Արցախցի մեր հայրենակիցներն իրենց թոշակներն արդեն 4 ամիս է՝ չեն կարողանում ստանալ։ Իսկ Աշխատանքի և սոցիալական աշխատանքների նախարարությունից հայտնեցին, որ դեկտեմբերի վերջին վճարվելու է մոտ 10.600 արցախցիների հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների թոշակներն ու նպաստները միայն։ ԵՊՀ Հայ գրականության պատմության ամբիոնի դասախոս, դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու, գրականագետ Սերժ Սրապիոնյանը «168»-ի հետ զրույցում այս փաստը, մեղմ ասած, անընդունելի է համարում։ «Այս ամենը կարելի է նկարագրել միայն մեկ բառով՝ անբարոյականություն։ Մարդիկ ուղղակի իմաստով հասկացել են, որ եթե իրենք զբաղվում են քաղաքականությամբ, իսկ քաղաքականությունն անբարոյականություն է, իրենց կարող են անբարոյականի պես պահել։ Տեսեք, թե Արցախից եկած ժողովրդի համար ինչ գումարներ նախատեսեցին, իբրև թե կառավարության կողմից։ Բայց մամուլում տեղեկություններ ունենք, թե միայն Սփյուռքից քանի միլիոն դոլար է եկել-հասել Հայաստան, որը տնօրինում են այս կառավարության փողակերները։ Արցախցիներին փոխանցած գումարի մոտավորապես տասնապատիկը կարող էր հասնել այդ գումարը նպատակային օգտագործելու դեպքում, բայց ի՞նչ հասավ նրանց։ Չնչին մասը միայն։ Հիմա իրենք արցախցիների համար նախատեսված գումարները դրել են իրենց տակ ու պարգևատրումների տեսքով դատարկում են գրեթե բոլոր ֆոնդերը»,- արձանագրեց Սրապիոնյանը։ Սերժ Սրապիոնյանը հիշեց, թե նախկինում ինչպիսի կյանք էին վարում այսօր իշխանության ղեկին գտնվողները։ «Մինչև իշխանության գալն այս մարդիկ ունեին չմարված պարտքեր, ապառիկով գնված ապրանքներ, որոնց գումարը չէին կարողանում վճարել, նորմալ աշխատանք չունեին։ Հիմա տեսեք՝ ինչ շքեղ առանձնատներում են ապրում, ինչ մեքենաներից են օգտվում, հիշեք միայն, թե ինչպես նորացվեց ամբողջ կառավարական մեքենաների պարկը՝ ամենաշքեղ մեքենաներով»,- նշում է Սրապիոնյանը։ |
«Արցախցիներին ուղարկվող գումարները դրել են իրենց տակ ու դատարկում են բոլոր ֆոնդերը». Սերժ Սրապիոնյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet