▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զուրաբյանի ակնարկը վարչապետին. ով է ֆինանսավորել «Ոչ»- ականներին

«Հայկական Ժամանակ» թերթի կայքը գրում է, որ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի հետաքրքիր մի դրվագ պատշաճ ուշադրության չարժանացավ, թերեւս դրան անմիջապես նախորդած՝ Նիկոլ Փաշինյան VS Կարեն Ավագյան եւ Առաքել Մովսիսյան (Շմայս) աղմկոտ միջադեպի պատճառով:

Բանն այն է, որ այդ ժամանակ կառավարությանը հարց տալու իր հերթին էր սպասում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, եւ երբ նիստը վարող Էդուարդ Շարմազանովին հաջողվեց կրքերը հանդարտեցնել, նա խոսափողի մոտ հրավիրեց Զուրաբյանին՝ իր հարցը հնչեցնելու համար: Զուրաբյանը եկավ եւ դանդաղ ու հատ-հատ արտասանեց. «Հարգելի պարոն վարչապետ, եւ անցյալում նաեւ՝ «Ոչ»-ի, ներողություն՝  «Այո»-ի շտաբի պետ...»: Կարեւոր էլ չէ, թե ինչ հարց տվեց Զուրաբյանը, որովհետեւ կարեւորը ոչ թե նրա հարցն էր, այլ այս լեզվի սայթաքումը: Նա փաստորեն կանգնեց եւ ԱԺ դահլիճում ի լուր բոլորի Հովիկ Աբրահամյանին կոչեց «Ոչ»-ի շտաբի պետ: Ընդ որում, Զուրաբյանը այս մի քանի բառը նշել էր ձեռքում գտնվող թղթերում եւ ուշադիր կարդում էր, որպեսզի հանկարծ որեւէ բառ կամ տառ չսխալվի:

Իսկ ինչն էր այս՝ ամենայն խնամքով նախապատրաստված լեզվի սայթաքման պատճառը: Հայաստանի ներքաղաքական իրադարձություններին մոտիկից հետեւողների մեջ այս առումով կարող են մի քանի վարկածներ եւ հարցադրումներ առաջանալ: Մասնավորապես՝ արդյոք ՀԱԿ-ից ակնարկո՞ւմ են, որ «Ոչ»-ի շարժումը հենց Հովիկ Աբրահամյանն է համակարգել, այսինքն պաշտոնապես լինելով «Այո»-ի շտաբի պետը, վարչապետը աշխատել է նաեւ «Ոչ»-ի հետ: Կամ գուցե նա ընդամենը ֆինանսավորել է «ոչ»-ականներին, ռազմավարական եւ մարտավարական հարցերը թողնելով մյուս կարկառուն ներկայացուցիչներին: Այս առումով արժե հիշել, որ «Ոչ»-ի քարոզարշավի ընթացքում ակնհայտորեն ֆինանսական դժվարություններ չկային, ինչի վառ ապացույցն էին գեղեցիկ եւ թանկարժեք քարոզչական հոլովակները: Իսկ եթե այդպես է, ինչու հանկարծ խնամքով կազմակերպված լեզվի սայթաքման անհրաժեշտություն առաջացավ: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ ֆինանսական աջակցությունը դադարել է, քանի որ «Ոչ»-ը պարտվել է եւ այլեւս որեւէ բանի դեմ պայքարելու կարիք չկա: Եվ արդյոք սա նմա՞ն չէ շանտաժի, որի նպատակը ֆինանսական աջակցության վերականգնումն է, որովհետեւ, թեեւ «Ոչ»-ը պարտվել է, բայց առջեւում Ընտրական օրենսգրքի համար մղվող պայքարն է, էլ չենք խոսում ԱԺ ընտրությունների մասին:

Իհարկե, վերոնշյալ հարցադրումները միայն հարցադրումներ են, վարկածներն էլ՝ ընդամենը վարկածներ, սակայն վերջին 2 տարում ՀՀ ներքաղաքական անցուդարձը լեգիտիմ հիմք է տալիս նման վարկածների եւ հարցադրումների համար:  

Բոլորն են հիշում, թե 2014 թ. գարնանը ինչպիսի համատեղ արշավի արդյունքում պաշտոնից հեռացվեց այն ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանը, եւ նրան փոխարինելու եկավ Հովիկ Աբրահամյանը: Այս արշավի մաս էին կազմում նաեւ այնպիսի քաղաքական ուժեր, որոնք հետագայում «Ոչ»-ի շտաբի առանցքը կազմեցին: Այս ուժերի եւ Աբրահամյանի հաջող համագործակցության փորձը կարող էր նրանց դրդել շարունակել աշխատել միասին՝ նոր հաղթանակներ գրանցելու համար: Ու եթե սահմանադրական փոփոխությունները տապալել չհաջողվեց, չի նշանակում, որ համագործակցությունն ընդհանրապես անիմաստ է: Այն, որ Հովիկ Աբրահամյանը դուրս է եկել Սերժ Սարգսյանի դեմ եւ պայքարում է իշխանության համար,  Հայաստանում վաղուց ոչ մեկի համար գաղտնիք չէ: Հենց դրանով էր պայմանավորված վարչապետ դառնալու նրա ձգտումը, որովհետեւ իներցիայի ուժով մեր երկրում իշխանության է գալիս նա, ով նախագահական ընտրություններից առաջ վարչապետի աթոռն էր զբաղեցնում: Ճիշտ է, այս ընթացքում հողը Աբրահամյանի ոտքի տակից սահեց. Գագիկ Ծառուկյանի ղեկավարած, քաղաքական 2-րդ ուժը համարվող ԲՀԿ-ն փլուզվեց, սակայն Աբրահամյանը դրանից ողբերգություն չսարքեց: Սահմանադրական փոփոխություններով հողը մի փոքր էլ սահեց Աբրահամյանի ոտքի տակից,  բայց ոնց որ թե սրանից արդեն նա սկսում է ողբերգություն սարքել: «Ոչ»-ի շտաբի ներկայացուցիչներին դրդել հրապարակային հայտարարել այն մասին, որ ինքն այդ շտաբի պետն է եղել՝ սրա համար պետք է հիմնավոր պատճառներ ունենալ:

Առաջիկա քաղաքական պրոցեսներում լուրջ մասնակցություն ունենալու համար քաղաքական ուժերի հետ համագործակցելու առումով Հովիկ Աբրահամյանը մեծ ընտրություն չունի: Ճիշտ է, նրա անվան հետ է կապվում հզոր ԲՀԿ-ից մնացած փոքր ԲՀԿ-ն: Սակայն եթե նույնիսկ այս կուսակցությանը հաջողվի կրկին ոտքի կանգնել, միեւնույն է, միայն մեկ քաղաքական ուժը Աբրահամյանի համար քիչ է: Ավելի հավանական է, որ նա ուղղակի վերանայում է իր նպատակներն ու գործողությունները, եւ այս փուլում արդեն համոզված էլ չէ՝ ցանկանո՞ւմ է մտնել 2017-2018 թվականների պայքարի մեջ, թե՝ ոչ: Այս տատանումներով են թերեւս պայմանավորված մյուս ուժերի հետ բանակցությունների ձախողումները, ինչի արդյունքում լեզվի սայթաքումներ են լինում: Իհարկե, մեսիջը Աբրահամյանն ըմբռնած կլինի, չի բացառվում նաեւ, որ արդեն բանակցությունները վերականգնվել են, սակայն դատելով վարչապետի տրամադրությունից, ամեն ինչ այնքան էլ միանշանակ չէ: Նույն օրը ԱԺ-ում լրագրողների հարցերին պատասխանելիս Աբրահամյանն այնքան էլ ֆորմայի մեջ չէր: Նա նույնպես ուշագրավ հայտարարություն արեց: Հարցին՝ Նոր Ընտրական օրենսգրքով բավական բարդանալու է ՀՀԿ-ի համար ձայներ ապահովելը, ի՞նչ եք անելու, վարչապետը պատասխանեց. «ՀՀԿ-ի համար միշտ էլ եղել է բարդ, բայց հաղթահարելի»: Աբրահամյանն իր կուսակցության մասին խոսեց անթաքույց հարեւանցիորեն:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին