Սիրելի´ հայրենակիցներ, ձեր քվեն ստացած Հայաստանի Հանրապետության օրինական նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն իր հանրային ելույթում շեշտեց, որ` «Հրաշալի ու աննախադեպ է և լիցքավորող, որ մեր ժողովուրդն այսքան պայքարից, ցավերից ու հուսախաբությունից հետո էլի պահանջում է իր իրավունքը, ուզում է փրկել իր ընտանիքն ու հայրենիքը և պատրաստ է գալ հրապարակ»:
Տարիներ շարունակ չեք ստացել պատասխան մեզ հուզող օրախնդիր հարցերին` «Ազատվելու՞ ենք սրանցից` այս ապօրինի իշխանություններից, կգա՞ այդ օրը»:
Պատասխանը մեկն է և իրականը` բոլորիս համախմբման, քաղաքացիական ընդվզումների ու անհնազանդության և յուրաքանչյուրիս գիտակցական առաջնորդությամբ՝ «սրանցից ազատվելու ենք, այդ օրը գալու է, իսկ ե՞րբ՝ կախված է յուրաքանչյուրիցս»:
Բոլորդ ականատեսն եք եղել վերջին մի քանի ամիսներին քաղաքական դաշտում վիճահարույց ընթացքի:
«Ժառանգությունը» բազմիցս նշել է միացյալ հրապարակի ու միացյալ օրակարգի անհրաժեշտությունը և հրատապությունը:
Ինչպես նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ «Ողջունելի է, որ միացյալ հրապարակը կայացել է, սակայն միացյալ հարթակ, միացյալ ազգային օրակարգով՝ դեռ չկա: Հրապարակի դիմաց կա հարթակ, որը միասնական չէ, ու օրակարգն էլ ամբողջական չէ: Միաժամանակ պետք է ունենանք այդ շիտակությունն ու տղամարդկությունն` ասելու, որ որոշ բաց հարցեր են մնում`
• հրապարակային գործունեության շարունակականության խնդիրը,
• շարժման սկզբունքների հռչակման հարցը,
• որոշումների կայացման անհրաժեշտության հարցը:
Մինչև հիմա չկա վերջնական համաձայնություն հռչակագրի, շարժման հրապարակային գործունեության մասին»:
Հետևաբար՝ միացյալ օրակարգը և միացյալ առաջնորդությունը ձևավորելու նպատակով Րաֆֆի Հովհաննիսյանը նախաձեռնում է հրապարակային հանդիպումներ.
2014 թվականի դեկտեմբերի 5-ին, ժամը 17:00-ին` Երևանի Ազատության հրապարակում,
դեկտեմբերի 6-ին, ժամը 13:00-ին` Վանաձորի Արցախ պուրակում,
և նույն օրը, ժամը 17:00-ին` Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան թատերական հրապարակում
և Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, երկրի ապագայով մտահոգ հայրենակիցներին հրավիրում է ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ` Ազատ, Անկախ և Սահմանադրական Հայաստան, անհապաղ և ամբողջական իշխանափոխություն,
Հիմա ժամն է, ով որ քաջ է` թող միանա,
Ինքնիշխան Հանրապետություն, ճանաչված Արցախ, իրավատեր քաղաքացի եռամիասնության ոգով:
ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայություն