▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Յուրաքանչյուր հաջորդ սեպտեմբերի 1 գյուղերում աշակերտներն ավելի պակասած են լինում

Վայոց Ձորի  սահմանամերձ Բարձրունին` մարզկենտրոն Եղենաձորից 45 կմ հեռավորության վրա գտնվող  լեռնային գյուղ է: Այստեղ  սեպտեմբերի 1 –ին դպրոց կգնա 45 աշակերտ: Դպրոցի տնօրեն Անդրանիկ Մարգարյանը Asekose.am-ի հետ զրույցում մինչ դպրոցի խնդիրներին անցնելը, անդրադարձավ  գյուղի հիմնախնդիրների` շեշտելով, որ հենց դրանցից էլ  առաջ են գալիս մնացած հարցերը.

«Առաջին խնդիրը մեր գյուղի աշխարհագրական դիրքն է` սահմանամերձ ենք,հենց այդ պատճառով մեր պահուստային հողերը չեն օգտագործվում: Բուժկետ ունենք, դպրոցի քիչ թե շատ նորմալ շենք ունենք: Երբեմն հասարակական կազմակերպությունները ծրագրեր են անում, մի քիչ աշխուժություն են բերում գյուղ, բայց սոցիալ-տնտեսական հարցերը չեն լուծվում: Խեղճ գյուղացիները չարչարվում, մի կերպ հող են մշակում, հետո էդ ստացած բերք ու բարիքը մեծ դժվարությամբ մի կերպ իրացնում են, շատերը չեն էլ կարողանում իրացնել տրասպորտի բացակայության և շուկայի հեռավորության պատճառով»:

Նրա խոսքով ինչպես Հայաստանի շատ գյուղերում, մարդիկ աշխատատեղերի բացակայության տնտեսական դժվարությունների հետևանքով լքում են գյուղերը` իրենց հետ տանելով երեխաներին.

«Ամենամեծ խնդիրն արտագաղթն է 200-ից ավելի աշակերտ է եղել մեր գյուղի դպրոցի ամենածաղկուն ժամանակ, իսկ հիմա 45 աշակերտ է մնացել գյուղում: 17 ուսուցիչ ունենք, ովքեր էլ դասավանդում են այդ աշակերտներին: Դասաժամերը քիչ են, բնականաբար`  աշխատավարձն էլ չի կարող բարձր լինել»:

Հայաստանի հարավում գտնվող սահմանամերձ փոքր այս գյուղի հետ համեմատելիս, Արագածոտնի մարզի, Ապարանի շրջանի Քուչակ գյուղի խնդիրները գուցե մի քիչ այլ են, բայց այստեղ էլ թիվ մեկ խնդրահարույց երևույթը արտագաղթն է:

Քուչակ գյուղի միջնակարագ դպրոցի տնօրեն Մհեր  Մաիլյանը Asekose.am-ին պատմեց, որ վերջին 5 տարում պետ բյուջեից գումարներ են ներդրվել դպրոցի շենքը վերանորոգելու համար: Նա նշեց, որ եկող տարի շինարարական աշխատանքները վերջնականապես կավարտվեն, և իրենք կունենան նորմալ միջավայր`երեխաներին կրթելու համար:

«Շենքի պայմանները կարևոր են  լավագույն կրթություն ապահովելու համար, բայց, ցավոք գյուղն այսօր տառապում է այլ ցավով. անընդհատ պակասում են գյուղի բնակիչները ու նրանց հետ նաև դպրոցի աշակերտները: 2003թ. –ի դրությամբ դպրոցն  ուներ մոտ 520 աշակերտ, այսօր` 220 :

Մհեր Մաիլյանի խոսքով  2013 թ.-ին հատկապես մեծ թվով ընտանիքներ լքեցին գյուղը.  «Արդյունքում` մենք ունեցանք աշակերտների խիստ նվազում»,- նշում է տնօրենը:

Նրա հավաստմամբ` գյուղը լքող ընտանիքները հիմնականում լքում են երկիրը, շատ քիչ են այնպիսիք, որ տեղափոխվեն Հայաստանի տարածքում այլ գյուղում կամ քաղաքում ապրելու համար,  գյուղը լքողները հիմնականում արտերկիր են  գնում :

Քուչակ գյուղում ուսուցիչների պակաս չունեն.

«Խնդիրները կայանում են նրանում, որ աշակերտների քանակով է ֆինանսավորվում դպրոցը, և եթե պակասում են աշակերտները, դա ուղիղ կերպով անդրադառնում է ուսուցիչների ժամաքանակի և աշխատավարձի վրա:Ուսուցիչը որքան էլ ջանա, միևնույն է,  նրա ` դրպոցում  քիչ մնալը, կարող է  խնդիրներ  առաջացնել կրթության և որակի հետ կապված: Ցավոք նրանցից ավելին պահանջել էլ չես կարող, քանի որ չես էլ կարող վճարել: Նրանք անում են հնարավորինը ու երբեմն անհնարը»,- հավելել է Մհեր Մաիլյանը, մեկ անգամ ևս շեշտելով, որ շատ խնդիրներ են առաջանում արտագաղթի հետևանքով:

Հայաստանի իրարից հեռու գտնվող այս գյուղերում, սեպտեմբերի 1-ին ավելի պակաս քանակով աշակերտներ կգնան դպրոց, քանի որ  արտագաղթ ծնող սոցիալ-տնտեսական խնդիրները լուծված չեն, իսկ արտագաղթը ոչ միայն չի նվազել, այլ  նոր թափ է հավաքել:

Նանե Բագրատունի

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին