Արդեն տեղեկացրել ենք, որ համացանցում լայն քննարկում և դժգոհություն է առաջացել Հայաստանի ազգային բրենդի «լոգոտիպի» վերաբերյալ:
Թե ինչու է այն անհաջող ու վատը՝ կարճ ու կոնկրետ ներկայացրել է
Արարատ Մկրտչյանը, որի մտքերին կարող եք ծանոթանալ ստորև.
2016թ-ի հուլիսի 6-ին GK Brand ընկերության
CEO Վասկեն Կալաջյանը (Vasken Kalayjian LinkedIn-ում հրապարակեց ընկերության կողմից ստեղծված Հայաստանի բրենդինգը , որն իրենից ներկայացնում է գրաֆիկական նշանով (դեռ պետք է պարզել՝ ինչի տեսքով) և Armenia - The Story is Just Beginning կարգախոսով տարբերանշան, և
որոշ կրիչների վրա տարբերանշանի կիրառման օրինակներ:
Այլ կերպ՝ GK Brand-ը ներկայացրեց մի բրենդի օրինակ,
որը հետագայում պետք է հանդիսանա մեր երկրի վիզուալ դեմքը:
Համացանցում հայտնված Հայաստանի տարբերանշանը ընդամենը 2 օրում
ստացավ բավականին լայն արձագանք: Իսկ դիզայներների (և ոչ միայն)
կողմից արժանացավ բավականին կոշտ քննադատության և բացասական գնահատականի:
Եկեք փորձենք պարզել, թե արդյո՞ք Հայաստանի բրենդինգը և,
մասնավորապես, տարբերանշանը այդքան վատն են, և եթե այո, ապա ինչու՞:
Մաս 1. Տեքստային
Գաղտնիք չէ, որ համացանցում կարելի է գտնել հազարավոր տառատեսակներ՝ անվճար և վճարովի, լավ կամ վատ: Գաղտնիք չէ նաև, որ դիզայներները կամ դիզայնով զբաղվող ընկերությունները բավականին հաճախ իրենց ստեղծած գործերում օգտագործում են արդեն պատրաստի տառատեսակներ:
Հիմնականում դա նորմալ է:
Սակայն համաձայնվեք, որ մի ամբողջ երկրի համար ստեղծվող և այդ երկիրը ներկայացնող տարբերանշանում գրված ամենակարևոր
ARMENIA բառը պետք է լինի յուրահատուկ:
Այն էլ, եթե դրա համար պետք էր նկարել 6 տառ (A-ն կրկնվում է)
և այն էլ 2 տարվա ընթացքում:
Եվ դա այն դեպքում, երբ մեր երկրում կան այնպիսի մասնագետներ,
ինչպիսին է էդիկ Ղաբուզյանը: Համաձայնվեք՝ Հայաստանն արժանի է դրան:
Դե ինչ, դիմավորե՛ք՝ Andes Bold: Թողարկող ընկերություն՝ Linotype:
Վաճառքի գինը՝ € 26.99 :
Պահանջվեց ընդամենը 15 րոպե և մի քանի հասարակ գործիք, որպեսզի կարճ հետազոտության արդյունքում ջրի երես դուրս գա ARMENIA գրվածքի իրական աղբյուրը:
Ստորև ներկայացված և համադրված են գրվածքն ու օրիգինալ տառատեսակը:
Նույնիսկ ոչ մասնագիտական աչքով կարելի է տեսնել, որ «M», «E», «N» և «I» նիշերը 100%-ով կրկնում են տառատեսակը: Ավելացնենք մի քանի ակնհայտ դիզայներական սխալ, մի փոքր կտրելով կենտրոնական հորիզոնական շտրիխը և ձգելով աջ «ոտքը» ներքև աղավաղենք «R»-ը: Մնում է միայն ավելացնենք օտարածին A-ն, որն ուշադիր նայելու դեպքում ակնհայտորեն դուրս է մնում ընդհանուր կոմպոզիցիայից և վերջնականապես մատնում «դիզայներին»:
Մաս 2. Կարգախոս
Երևի թե ավելորդ կլինի նշել, որ կարգախոսի համար օգտագործված է բավականին անհաջող Aaux ProBold անվճար տառատեսակը : Հարկ չկա նաև նշել հիմնական գրվածքի և կարգախոսի վատ փոխդասավորվածության, համամասնության (ratio), ակցենտավորման և անհաջող գունային ընտրության մասին: Իսկ Բոլոր Բառերի Մեծատառերով Սկսվելը Կթողնենք քերականագետի Խղճին (եթե իհարկե այդպիսին եղել է նախագծի շրջանակներում):
Այստեղ անհամեմատ կարևոր է իմաստային մասը: Արդյո՞ք դուք, ձեր մտերիմները, հարևանները և բարեկամները, մեր երկրի տարբեր քաղաքներում և գյուղերում ապրող մարդիկ այս կարգախոսը ընթերցելիս փշաքաղվում և տեսնում են իրենց և իրենց երկիրը: Կարգախոսը պետք է զգաս, այն պետք է հարազատ լինի, որ կարողանա ճիշտ փոխանցել օտարերկրացիներին այն ամենը, ինչ զգում է մի ամբողջ ազգ, ինչ իրենից ներկայացնում է մի ողջ երկիր: Հին երկիր: Իսկ The Story is Just Beginning կարգախոսը կհամապատասխաներ օրինակ...
Մաս 3. Նշան
Եվ վերջապես նշանը՝ տարր, որը կարծես թե, անգամ միայնակ պետք է կարողանար «պատմել» Հայաստանի մասին, որին նայելիս հայերը, անկախ բնակավայրից, պետք է տեսնեին այնտեղ Հայաստանը, որին նայելիս օտարերկրացիները պետք է տեսնեին գոնե մեկ, դրական էմոցիաներ առաջացնող, հստակ և տպավորիչ պատկեր: Լավ նշանին պետք չեն շարադրություններ և բացատրություններ: Նկարագրերի ակնհայտ ցուցադրումը միմյայն մատնում է նշանի գաղափարախոսության թուլությունը կամ նրա ի սպառ բացակայությունը: Կարծես թե տեխնիկական մասը բաց մնաց: Բայց այն քննարկելու կարիք դեռևս չկա: Գույնզգույն ծովախեցգետինը, որին նշանում տեսավ հայ օգտատերերից մեկը, Հայաստանի խորհրդանիշը չի դարձել և դժվար էլ դառնա: Իսկ արևը՝ արևն ուրիշ տեսք ունի: Հայաստանում որ հաստատ: