▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշխարհի ամենահարուստ հայերը. Քըրք Քըրքորյանն առաջին տեղում չէ

Աշխարհի ամենահարուստ հայն այլևս Քըրք Քըրքորյանը չէ. երկար տարիների անվիճելի առաջատար լինելուց հետո այս տարի առաջին անգամ հայկական ծագումով ամերիկացի լեգենդար գործարարը զիջել է ամենահարուստ հայի կոչումը Հայաստանում ծնված և վերջին 21-22 տարիներին Ռուսաստանում բիզնես- գործունեություն ծավալած Սամվել Կարապետյանին։ Այդ մասին է վկայում աշխարհին առավելապես միլիարդատերերի վերաբերյալ իր զանազան վարկանիշային աղյուսակների հրապարակմամբ հայտնի ամերիկյան Forbes ամսագիրը, որը երեկ հանդես է եկել իր գլխավոր՝ աշխարհի ամենահարուստ մարդկանց, իսկ ավելի կոնկրետ՝ ամերիկյան դոլարով արտահայտված միլիարդատերերի ամենամյա վարկանիշային աղյուսակի հրապարակմամբ։

Հայաստանի հյուսիսում գտնվող Տաշիր քաղաքում ծնված և հենց իր ծննդավայրի պատվին անվանակոչված ընկերությունով՝ «Տաշիր»–ով հայտնի 47–ամյա Սամվել Կարապետյանի կարողությունը Forbes–ը գնահատել է 3.8 մլրդ դոլար, ինչը շուրջ 2.4 անգամ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը` 1.6 մլրդ դոլարը։ Այսինքն, եթե հավատանք Forbes–ի հաշվարկներին, ապա 1 տարվա ընթացքում Կարապետյանն ավելացրել է իր կարողությունը 2.2 մլրդ դոլարով։

Պատկերավոր համեմատության համար նկատենք, որ Կարապետյանի ունեցվածքը զգալիորեն գերազանցում է Հայաստանի 1 տարվա բյուջեն, ինչը 2013 թվականի համար կազմում է մոտ 2.5 մլրդ դոլար։

Սամվել Կարապետյանին Forbes–ը ներկայացնում է որպես անշարժ գույքի ոլորտում ներկայացված «Տաշիր գրուպ» ընկերության ղեկավար, որի մեջ մտնում են 24 առևտրային կենտրոն, 7 բիզնես-կենտրոն և 7 հյուրանոց։ Նշվում է, որ Սամվել Կարապետյանը ձեռքբերման մեծ գործարքներ է իրականացրել ճգնաժամի ընթացքում և շարունակում է ձեռքբերումները մինչև վերջերս։ Նշվում է, որ նրա բիզնեսները տարածված են Ռուսաստանի 25 շրջաններում, այնուամենայնիվ, նա վերջերս կենտրոնացել է Մոսկվայի վրա։ Ասվում է, որ Կարապետյանը շինարարական և զբոսաշրջային բիզնեսի պայմանագրեր ունի Երևանի իշխանությունների հետ։ Իսկ Սամվել Կարապետյանի եղբորը՝ Կարեն Կարապետյանին, Forbes-ը ներկայացնում է որպես Հայաստանում ճանաչված քաղաքական գործիչ և Հայաստանի նախագահի աշխատակազմում նախկին բարձրաստիճան պաշտոնյա։

Քըրք Քըրքորյանի կարողությունը Forbes–ը գնահատել է 3.3 մլրդ դոլար՝ փոփոխություն չտեսնելով նախորդ տարվա ցուցանիշի համեմատությամբ։ Չնայած ֆինանսական վիճակի մասով «հարաբերական կայունությանը», 95–ամյա Քըրքորյանը հասցրել է մեկ տարվա ընթացքում երկու անգամ նշանվել և բաժանվել։ Քըրքորյանն իր բիզնես գործունեությունը, ըստ Forbes–ի, սկսել է 1962 թվականին Լաս Վեգասում հողատարածքի ձեռքբերմամբ։ Արդեն 1969–ին նա բացել է MGM հյուրանոցն ու խաղատունը՝ համանուն կինոստուդիան ձեռքբերելուց հետո։ Քրքորյանը 2011–ին լքել է վերջինիս ղեկավարի պաշտոնը և հասցրել է այս ընթացքում վաճառել իր ունեցած մոտ 1 մլրդ դոլար արժողությամբ բաժնեմասի ¾–ը։ Ըստ Forbes-ի՝ այս օրերին Քըրքորյանը զբաղված է իր հիմնադրած Tracinda ներդրումային ընկերությունն ու Lincy հիմնադրամը ղեկավարելով, որոնք երկուսն էլ նա կոչել է ի պատիվ իր երկու դուստրերի՝ Թրեյսիի և Լինդայի։

Նշենք, որ 2008թ. Քըրքորյանի ունեցվածքը գնահատվում էր 11.2 մլրդ դոլար։

Forbes–ի աղյուսակում, բացի Սամվել Կարապետյանից և Քըրք Քըրքորյանից, տեղ են գտել ևս 3 հայ միլիարդատերեր, որոնք 3–ն էլ իրենց գործունեությունը ծավալում են Ռուսաստանում և միևնույն՝ ապահովագրության ոլորտում։

Դանիլ Խաչատուրովը, ով հանդիսանում է ռուսական ապահովագրական հսկաներից մեկի՝ «Ռոսգոսստրախի» հիմնական բաժնետերը, ըստ Forbes–ի, ունի 2.4 մլրդ դոլարի չափ կարողություն, ինչը 0.4 մլրդ դոլարով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ Նշվում է, որ Խաչատուրովը, ով իր գործընկերների հետ 2001-2003 թթ. ռուսական իշխանություններից ընդամենը 60 մլն դոլարով գնեց «Ռոսգոսստրախի» 75% բաժնեմասը, իսկ 2011թ.–ին՝ մնացած 25%–ը, հաջողացրեց խորհրդային դարաշրջանի ընկերությունից ստանալ ապահովագրական հզոր կառույց, որն այսօր ունի 3.4 մլրդ դոլարի հասույթ և 600 մլն դոլար պարտք։ Այժմ Խաչատուրովը դիտարկում է ընկերությունը փակ տեղաբաշխման կամ հանրային առաջնային տեղաբաշխման ներկայացնելու տարբերակներ։

Ապահովագրական ոլորտի ներկայացուցիչ մյուս միլիարդատեր հայերը Սարկիսով եղբայրներն են՝ 53–ամյա Սերգեյը և 44–ամյա Նիկոլայը, որոնց կարողությունը արդեն մի քանի տարի է՝ Forbes–ի կողմից գնահատվում է հավասարաչափ։ Պատճառը նրանց ունեցած հավասար բաժնեմասերն են «Ռեսո Գարանտիայում»։ Այս տարի «Ռեսո Գարանտիա» ընկերության համասեփականատեր եղբայրների կարողությունը գնահատվել է 1.35 մլրդ–ական դոլար։ Երկու եղբայրներին է պատկանում Ռուսաստանի խոշորագույն ապահովագրական ընկերություններից մեկը հանդիսացող «Ռեսո Գարանտիայի» բաժնետոմսերի 63%–ը։ Մնացած 37%–ը 2007–ին վաճառվել է ֆրանսիական AXA ապահովագրական հսկային՝ ապահովագրական ոլորտի համար ռեկորդային՝ 1.2 մլրդ դոլար գնով։

Ի դեպ, Forbes-ը հայ միլիարդատերեր չի «հայտնաբերել» հենց Հայաստանում։ Այդ առումով ամերիկյան պարբերականը «ժլատ է գտնվել» հետխորհրդային տարածքի երկրների մեծ մասում։ Նշված տարածաշրջանում միլիարդատերեր կան միայն Ռուսաստանում՝ 107 հոգի Ուկրաինայում՝ 10 հոգի, Ղազախստանում՝ 5 հոգի և Վրաստանում՝ 1 հոգի, ով ի դեպ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին է, ում կարողությունը Forbes –ը գնահատել է 5.3 մլրդ դոլար։

Նշենք, որ այս տարի աշխարհի ամենահարուստ մարդկանց ընդհանուր կարողությունը հասել է բոլոր ժամանակների ամենամեծ ցուցանիշին: 2013-ի միլիարդատերերի ցուցակում Forbes-ը 1426 անուն է ներառել՝ 5,4 տրլն դոլար ընդհանուր կարողությամբ՝ նախորդ տարվա 4,6 տրլն-ի փոխարեն:

2013-ին տասնանիշ թվով 210 նոր կարողություն է ի հայտ եկել: Հերթական անգամ ցուցակը գլխավորում է ԱՄՆ-ն՝ 442 միլիարդատերերով, նրան հաջորդում են Ասիան՝ 386, Եվրոպան՝ 366, Հարավային Ամերիկան՝ 129 և Միջին Արևելքն ու Աֆրիկան՝ 103 միլիարդատերերով: Նշվում է, որ 23 միլիարդատերեր 40 տարեկանից ցածր տարիքի են:

Մեքսիկացի միլիարդատեր Կառլոս Սլիմը գլխավորում է միլիարդատերերի ցուցակը՝ 73 մլրդ ԱՄՆ դոլար կարողությամբ: Առաջատար տասնյակում են նաև Բիլ Գեյթսը՝ 67 մլրդ դոլար, Ամանսիո Օրտեգան՝ 57 մլրդ դոլար, Ուորեն Բաֆեթը՝ 53,5 մլրդ դոլար, Լարի Էլիսոնը՝ 43 մլրդ դոլար, Չարլզ Կոխը՝ 34 մլրդ դոլար, Դեյվիդ Կոխը՝ 34 մլրդ դոլար, Լի Կա-Շինը՝ 31 մլրդ դոլար, Լիլիան Բետանկուրը՝ 30 մլրդ դոլար և Բեռնար Առնոն՝ 29 մլրդ դոլար:

 

Աղբյուրը` Թերթ.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more