▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ձեր դպրոցը հողատո՞ւ է պատրաստում, թե՞ դիվանագետ»․ Արեգ Սավգուլյան

Պատմաբան Արեգ Սավգուլյանի ֆեյսբուքյան գրառումը. «Համացանցում լայն տարածում է ստացել Մարիամ Իսրայելյան օգտատիրոջ բաց նամակը, ըստ որի նա դիվանագիտական դպրոցի ընդունելության կամ ավարտական քննության ժամանակ ստացել է անբավարար, որովհետև ընդունել է, որ Արցախը հայկական է։
Վերջերս գործուղման ժամանակ հանդիպեցի մի երիտասարդի, որը ԱԳՆ-ի դիվանագիտական դպրոցի ավարտական քննության ժամանակ նույն Արցախի հարցի հետ կապված իր պատասխանի պատճառով (պնդել էր, որ հայկական է և հիմնավորել) ստացել էր անբավարար, իսկ հանձնաժողովի կազմում եղել էր մեր ժամանակների «խոշորագույն մտածող, միջազգային հարաբերությունների բազմագիտակ, հայոց դիվանագիտության պատվո ասպետ», Հայրենիքի շքանաշանակիր Հուգո Գրոցիուսը, նույն ինքը՝ ԱԳՆ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, որը ըստ Վահագն Ալեքսանյանի՝ մեր երկրի համար շատ բան է արել։
Վահան Կոստանյան, դու նույնիսկ դիվանագիտական ռանգ չունես, ոչ էլ գիտական աստիճան։ Դու ի՞նչ գործ ունես հանձնաժողովներում և որոշում ես հայ դիվանագիտության ապագան, այ կապիտուլյանտագետ։ Կարո՞ղ է դասեր էլ ես տալիս։ Ի՞նչ ես սովորեցնում ուսանողներին, թե ինչպե՞ս մեկ հարածով 12 հազար քկմ հայկական տարածք հանձնել, թե՞ 2-ը մեկի մեջ 20 հազար հեկտար էլ ՀՀ սուվերեն տարածքից «նվիրաբերել» Ադրբեջանին։ Ձեր դպրոցը հիմա հողատո՞ւ է պատրաստում, թե՞ դիվանագետ։
Հիշեցնենք, որ Վահան Կոստանյանը 2025-ին «Աշխարհի բնակչության հոգեհանգիստների հատուկ սպասարկման նախագահական» ՊՈԱԿ-ի ատենապետ, համատեղությամբ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի կողմից ստացել էր Հայրենիքի 1-ին աստիճանի շքանշան, որին ժամանակին արժանացել են Վազգեն Ա Վեհափառը, Վիկտոր Համբարձումյանը, Թաթուլ Կրպեյանը, Վազգեն Սարգսյանը, Կարեն Դեմիրճյանը և այլ պատմական դեմքեր»։

Մարիամ Իսրայելյանի գրառումը՝ ստորև․ 

Ես դիվանագիտությունը չեմ ընտրել մասնագիտության համար։

Ես այն ընտրել եմ որպես ճակատագիր։

Վերջերս կյանքումս առաջին անգամ ստացա անբավարար։

Այն թվից, որը փոքր Մարիամի համար կդառնար արցունք, կոտրված գիշեր ու լռած հպարտություն։

Այն աղջիկը, որ ապրում էր գերազանցիկի ապացույցներով, գուցե լաց լիներ։

Բայց ես՝ այսօր, ժպտում եմ։

Որովհետև իմ անբավարարն այս անգամ վախճան չէ, այլ՝ վկայություն։

Վկայություն այն բանի, որ 100 միավորից ցածր ստանալը կարող է նշանակել արժանապատվորեն բարձր կանգնել։

Վկայություն այն բանի, որ լռությունը երբեմն դավաճանություն է, իսկ մերժումը՝ արժանապատվություն։

Ես ցածր եմ ստացել, որովհետև չհամաձայնեցի ասել, որ Արցախը երբևէ եղել է ուրիշինը։

Չհամաձայնեցի այն պահին։

Չեմ համաձայնվում հիմա։

Եվ չեմ համաձայնվելու երբևէ։

Կարող էի անուններ տալ։

Բայց անունները երկրորդական են, երբ միտքն է վտանգավոր։

Իմ գրածը միայն իմ մասին չէ։

Սա շատերի ներսում ապրող ճշմարտությունն է, որը պարզապես բարձրաձայնել են քչերը։

Իմ արժեքները չեն ձևավորվել միայն դասասենյակներում։

Դրանք ծնվել են ցավից, կորստից ու լուռ հերոսություններից։

Դրանք ձևավորվել են ընկերոջ համար Արցախում կյանքը տված եղբորս արյան հետ,

զավակին հայրենիքին նվիրած ու ոչինչ չխնայած մայրերի աղոթքներով,

իննսունականներին ծառայած, առողջությունը հայրենիքին թողած հորս լռությամբ,

որդուն բանակ ճանապարհած մորս թաքուն արցունքներով,

ու այն ուսուցչի ձայնով, որ չվախեցավ արդարություն ասել՝ նույնիսկ մենակ մնալու գնով։

Եվ դուք, երբ ես նայել եմ որդեկորույս մոր աչքերի մեջ,

երբ տեսել եմ մարմնով ու հոգով կիսատ վերադարձած զինվորների քայլքը,

երբ իմ ընկերները հերոսներ են,

ուզում եք ինձ ստիպել արտասանել մի նախադասություն,

որը հավասար է ուրանալուն։

Ես չեմ կարող։

Եվ չեմ ուզում։

Կրկնում եմ՝ ոչ թե համառությամբ, այլ հավատով.

Արցախը ադրբեջանինը չէ։

Չի եղել։

Եվ չի լինելու։

Իմ մասնագիտական ելույթում ես ասել եմ ամեն ինչ։

Պատմությունն ունի հիշողություն։

Փաստերը՝ ծանրություն։

Եթե դրանք այսօր չեն լսվում, դա չի նշանակում, թե գոյություն չունեն։

Դիվանագիտությունը ծառայություն է։

Եվ ես պատիվ ունեմ ծառայելու իմ հայրենիքին,

նույնիսկ այն ժամանակ, երբ հայրենիքը պատառոտում են սեփական ձեռքերով։

Եվ վերջում թող ասեմ մի միտք, որը վախենում են բարձրաձայնել.

ոչ ոք չի ասել, որ հողը միայն մեկ անգամ է ազատագրվում։

Պատմությունը միշտ թողնում է երկրորդ շունչ նրանց համար,

ովքեր չեն ուրանում առաջինը...

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее