողմի շեշտադրում պոեզիայում. կինոյում` «ուղղակի և հագեցած կադր»` «տեսադաշտից դուրս»  եղածի անտեսմամբ, կամ գեղանկարչական ֆոն հիշեցնող հետին պլանով:

- Անիրական, անորսալի, երազային, փոխաբերական, չափազանցված լեզու պոեզիայում. կինոյում` ֆանտաստիկ կոմպոզիցիա, գունագեղ, կենդանի կտավներ, ամենայն հավաստիությամբ «նկարահանված»  երազներ:

Օրինակ` պոետի երազում ու «արքայադուստր Աննա-տիրամոր» ծննդաբերության երազ-պատկերում միայն` անշարժ տեսախցիկի պայմաններում `այնքան շարժում ու կապ կա կադրում գտնվող տարբեր օբյեկտների միջև, որ ապշում ես, թե ինչպիսի կատարելությամբ է վերարտադրված երազի մթնոլորտը... Եվ զարմանալի է ասելիքի խորությունն ու պատկերման միջոցների հանճարեղ պարզությունը: Փարաջանովն իրեն հատուկ անմիջականությամբ առատորեն օգտագործել է պարզ կինոմոգության լեզուն. անհետացումներ, փոխակերպումներ` մոնտաժի պարզունակ էֆեկտների, կամ տեսախցիկի կանգի շնորհիվ: Կինոարվեստի հիմնադիրներից մեկին` Ժորժ Մելիեսին իր հարգանքի տուրքը մատուցելով, Փարաջանովը, փաստորեն, իր հորինած կինոլեզվով «սինեմայի'' զարգացման ճանապարհն է կանխատեսել...

Ըստ Միխայիլ Վարդանովի` « Գրիֆիթի ու Էյզենշտեյնի կինոլեզվից զատ` կինոն որևէ հեղափոխիչ նոր բան չէր բացահայտել մինչև Փարաջանովի «Նռան Գույնը»: ***

Իսկ ռեժիսոր և նկարիչ Փիթեր Գրինուեյը պնդում է, որ «կինեմատոգրաֆը սպառել է իրեն ու իր լեզուն» : 
«Ես հասկացա, որ կինոյի լեզուն փոխվում է, դառնում` ավելի հարուստ. դա կարող է օգնել ավելի լավ արդյունքի հասնել, և ես սկսեցի ուսումնասիրել նորը...»
Գրինուեյն ի նկատի ուներ իննսունականներին ի հայտ եկած տեխնիկական հեղաշրջումը, որը կինոյին նոր միջոցներ ու աշխատանքային գործիքներ տվեց: Նրա ֆիլմերում զարմանալիորեն արտացոլված են «Նռան գույնին» առնչվող սկզբունքները. կինոարձագանքի էֆեկտ` կինոհանգ, էսթետիզմ, ստատիկ, կամ կտավ հիշեցնող կադրեր, պատումի (նարրատիվի) ու խոսքի սակավություն և այլն:
Կինոքննադատները նաև նշում են Փարաջանովի ազդեցությունը Ժան-Լյուք Գոդարի արվեստում, իսկ Մոհսեն Մախմալբաֆի « Գաբբեհ» ֆիլմում ուղղակի ցիտատներ կան*:

«Հրեղեն ձիեր», կամ «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմի ի հայտ գալուց ի վեր ` առաջադեմ կինոաշխարհը Փարաջանովին միաբերան հայտարարեց վարպետ ու հանճար: Կյանքի թաքուն, չերևացող կողմն արտահայտելու վարպետության ու պոետիզմի շնորհիվ` Փարաջանովի ֆիլմերում նկարագրված անիրական ծեսերն իրական կյանք մտան. օրինակ` գուցուլների հարսանիքի ժամանակ լուծը հարսի ու փեսայի վզով գցելը*: Հորինված, սակայն Փարաջանովի բացառիկ ներհայեցողությամբ ծայրահեղ հավաստի թվացող ծեսերի շնորհիվ` մեծ ռեժիսորին նաև էթնիկ նոր կինոյի հիմնադիր են համարում*:

«Եթե մեր արժեքը ներկայացնելու համար այլ մոլորակի քաղաքակրթությանը մի ֆիլմ ուղարկելու լինեինք, ապա ես կուղարկեի Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերները»
Ռոբեր Օսսեյն


Ուկրաինայում ապրած տարիներին Փարաջանովի արվեստը խստագույն գրաքննության ենթարկվեց. «Կիևյան որմնանկարներ» ֆիլմի փորձնական նկարահանումների ժապավենն առգրավվեց ու մեծամասամբ ոչնչացվեց: 
Նրան ընդհանրապես արգելեցին Ուկրաինայում ֆիլմ նկարել: Այդ արգելքը նրան բերեց Հայաստան, և դրա շնորհիվ ծնվեց «Սայաթ-Նովա»` «Նռան գույնը», որտեղ բացառիկ զուգահեռ ու նման կադրեր կան «Կիևյան որմնանկարների» հետ (տեսահոլովակը` ստորև) :
Նռան գույնն էլ, ինչպես փարաջանովի բոլոր ֆիլմերը, ենթարկվեց սովետական գրաքննության հոշոտումներին: «Նռան գույնը» ֆիլմի պրեմիերայի ժամանակ ես խորապես հիասթափված էի: Դա այն չէր, ինչ ցանկացել էր նկարել Փարաջանովը: Շատերն են համաձայն, որ ֆիլմը, որքան էլ գեղեցիկ է, այնուամենայնիվ, մի տեսակ անհասկանալի է: Փարաջանովը ավելի տրամաբանական ֆիլմ էր նկարել»,- խոստովանել է Լևոն Գրիգորյանը` Փարաջանովի մտերիմն ու ասիստենտը, որ 2005-ին ներկայացրեց իր «Հիշողություններ Սայաթ Նովայի մասին» վավերագրությունը` 1995-ին Հայֆիլմի արխիվում հրաշքով փրկված «Նռան Գույնը'' ֆիլմի ժապավենի հիման վրա: Ըստ Լևոն Գրիգորյանի, դրանից հնարավոր էր երկու ժամանոց նոր «Սայաթ-Նովա» ֆիլմ ստանալ: Ակամա մտածում ես, թե «Ոսկե Ծիրան» կինոփառատոնում 2006-ին ցուցադրված  «Հիշողություններ Սայաթ-Նովայի մասին» ֆիլմն ու նորահայտ կինոդրվագ-նովելներն ինչո'ւ որևէ առնչություն չեն ունեցել 2014-ին The Film Foundation/World Cinema-ի «Նռան Գույնը» ֆիլմի վերականգնման հետ, և ինչո'ւ է այդ արժեքավոր նյութն անտեսված մնացել... 
Այսօր պահպանված երկու տարբերակներից` հայերեն տարբերակը, որ նեգատիվի կրկնօրինակի հիման վրա է մոնտաժվել ու որակով զիջում է ռուսերեն տարբերակին` առավել մոտ է փարաջանովյան մտահղացմանը, մինչդեռ Յուտկեվիչի տարբերակում Փարաջանովի գաղափարական տրամաբանությունը մեծապես խախտված է: 
Եվ այն, ինչն այսօր կա, մորթոտված զավակն է նույնքան դառը ճակատագրով մի մարդու, որ երբեք չթուլացավ.
«Ես վրեժս կլուծեմ սիրո միջոցով... »,-ասում էր Փարաջանովը, որ մտադիր էր սովետական բանտերում անցկացրած տարիների մասին չորս ֆիլմ նկարել*:

Երբ նրան արգելեցին ֆիլմեր ստեղծել, նա սկսեց նկարել, գրել ու թափոններից հրաշքներ արարել:
Փարաջանովը, հիրավի, իր կեցությամբ ու արվեստով մոտենում է Վերածննդի դարաշրջանի մեծերին...

Կա մի փակ թեմա, որի մասին շատ չի խոսվում. Ուկրաինայում Փարաջանովի գլխին պատուհաս դարձած արվամոլության հոդվածն ու դրա պատճառով կրած նսեմացումն ու բանտարկությունը:
Ազատության ոգին ու ստեղծագործական պոռթկումը ճնշելու համար` մարդու անձնական կյանքն ու սեռական կողմնորոշումը որպես զենք կիրառելն անհիշելի ժամանակներից է գալիս. դա էլ միջակությանը բնորոշ «հանճար» է:
Ես մի օրինաչափություն եմ հայտնաբերել. ամենամեծերի դեպքում ի հայտ է գալիս մի ֆենոմեն` սեռի զգացողության վերացում: Դա բնական է հանճարների դեպքում...
Լեոնարդո դա Վինչիի արվեստն ամենայն խորությամբ ու նրբությամբ ընկալած Փարաջանովի ճակատագրում զարմանալիորեն նման մի հատված կա.Լեոնարդո դա Վինչին ևս արվամոլության համար դատական ատյանում է հայտնվել ու իր գաղափարների համար` օստրակիզմի ենթարկվել...

Տաբու էին ոչ միայն Փարաջանովի գաղափարներն ու կերտած կադրերը, այլև կյանքը, քանի որ այն ինքնին կինո ու թատրոն էր ամեն ժամ... Գործընկերներն անգամ` խոստովանում էին, որ Փարաջանովը մի քանի վայրկյանում այնպիսի մի սցենար կամ էտյուդ էր հորինում, որ ուրիշներին օրեր պետք կլինեին նույնն անելու համար:

«Ռեժիսոր ծնվում են, ոչ թե` դառնում»,-ասում էր Փարաջանովը:
Եվ նա ավելին էր, քան ռեժիսոր ու կինոգործիչ. գերօժտված մի մարդ` նկարիչ, գրող, խորեոգրաֆ, երաժիշտ, դերասան, պարզապես` հանճարեղ կատակաբան ու թաքնագետ-էզոթերիստ...

Այս տեսահոլովակն իմ հարգանքի տուրքն է Սարգիս Փարաջանյան-Սերգեյ Փարաջանովին...

Աղբյուրներ`

* Լևոն Աբրահամյան ''Заметки о поэтике Параджанова''

** Ritrovati e Restaurati -Cinema Ritrovato

 *** Parajanov-Vartanov Institute

Նկարում `Դա Վինչիի Ս. Հովհաննես Մկրտիչը և Փարաջանովի կոլլաժներից մեկը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее