«Փաստ» օրաթերթը գրում է. «Շարունակվում է արցախցիների բռնագաղթը Հայաստանի Հանրապետություն: Նրանց տեղավորման, անհրաժեշտ պայմանների ապահովման առումով պետությունից զատ մեծ դերակատարում են ստանձնել անհատներն ու կազմակերպությունները:
«Փաստ» թերթի տեղեկություններով, բռնագաղթյալների առաջին իսկ խմբի՝ Հայաստան հասնելուն պես զգալի աշխատանք է կատարել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը: Մենք փորձեցինք կոմբինատից ճշել, թե ինչ են արել բռնագաղթած մեր հարենակիցների համար, սակայն ԶՊՄԿ-ից հրաժարվեցին մանրամասնել՝ միայն նշելով, որ իրենք համակարգված կերպով աշխատում են թե՛ մարզային, թե՛ համայնքային իշխանությունների, ինչպես նաև գործընթացում ներգրավված բոլոր հասարակական, բարեգործական կազմակերպությունների հետ՝ բոլոր կարիքավորներին անհրաժեշտ առաջին օգնություն ցուցաբերելու ուղղությամբ։
Ի դեպ, նյութը պատրաստ էր տպագրության, երբ հայտարարություն տարածեց ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին՝ մասնավորաբար նշելով. «Սիրելի արցախցիներ, Սյունիքը ԶՊՄԿ-ի տունն է, և մենք ուզում ենք, որ այն ընտանիքները, ովքեր կցանկանան բնակություն հաստատել մեր համայնքներում, նույնպես առաջին իսկ օրվանից այստեղ իրենց զգան՝ ինչպես տանը: Մենք բոլոր ջանքերը կգործադրենք դրա համար»: