▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չեն բացառում, որ Սևանում վենդետա կլինի

Սեւանի ավագանու անդամ Արսեն Աֆիյանի սպանության դեպքը, որը ցնցել էր Սեւանը եւ ողջ երկիրը, դեռ քննարկվում է Գեղարքունիքում: Քրեական գործով անցնող գլխավոր մեղադրյալներից երկուսը կալանքի տակ են եւ գտնվում են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։ Կալանավորվածներից մեկը քրեական հեղինակություն Արա Բանդուրյանի եղբոր որդին է՝ Լեւոն Բանդուրյանը։ 


«Հրապարակ»-ին իրավապահ համակարգից ասացին՝ չեն բացառում, որ վենդետա կլինի, հաշվի առնելով, որ խոսքը գնում է քրեական աշխարհում հայտնի Բանդուրյանների մասին։ Իրավապահները այս հանգամանքը հաշվի են առնում, ավելին՝ ուժեղացված ծառայություն են իրականացնում սպանվողի եւ սպանողի մերձավորների շրջանում։ 


Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին Երևան-Սևան ավտոճանապարհի Սևանի վարչական տարածքում գործող «Best Western Bohemian Resort» հանգստյան գոտում հնչած կրակոցներից սպանվել էր ավագանու անդամ Արսեն Աֆիյանը։ Ըստ Քննչական կոմիտեի՝ 2024 թվականի հուլիսի 17-ին, ժամը 21:50-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի բնակիչ Արսեն Աֆիյանը, Աբովյան քաղաքի 42-ամյա բնակիչը, վերջինիս կինը և ևս երկու անձ հաճախել են Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Երևանյան փողոցում տեղակայված հանգստյան գոտու ռեստորան, որտեղ ցանկացել են ընթրել։ Մատուցողին պատվեր տալիս հիշյալ հանգստյան գոտում հանգստացող 19–ամյա մի երիտասարդ՝ Լ․ Բ․-ն և 40–ամյա մի տղամարդ՝ Մ․Փ․-ն, դուրս գալով առանձնատնից, պահանջել են բարձր չխոսել։ 37 և 42–ամյա տղամարդիկ, հակադարձելով այդ պահանջներին, հայտնել են, որ իրենք բարձր չեն խոսում։ «Նշված չնչին առիթն օգտագործելով՝ Լ․Բ․-ն, Մ․Փ․-ն և ինքնությունը դեռևս չպարզված տղամարդը, մոտենալով ռեստորանի բացօթյա հատվածին, մուտքի մոտ հանդիպել են իրենց ընդառաջ եկող 37 և 42–ամյա տղամարդկանց...անտեսելով հանգստյան գոտում գտնվող այլ հաճախորդների ու աշխատողների ներկայությունը, նրանք փոխադարձ քաշքշուկի և վիճաբանության մեջ են մտել հիշյալ երկու տղամարդկանց հետ։ Այդ ընթացքում հայհոյանքներ են հնչեցրել միմյանց հասցեին, գոռգոռացել են, փոխադարձաբար ոտքերով և ձեռքերով հարվածել միմյանց մարմնի տարբեր մասերին: Տեսնելով, որ 42–ամյա տղամարդը ակոսափող ատրճանակ է հանել, Մ․Փ․-ն նրան գցել է գետնին: Ապա հիշյալ առանձնատնից վերցնելով ապօրինի կերպով պահվող ակոսափող հրազենը՝ մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, նախ կրակոց է արձակել 42–ամյա տղամարդու ուղղությամբ՝ նրա առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս, որից հետո վերցրել է վերջինիս ակոսափող ատրճանակը և դրել իր գոտկատեղում։ Այնուհետև Մ․Փ․-ն կրակոց է արձակել հանգստյան գոտու անվտանգության աշխատակցի ուղղությամբ՝ նրա առողջությանը պատճառելով կյանքի համար վտանգավոր՝ ծանր վնաս, որից հետո, Արսեն Աֆիյանին կյանքից զրկելու նպատակով, կրակոց է արձակել վերջինիս ուղղությամբ՝ նրան պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ։ Վիճաբանությունը և փոխադարձ ծեծկռտուքը դադարել է ներկա գտնվող առանձին անձանց միջամտության արդյունքում։ Վերոհիշյալ գործողությունների հետևանքով խաթարվել է հիշյալ հանգստյան գոտու բնականոն աշխատանքը, հաճախորդների ու աշխատակիցների ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիությունը՝ նրանց մոտ առաջացնելով տագնապի, վախի զգացում։ Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Մ․Փ․-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, 166-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 6-րդ կետերով, 167-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 8-րդ կետերով, 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 335-րդ հոդվածի 1-ին մասով: 19–ամյա Լ․Բ-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով»: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее