Չնայած Բաքուն Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ես կխոսեմ խաղաղությունից. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի Բրոնյար պալատում մասնակցել է «Փարիզի խաղաղության 6-րդ համաժողով»-ին:
Թարմացված․ Չնայած այն հանգամանքին, որ լուրջ հարցեր են առաջանում Ադրբեջանի անկեղծության վերաբերյալ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Երևանն ու Բաքուն մոտ են «խաղաղության պայմանագիր» կնքելուն։ Այդ մասին Փաշինյանն ասել է Փարիզում կայացած` «Խաղաղության 6-րդ համաժողովի» ժամանակ իր ելույթում։
«Դա չի սասանում մեր հավատարմությունը խաղաղության օրակարգին, և մենք հույս ունենք, որ առաջիկա ամիսներին կստորագրենք խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ՝ հիմնվելով Բրյուսելում կայացած բանակցություններում համաձայնեցված երեք սկզբունքների վրա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Նա նաև թվարկել է իր նշած սկզբունքները․
«Հայաստանն ու Ադրբեջանը լիովին ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ հիմնվելով այն գիտակցության վրա, որ Հայաստանի տարածքը զբաղեցնում է 29,800 կմ2, իսկ Ադրբեջանինը՝ 86,600 կմ2 տարածք։
Հայաստանն ու Ադրբեջանը հաստատում են իրենց անվերապահ հավատարմությունը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես սահմանազատման քաղաքական շրջանակ:
Տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման ապագա տրանսպորտային կարգավորումները հարգելու են բոլոր երկրների ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության և հավասարության սկզբունքները»:
Փաշինյանը նշել է, որ այս սկզբունքների շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել Բրյուսելում Ադրբեջանի նախագահի հետ բանակցությունների ընթացքում։
«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը նույնպես իրենց աջակցությունն են հայտնել այս սկզբունքներին, որն արտահայտված է Շառլ Միշելի, Օլաֆ Շոլցի, Էմանուել Մակրոնի և իմ կողմից ստորագրված` Գրանադայի քառակողմ հայտարարության մեջ։
Եվ եթե Ադրբեջանը չմերժի այդ սկզբունքները, դա կնշանակի, որ առաջիկա ամիսներին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը շատ իրատեսական է դառնում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Դիտեք նաև՝