«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Լոռու մարզպետի աշխատակազմը 2025 թվականի մայիսի 29-ին պետական միջոցներով ձեռք է բերել թանկարժեք բջջային հեռախոս՝ 467,900 դրամ արժողությամբ։ Խոսքը վերաբերում է Apple iPhone 16 Pro (128GB, Desert Titanium) մոդելին, որը գնվել է մեկ հատով։
«Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ գնումը կատարվել է «Մոբայլ Սենթր Արթ» ՍՊԸ-ից, և դրա վերաբերյալ առկա է համապատասխան հաշիվ-ապրանքագիրը։ Սակայն ուշագրավ է, որ պաշտոնական փաստաթղթերում չի նշվում, թե կոնկրետ ում համար է ձեռք բերվել այդ հեռախոսը և պետության որ կարիքներից դրդված է մարզպետարանը աղքատության մեջ գտնվող այդ մարզում նման շռայլություն թույլ տվել։
Եվ բնական հարց է առաջանում՝ պետական միջոցներով գնված գրեթե կես միլիոն դրամ արժողությամբ հեռախոսը ո՞ւմ համար է նախատեսված եղել։ Փաստաթղթերում շահառու անձի կամ ստորաբաժանման բացակայությունը հարցեր է առաջացնում նաև թափանցիկության տեսանկյունից։ Պետական կառույցներում տեխնիկայի նման գնումների դեպքում պետք է նշվի օգտագործման նպատակը կամ այն պաշտոնյան, ում համար նախատեսված է սարքը։ Այս դեպքում, սակայն, այդ տեղեկությունը բացակայում է։
Միաժամանակ պետք է նշել, որ iPhone 16 Pro մոդելը թողարկվել է 2024 թվականին և համարվում է Apple-ի նոր սերնդի սմարթֆոններից մեկը։ Հետևաբար խոսքը վերաբերում է համեմատաբար թանկ և նոր տեխնիկայի։
Գործարքի մյուս ուշագրավ կողմը մատակարար ընկերությունն է։ Հեռախոսը գնվել է «Մոբայլ Սենթր Արթ» ՍՊԸ-ից, որը Հայաստանի երկրորդ խոշոր հարկատու ընկերություններից մեկն է։ Այն պատկանում է գործարար Արթուր Պետրոսյանին, որը նախկինում եղել է Երևանի ավագանու «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ»։


