Գիրության սկզբնական դրսևորումները հիվանդություն չեն, բայց վտանգավոր հետևանքներ կարող են առաջանալ գիրության ծանր ձևերի դեպքում՝ 2-րդ տիպի շաքարախտ, քնի խանգարում, սրտանոթային հիվանդություններ, անպտղություն և ուռուցքների որոշ տեսակներ։ Այս մասին, ըստ shantnews-ի՝ Газета.Ru-ին հայտնել է բժշկական գիտությունների դոկտոր, բարիատրիկ վիրաբույժ Նատալյա Բորդանը։
«II–III աստիճանի գիրությունը խրոնիկ հիվանդություն է, որն ախտահարում է օրգանիզմի բոլոր համակարգերը»,- ընդգծել է բժիշկը։
Հենց ճարպային հյուսվածքի յուրահատկությունն է, որն առաջացնում է քաղցկեղի զարգացում, հավելել է նա։ Բորդանը բացատրել է, որ ճարպային բջիջներն ունակ են արտադրել էստրոգեն, և օրգանիզմում այս նյութի ավելցուկը կարող է խթանել կաթնագեղձի քաղցկեղի բջիջների աճը։
«Գիրությունը կապված է նաև նյութափոխանակության փոփոխությունների հետ, այն հրահրում է արյան շաքարի բարձրացում, որն իր հերթին նպաստում է որոշ տեսակի քաղցկեղի բջիջների աճին», – ասել է վիրաբույժը:
Բժիշկը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ավելորդ քաշի առկայությունը վերահսկելի է, և մարդ կարող է ինքնուրույն ազատվել դրանից, սակայն ծանր գիրության զարգացման դեպքում դա անհնար է դառնում։ Բորդանը հիշեցրել է, որ գիրություն կամ ավելորդ քաշը որոշելու համար գոյություն ունի մարմնի զանգվածի ինդեքս (BMI), որը հաշվարկվում է որոշակի բանաձևով։
«Հաշվում են՝ մարմնի քաշը կիլոգրամներով բաժանելով հասակի վրա՝ քառակուսի մետրերով, կամ օգտագործելով հատուկ առցանց հաշվիչը: Եթե BMI-ն 25-ից բարձր է, ուրեմն մարդն ավելորդ քաշ ունի, իսկ եթե 30-ից բարձր է, ուրեմն նա արդեն գիրացել է»,- ասել է Բորդանը։
Վիրաբույժը հավելել է, որ հավասարակշռված սննդակարգն ու ֆիզիկական ակտիվությունը կօգնեն ազատվել ավելորդ քաշից, սակայն գիրության դեպքում նման ճշգրտումներ չեն կիրառվում։ Ըստ նրա տվյալների՝ գեր մարդկանց մոտավորապես 90%-ը, ովքեր փորձել են նիհարել դիետայի և վարժությունների միջոցով, մեկ տարվա ընթացքում վերադարձել են իրենց նախնական քաշին:
Ըստ Բորդանի, բարիատրիկ վիրաբուժությունը գիրության բուժման ամենաարդյունավետ միջոցն է, որը նաև կանխում է քաղցկեղի զարգացումը և վերացնում հարակից հիվանդությունները (2-րդ տիպի շաքարախտ, ապնոէ, անպտղություն և այլն): Նա հավելել է, որ նման վիրահատություններն իրականացվում են նվազագույն ինվազիվ ճանապարհով՝ մարմնի վրա փոքր ծակոցներով։
«Հիվանդների վերականգնողական շրջանը զգալիորեն կրճատվել է։ Վիրահատված հիվանդների մոտ մեկից մեկուկես տարվա ընթացքում ավելորդ քաշը նվազում է ավելի քան 60%-ով, և նրանց 75-90%-ի մոտ 2-րդ տիպի շաքարային դիաբետի կայուն ռեմիսիա է ապրում հինգ և ավելի տարի շարունակ»,- եզրափակել է բժիշկը։