▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի մասը բղավում է` միացեք, մյուսը` հեռացեք

Այսօր դասադուլ հայտարարած ուսանողները կրկին  հավաքվել են Երևանի պետական համալսարանի գլխավոր շենքի մոտ: Համալսարանի ուսանողները դիմավորել են  նրանց և պահանջել հեռանալ համալսարանի մոտակայքից։  ԵՊՀ ուսանողները պնդել են, որ իրենց կրթության համար վճարող ուսանողները պետք է սովորեն, ոչ թե` դասադուլ անեն:

Դասադուլավորներն էլ շարունակել են պնդել իրենց պահանջը, նրանց մի մասն էլ սև ժապավեններով փակել են իրենց բերանները:   Նրանք շարժվել են Մանկավարժական համալսարանի ուղղությամբ:

Նշենք, որ ԵՊՀ ռեկտորի օգնական Գևորգ Մելքոնյանը ևս միացել է ԵՊՀ ուսանողներին, նրանց հեռանալու կոչ արել: Նա, արձագանքելով այն տեղեկությանը, թե ԵՊՀ ուսանողները իր գլխավորությամբ դասադուլ են կազմակերպել, նշել է, որ եթե նման բան կազմակերպվի, ապա միայն` ի պաշտպանություն Սերժ Սարգսյանի:

Հավելենք, որ «Ազատ ուսանողների ֆորում» ուսանողական միությունը, հաշվի առնելով դասադուլի կոչերը, հայտարարություն է տարածել, որում մասնավորապես, ասվում է.  «Ուսանողության շրջանում դասադուլը համարվում է բողոքի ծայրահեղ դրսեւորում եւ, հաջողվելու դեպքում, այն կարող է արձանագրել զգալի հաջողություններ, իսկ ձախողվելու դեպքում` անդառնալի հետեւանքներ կարող է ունենալ ուսանողության ապագայի համար: Մենք, լինելով ուսանողական ուղղվածություն ունեցող կազմակերպություն, գտնում ենք, որ ուսանողներին նման կոչով դիմելու համար նախ եւ առաջ պետք է կոչով դիմեր կոնկրետ անձ կամ կազմակերպություն, որը, միեւնույն ժամանակ, պետք է իր վրա վերցներ ձախողման դեպքում դրա հետեւանքով տուժած ուսանողների պատասխանատվությունը:

Սակայն, ինչպես երեւում է հայտարարությունից, նման պատասխանատվություն ստանձնող ո՛չ կազմակերպություն, ո՛չ էլ անհատ` գոյություն չունի: Հայտարարված դասադուլը մասսայականություն չունենալու դեպքում դատապարտված է ձախողման, ինչի արդյունքում, այն ուսանողները, որոնք չեն մասնակցում դասադուլին ապահովելու են դասապրոցեսի անխափան ընթացքը: Դասադուլին մասնակցող ուսանողները անհարգելի բացակաների արդյունքում հայտնվելու են տհաճ իրավիճակում, որի համար` ըստ էության, որեւէ պատասխանատու գոյություն չի ունենալու, իսկ կրեդիտային համակարգի պայմաններում սովորող ուսանողների համար  իրավիճակը մի քանի անգամ ավելի բարդ է լինելու, քանի որ դասապրոցեսից բացակայելու պատճառով նրանք կորցնելու են իրենց վերջնական գնահատականի մոտավորապես 40 տոկոսը եւ իրենց բուհի ղեկավարությանը օրինական հիմքեր են տալու  բուհից հեռացնելու համար: Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները` «Ազատ Ուսանողների Ֆորում» ուսանողական միությունը հայտարարում է, որ նմանատիպ անկանխատեսելի հետեւանքներով հղի իրավիճակում դասադուլի կազմակերպիչները նախ պետք է հստակեցվեն եւ փորձեն ուսանողության շրջանում կոնսենսուսի հասնել եւ նոր անցնել կոնկրետ գործողությունների: Կոնսեյսուսի բացակայության դեպքում դասադուլին մասնակցող ուսանողների ապագան դրվում է կասկածի տակ` առանց որեւէ կոնկրետ պատասխանատվություն ստանձնող անձի կամ կազմակերպության առկայության:Միեւնույն ժամանակ մենք հայտարարում ենք, որ ցանկացած կոնսեյսուսի դեպքում «Ազատ Ուսանողների Ֆորում» ուսանողական միությունը պատրաստ է կանգնել ՀՀ ուսանողների կողքին, իսկ մինչ այդ մենք զերծ ենք մնում դասադուլին միանալուն  ուղղված կոչերին պատասխանելուց, քանի որ մեր նշած մտահոգությունների եւ ռիսկերի համար պատասխանատու եւ երաշխավոր չլինելու դեպքում, դասադուլը լինելու է ի հեճուկս ուսանողության մի ինչ-որ զանգվածի»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more