▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ըտեղ սաղին պետք ա դատեն»․ ՋԷԿ-ի պայթյունից տուժածների հարազատ

Ինչպես հայտնել էինք, «Հրազդան ՋԷԿ»-ին պատկանող ձուլարանում երեկ ուժգին պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով մեկ մարդ մահացել է, հինգը՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն։
«ԱրմԼուր»-ը հայտնում է, որ տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսներինը՝ միջին ծանրության։
«Տուժածներից երկուսն իմ հարազատներն են, եղբորս որդու ականջը չի լսում, ոտքն է ջարդված, չեն թողնում մտնենք, տեսնենք՝ ոնց են»,- պատմում է տուժածների հարազատը: «Դեպքի մանրամասները չգիտեմ, բայց սաղին ըտեղ պետք ա դատեն էթա»,- ասում է նա՝ մանրամասնելով, որ անվտանգության միջոցները պահպանված չեն եղել։ Նրա խոսքով՝ պայթյունից մահացածը Վանատուր գյուղից է, երեք փոքր երեխա ունի։

***

2024 թվականի սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16:59-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ «Հրազդան ՋԷԿ»-ի տարածքի ձուլարանում պայթուն է տեղի ունեցել և կան տուժածներ:

Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում նախնական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2024թ. սեպտեմբերի 10-ին` ժամը 16:45-ի սահմաններում, «Հրազդան ՋԷԿ»-ի հարակից տարածքի մետաղաձուլարանում տեղի է ունեցել օդի տարայի պայթյուն, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով 6 անձ, ովքեր տվյալ օբյեկտը շահագործող ընկերության աշխատակիցներ են, տեղափոխվել են «բժշկական կենտրոն։ Հիշյալ անձանցից մեկը՝ Հրազդան քաղաքի 46–ամյա բնակիչը, գիտակցության չգալով, բժշկական կենտրոնում մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 2-րդ մասի  հատկանիշներով  նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին։

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն։

Վերոնշյալ 6 անձինք ճանաչվել են տուժող։ Տուժողներից երկուսը հարցաքննվել են, իսկ մյուս երեք անձանց հետ անհրաժեշտ քննչական գործողություն հնարավոր չի եղել կատարել՝ առողջական վիճակի պատճառով։

Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաբժշկական փորձաքննություններ, դատապայթունատեխնոլոգիական և դատահետքաբանական համալիր փորձաքննություններ։

Նախաքննությունը շարունակվում է։ Կատարվում են անհրաժեշտ անհետաձգելի քննչական և վարութային գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, այդ թվում՝ պայթյունի պատճառները, տվյալ օբյեկտում անվտանգության ապահովման սահմանված պահանջների պահպանվածության վիճակը պարզելու ուղղությամբ։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее