▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալյուրի հարստացու՞մ, թե՞ միջազգային փորձարկում հայաստանցիների առողջության հաշվին

«Հանուն առողջ սննդի» նախաձեռնող խումբը հայտարարում է

Ուսումնասիրելով կառավարության ընդունած Կ-666-18.11.2014-ԱՄ-010/0  «ՑՈՐԵՆԻ ԱԼՅՈՒՐԻ ՀԱՐՍՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ»  օրենքի նախագիծը՝ այն համարում ենք անհիմն և անպատասխանատու մոտեցում ՀՀ բնակչության առողջության նկատմամբ, քանի որ.

 

1)      Նախագծում որպես հիմնավորում բերվում են տվյալներ, որոնք ակնհայտ չափազանցված են՝   /նախադպրոցական տարիքի երեխաների եւ վերարտադրողական տարիքի կանանց շրջանում առկա է սակավարյունության բարձր տարածվածություն, համապատասխանաբար` 37% եւ 25%/: Իրականում, ըստ 2011թ-ի մարդահամարի և առողջապահության նախարարության հրապարակած վիճակագրական  տվյալների այդ հիվանդության դեպքերը կազմում են համապատասխանաբար՝ 3.66 և 2 տոկոս:

 

2)      Նախագիծը հիմնավորում են Հայաստանի հետ որևէ կապ չունեցող թվերով՝ /աշխարհում ավելի քան 40 միլիոն նախադպրոցական տարիքի երեխա տառապում է սուր եւ ավելի քան 120 միլիոն երեխա` խրոնիկական թերսնուցումից/: Այսինքն, նախքան նախագիծը հաստատման ներկայացնելը, նույնիսկ չեն էլ պարզել, թե ՀՀ-ում որքա՞ն է թերսնուցվող երեխաների քանակը: Նաև ակնհայտ է, որ ոչ մի պրեմիքս չի կարող փոխարինել բնական սննդին և բարելավել թերսնուցվող երեխայի առողջությունը:

 

3)      Որպես նախագծի հիմնավորում /Հիմնավորում 1.2/ բերվում են Չիլիի կամ այլ երկրների տվյալներ՝ առանց հաշվի առնելու, որ Չիլիում և Հայաստանում շատ տարբեր են սնունդը, սննդակարգը և այլն, հետևաբար նույն դրական արդյունքն ստանալ չի հաջողվի: Գուցե Չիլիում բնակչությունը երկաթի պակաս ունի, բայց Հայաստանում չկա այդ մասին ոչ մի լուրջ հետազոտություն, հավանական է, որ բնակչության մեծ մասի մոտ երկաթը թույլատրելի առավելագույն սահմաններում է, իսկ երկաթի ավելցուկը նույնքան վտանգավոր է, որքան պակասը:

 

4)      Որպես հիմնավորում բերված են ալյուրը «հարստացրած» մի քանի երկրների տվյալներ, որ ցույց են տալիս  նյարդային խողովակի բնածին արատներով հիվանդ երեխաների քանակի նվազում, սակայն հաշվի չի առնվել, որ նույն երկրներում այլ հիվանդությունների, այդ թվում՝ քաղցկեղի, գրեթե կրկնակի աճ է գրանցվել:

 

5)      Հարստացված ալյուրի անվտանգության պատասխանատվությունը դրվում է ձեռնարկատերերի վրա /Հոդված 10 կետ 1.  Հարստացված ցորենի ալյուրի արտադրության, փոխադրման, պահպանման եւ իրացման ոլորտում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը պարտավոր են ապահովել դրա անվտանգությունը/, ինչը հակասում է ընդունված իրավական նորմերին՝ պարտականության կատարման անհնարինության տեսակետից, քանի որ ոչ մի ձեռնարկատեր ի վիճակի չէ երաշխավորել արտերկրից ստացված պրեմիքսի անվտանգությունը:

6)   Մեզ հասու են միջազգային մասնագետների բազմաթիվ գիտական հոդվածներ և հետազոտություններ, որոնք` ա) կասկածի տակ են դնում ֆոլաթթվի համատարած կիրառման անվտանգությունը, բ) փաստում են, որ ուղղակի կապ կա ֆոլաթթվով ալյուրի «հարստացման» և քաղցկեղի ու մի քանի այլ հիվանդությունների կտրուկ աճի միջև՝ ալյուրը «հարստացնող» երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում: Այս համատեքստում նախագիծը կարելի է գնահատել որպես կառավարության կողմից ՀՀ բնակչության առողջությանը վնասող քայլ, հաշվի առնելով, որ ի տարբերություն  շատ երկրների, Հայաստանում սպիտակ հացն ունի ավելի լայն սպառում:

 

7)      Օրենքի նախագծի շրջանակներում ներկայացված չէ այն մարդկանց թիվը, ում հակացուցված է ֆոլաթթուն կամ երկաթը: Այս օրենքի ընդունմամբ պետությունն այդ մարդկանց փաստորեն զրկում է հաց ուտելու հնարավորությունից, քանի որ 15-20 տոկոս այլընտրանքային հացի ձեռքբերումը գործնականում դառնում է անհնար:

 

8)      Առողջապահության նախարարության հրապարակային հավաստիացումները՝ իբր ալյուրը հարստացվելու է միայն ֆոլաթթվով և երկաթով, ակնհայտ հակասում են օրենքի նախագծին:
Օրենքի նախագծում օգտագործվում է միայն պրեմիքս տերմինը, ինչը չի երաշխավորում, որ խոսքը գնում է միայն երկաթի և ֆոլաթթվի մասին, ավելին՝ օրենքը նախատեսում է դրա կազմի փոփոխության հնարավորությունը՝ ՀՀ կառավարության կողմից:

 

«Հանուն առողջ սննդի» նախաձեռնող խումբը հայտարարում է, որ պատրաստ է օրենքի նախագծի հեղինակներին տրամադրել այս հավելանյութերի վտանգը փաստող միջազգային գիտական հոդվածներն ու հետազոտությունները, որոնք գործնականում անուշադրության են մատնվել իրենց կողմից:

 

«Հանուն առողջ սննդի» նախաձեռնող խումբը պահանջում է

1.      Չհաստատել ՀՀ բնակչության առողջությանը սպառնացող Կ-666-18.11.2014-ԱՄ-010/0 «ՑՈՐԵՆԻ ԱԼՅՈՒՐԻ ՀԱՐՍՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» օրենքի նախագիծը:

 

2.      Ընդունել օրենք ցորենի գերակշիռ մասը չթեփահանված աղալու պարտադրանքի մասին, որով կլուծվեն ոչ միայն այս նախագծի թիրախային խումբ հանդիսացող հղի կանանց, այլ նաև ողջ բնակչության շատ առողջական խնդիրներ:

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее