ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը շարունակում է ցուցմունք տալ դատարանում ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի գործի շրջանակում:
Դատարանում Աղվան Հովսեփյանը Սամվել Ալեքսանյանին հարց ուղղեց, թե ճանաչու՞մ է «Բոգո»-ին, ո՞վ է նա և ի՞նչ է նրա անունը:
«Բոգոն իմ ընկերն ա, ոնց չեմ ճանաչում, Բոգոյին սաղ կյանք հենց Բոգո ենք ասել, անունը կարծեմ Ռոբերտ է, եթե չեմ սխալվում, բայց Բոգո ենք ասում, լրիվ անունը չեմ կարա ասեմ»,- նշեց Ալեքսանյանը:
Աղվան Հովսեփյանը հարց ուղղեց, թե «Նիգ-Ապարան» հայրենակցական միության միջոցառումները ո՞ր հեռուստաընկերությունն է լուսաբանել, տեղյա՞կ է, որ որոշ բաժնեմաս՝ շուրջ 30 տոկոսը, նշված Բոգոյի անունով է եղել ձևակերպված:
«Ցավդ տանեմ, ես ինչ իմանամ, Աղվան Գառնիկիչ, Բոգոյին կանչեք հարցրեք, ես ինչ իմանամ՝ ում անունով ինչ է, Բոգոյին կանչեք հարցաքննեք»,- պատասխանեց Ալեքսանյանը:
Նշենք՝ հիշյալ «Բոգոն» Սամվել Ալեքսանյանի մտերիմն է, Արկադի Համբարձումյանի խնամին՝ հայտնի քրեական հեղինակություն Ռուբեն Կոստանյանը (Սիմոնյան):
Բոգոն Նորագյուղից է, իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել դեռ տարիներ առաջ, երբ հայտնի է եղել որպես «ավտոկայանի նայող» և հայտնվել ծեծի, կրակոցների, գումարի շորթման, վիճաբանության ու քրեական այլ պատմությունների կենտրոնում:
Աղվան Հովսեփյանը, ըստ մեղադրանքի, Վարշամ Ղարիբյանի օգտին ծառայության գծով հովանավորչության համար նրանից պահանջել և 2011 թվականի փետրվարի 14-ին ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք, ապա հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը օրինականացրել է:
Բացի այդ, Աղվան Հովսեփյանը, 2017 թվականի ապրիլի 10-ին իր հետ մտերիմ փոխհարաբերությունների մեջ գտնվող Վրեժ Մարկոսյանին համոզելու եղանակով դրդել է վատնել նրան վստահված, Վարշամ Ղարիբյանին պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքը:
Աղվան Հովսեփյանը ձերբակալվել էր 2021 թվականի սեպտեմբերի 7-ին, այնուհետև նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը, վերջինս ազատվել է 100 մլն դրամ գրավ դիմաց:
Աղվան Հովսեփյանին հանցակցելու դրվագով Վրեժ Մարկոսյանի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ: