▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դատապարտյալները շարունակում են ՔԿՀ-ներում միմյանց ծեծե՞լ

Ամիսներ առաջ Asekose.am-ը տեղեկացրել էր, որ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում մոտ 20 դատապարտյալ ծեծի են ենթարկել մեկ այլ դատապարտյալի` Սահակ Քալյանին: Այս միջադեպի առիթով նշանակվել էր ծառայողական քննություն:

Asekose.am-ին այս ծեծկռտուքի վերաբերյալ որոշ ուշագրավ հանգամանքներ, այնուամենայնիվ, հայտնի էին դարձել. մեր աղբյուրները, մասնավորապես, փոխանցել էին, որ Սահակ Քալյանը հարբած վիճակում ցանկացել էր երգեցնել աշտարակցի Կարենին /հանրությանը հայտնի է որպես երգիչ Կարեն Հակոբյան/, սակայն վերջինս հրաժարվել էր դա անել և ծեծի էր ենթարկվել Սահակի կողմից:

Այդ ամենից վիրավորված Կարենը դիմել է իր ընկերներին, ովքեր, «զոն նայող» Արմանի գլխավորությամբ և այլ դատապարտյալների հետ միասին, դաժան ծեծի էին ենթարկել Սահակին` նրան հասցնելով ծանր մարմնական վնասվածքներ:

Ուշագրավ է, որ այս ամենը տեղի էր ունեցել ՔԿՀ-ի աշխատակիցների և դատապարտյալների աչքի առաջ:

Դեպքի առիթով նշանակվել էր ծառայողական քննություն, որն, ըստ ՀՀ ԱՆ Քրեակատարողական հիմնարկների վարչության մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանի, դեռ չի ավարտվել: «Այս գործով ծառայողական քննությունը դեռ չի ավարտվել և հայտնի չէ, թե երբ կավարտվի, քանի որ` կախված գործի հանգամանքներից, այն կարող է երկարաձգվել»,-նշեց Ղլեչյանը:

Այս դեպքից բացի` Asekose.am-ին օրերս էլ հայտնի էր դարձել, որ մեկ այլ ծեծկռտուք տեղի է ունեցել` կրկին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում` ցմահ դատապարտվածը մտել է հարևան խուց և ծեծի ենթարկել այլ դատապարտյալների: Նշենք, որ դատապարտյալն իր խցից այլ խուց կարող է տեղափոխվել միայն ՔԿՀ-ի ադմինիստրատիվ աշխատակիցների թույլտվությամբ:

Այս տեղեկությունը, սակայն, ՀՀ ԱՆ Քրեակատարողական հիմնարկների վարչության մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանի կողմից ամբողջությամբ հերքվեց. վերջինս ասաց, որ այն ամբողջությամբ սուտ է և իրականությանը չի համապատասխանում:

Այս ֆոնին թերևս ճիշտ կլինի հիշել այն, որ , ըստ մեր տեղեկությունների, Քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանը վերջերս խիստ պահանջներ է դրել համակարգի պատասխանատուների առաջ` դատապարտյալների շրջանում հովանավորյալներ ունենալը վերջնականապես բացառելու և կոռուպցիոն ռիսկեր պարունակող այլ երևույթներից ի սպառ հրաժարվելու առումով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее