▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չստացված հեղափոխություն կամ ահազանգ իշխանության համար

«Շանթ Հարությունյանի գործով բոլոր 14 ամբաստանյալներն այսօր Կենտրոն և Նոր Նորք դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ընթացող դատաքննության ընթացքում իրենց մեղավոր չեն ճանաչել։ 
Շանթ Հարությունյանը հայտարարել է, որ ոչ միայն չի ժխտում, այլ նաև ափսոսում է մի բանի համար. «Չլսեցի էլ մեղադրանքը, որովհետև ամեն ինչ պարզ է: Ուղղակի ես նախագահականի դեմը պտի միլիցեքին խփեի, էն էլ իմ կամքից անկախ չկարացի, ուղղակի չհասցրի: Ուզում եմ ասեմ, մի բան էլ քիչ եմ արել»։
Իշխանությունն իրեն մխիթարում է այն հանգամանքով, որ ընդվզողներն ու նրանց պաշտպանողներն մի քանի տասնակ մարդիկ են:
Սա ինքնախաբեության պես մի բան է:
Հասարակության զգալի մասը Շանթի պես է մտածում. ուղղակի գերադասում է այդ մասին չբարձրաձայնել, որովհետև վախենում է ծեծվելու կամ ազատազրկվելու վտանգից:
Եթե Շանթի կողքին մարդիկ չհավաքվեցին, դա իշխանության շնորհքը չէ. պարզապես՝ հասարակությունը չհավատաց, որ Շանթի կալիբրի մեկը կարող է հեղափոխություն անել, հետո՝ Շանթը սխալ էր ընտրել լոզունգներն ու պայքարի մեթոդները. ժողովրդին առավելապես հետաքրքրում է ոչ թե «ռուսական ԿԳԲ»-ի հարցն, այլ՝ արդարության:
Իշխանությունը պետք է հետևություններ անի. բարեփոխումների այլընտրանքը՝ հեղափոխությունն է. հաջորդ անգամ մի այլ Շանթի արածը կարող է խենթություն չորակվել, որովհետև իրերի այսօրվա վիճակից քաոտիկ զարգացումների հոտ է փչում:
Սա ահազանգ է նաև ընդդիմության համար. ԱԺ-ի հարմարավետ կաբինետներում ժողովներ անելը՝ զզվացրել է մարդկանց՝ նրանց աչքերում նույնացնելով իշխանությանն ու ընդդիմությանը:
Ես չեմ ուզում, որ Շանթը կամ որևէ մեկը հաջորդ անգամ նախագահականի դեմը
«միլիցեքին խփի»:
Ես չեմ ուզում, որ էս երկրում որևէ մեկը մյուսին խփի:
Ես հասարակական համաձայնություն ու մարդկանց կյանքի որակի բարձրացում եմ ուզում:
Իշխանությանը պատասխանատվության, ընդդիմությանը՝ սթափության կոչ եմ անում:

Սուրեն Սուրենյանց
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее