Մեդիահաբ․am-ը գրում է․ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը բնակվում է հիմնականում Ջրվեժում իր ընտանիքի անդամներին պատկանող առանձնատանը, որը գրանցված է Սիմոնյանի մոր և եղբոր անունով։ Այս առանձնատունը, ինչպես պատմեցին մեզ տարածքի բնակիչները, այս պահին ակտիվ վերանորոգման մեջ է, ասացին՝ ընդլայնվում է, և ավելի մեծ լողավազան են կառուցում։
ԱԺ նախագահը, սակայն, իր 2023 թվականի եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրում որպես անշարժ գույք՝ ներկայացրել է ընդամենը մեկ բնակարան Կենտրոն վարչական շրջանում։ Սա Եկմալյան 1/1 հասցեում գտնվող նորակառույց էլիտար շենքի այն բնակարանն է, որը Սիմոնյանը միանձնյա սեփականությամբ ձեռք է բերել իշխանափոխությունից հետո՝ 2019 թվականի օգոստոսի 15-ին, 114 մլն դրամով։ Այդ մասին մամուլը քանիցս գրել է։ ԱԺ նախագահը, սակայն, իր հայտարարագրում թաքցրել է իր բնակարանի մակերեսը, թեպետ մամուլը ժամանակին գրել էր, որ Սիմոնյանը մինչ այս բնակարանը ձեռք բերելը 125,9 մլն դրամով վաճառել էր նույն շենքում գտնվող ավելի փոքր մակերեսով բնակարանը, որը ձեռք էր բերել 2017-ին, և զարմանալիորեն ավելի ցածր գնով ձեռք է բերել ավելի մեծ մակերեսով բնակարան (մակերեսը մոտ 100 քմ է, եթե ոչ՝ ավելի)։
Ի դեպ, այս բնակարանն Ալեն Սիմոնյանը նաև վարձով էր տալիս՝ նախորդ տարվա նրա հայտարարագրում վարձակալությունից ստացված գումարի մասին հիշատակում կա՝ 7 մլն դրամ, որը հենց այս բնակարանը վարձով տալու դիմաց ստացած գումարն է։
Նշենք, որ անցյալ տարվա հունիսին «Հետքը» գրել էր, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի պես 2022 թվականին բնակարան է ձեռք բերել «Բյուրեղ» թաղամասում կառուցվող բազմաբնակարան շենքերից մեկում։ Սիմոնյանը բնակարանը գնել է կնոջ հետ համատեղ՝ «Հայէկոնոմբանկից» վերցրած շուրջ 54 մլն դրամ վարկային միջոցներով։ Այս հրապարակումը, հիշում ենք, բավականին ծանր էր տարել Ալեն Սիմոնյանը, հատկապես, երբ «Հետքի» լրագրողը նրա ձեռք բերած գույքի մասին հարց հնչեցրեց Նիկոլ Փաշինյանի հրավիրած ասուլիսի ժամանակ։ Բայց Ալեն Սիմոնյանի ներկայացրած հայտարարագրում այս բնակարանի մասին որևէ հիշատակում չկա, փոխարենը կա հիշատակում «Հայէկոնոմբանկից» վերցված 53 մլն 806 հազար դրամ վարկի մասին, որը նա տրամադրել է «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ին, որը հենց վերոնշյալ «Բյուրեղ» թաղամասը կառուցապատող ընկերությունն է։
Հայտարարագրի՝ ստացված վարկերի և փոխառությունների դաշտում մի տեղ, սակայն, նշված է, որ այս գումարը հիպոթեքային վարկ է՝ բնակարանի գնման իրավունքով։ Սիմոնյանի հայտարարագրում նաև նշված է Կենտրոնում գտնվող անհատական բնակելի տան մասին՝ իր տնտեսական շինություններով, որը ենթադրաբար «Կոնդի» կառավարական ամառանոցներում գտնվող այն տունն է, որը նրան հատկացվել է որպես ԱԺ նախագահի կեցավայր։ Բայց Սիմոնյանը, մեր տեղեկություններով, ավելի շատ Ջրվեժում գտնվող առանձնատանն է բնակվում։
Ի տարբերություն նախորդ տարիների հայտարարագրերի՝ 2023 թվականի տարեկան հայտարարագրում Ալեն Սիմոնյանը որևէ տրանսպորտային միջոց չի հայտարարգրել։ Նա ի պաշտոնե օգտվում է պետության հաշվին իրեն հատկացված BMW մակնիշի ծառայողական մեքենայից, նրա ընտանիքի անդամներին էլ դարձյալ պետության կողմից տրամադրված Toyota Prado մակնիշի ամենագնաց է սպասարկում, և, հավանաբար, անձնական տրանսպորտային միջոց ունենալու կարիք, քանի դեռ ԱԺ նախագահ է, Սիմոնյանը չունի։ Փոխարենն անձնական մեքենա ունի Սիմոնյանի կինը՝ Մարիամ Մարգարյանը․ նա 2021 թ․ արտադրության Land Rover Discovery Sport մոդելի քրոսովեր է վարում։
Ինչ վերաբերում է ԱԺ նախագահի դրամական միջոցներին, ապա 2023 թվականի սկզբին նրա բանկային հաշիվներին եղել է 348 հազար 410 դրամ, 705 դոլար և 510 հազար դրամ, որոնք տարվա վերջին դարձել են 1 մլն 692 հազար դրամ։ Փոխարենը տարվա վերջին Սիմոնյանը բավականին մեծ՝ 24 մլն 800 հազար դրամի չափով կանխիկ դրամ է ունեցել, ինչն առնվազն ուշագրավ է, թե որտեղից է գոյացել այդքան մեծ կանխիկ գումարը Ալեն Սիմոնյանի մոտ, երբ հայտարարագրում նշված չէ, ծագման մասին որևէ տեղեկություն էլ հայտնի չէ։ Եւ սա այն դեպքում, երբ Սիմոնյանի քաղաքական առաջնորդ Նիկոլ Փաշինյանն անզիջում պայքար է սկսել կանխիկի շրջանառության դեմ, ու հիմա իր թիմակիցը, որի տարեկան աշխատավարձը 2023-ին 18 մլն դրամ էլ չի կազմել, այն էլ՝ փոխանցումով, տարվա վերջին մոտ 25 մլն դրամ կանխիկ գումար է հայտարարագրել։
Ի դեպ, մոտ այդքան կանխիկ գումար նա նաև նախորդ տարվա հայտարարագրում էր ներկայացրել՝ 24 մլն 65 հազար դրամ։ 2023 թվականի հաշվետու տարվա ընթացքում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ընդհանուր եկամուտը կազմել է 22 մլն 692 հազար 300 դրամ, որից 17մլն 944 հազար 574 դրամն ԱԺ աշխատակազմից ստացած նրա աշխատավարձն է։ Նա նաև տարվա ընթացքում 240 հազար դրամ է ստացել Վոլոդյա Հովհաննիսյանից, 814 հազար դրամ՝ Գեղամ Սիմոնյանից և 257 հազար դրամ՝ լրագրող Անի Գևորգյանից։ Այս անձանց Ալեն Սիմոնյանը դատի էր տվել իրեն հասցված վիրավորանքի և զրպարտանքի համար ու շահել է դատը, ինչից հետո նրանք ստիպված են եղել փոխհատուցում վճարել ԱԺ նախագահին։
Վահե Մակարյան