«Իրատես» թերթը գրում է. «Հայաստանի վերնախավում, ի թիվս այլ անհաջող «սովորությունների», ձեւավորվել է եւս մեկը: Պաշտոնյա հորը փոխել որդով կամ հակառակը: Այսինքն, խնդիր է դրված չնեղացնել յուրայիններին: Այս մեխանիզմն է աշխատելու նաեւ Յուրի Խաչատուրովի պարագայում:
Մինչ փակագծերը բացելը՝ հիշեցնենք, որ օրերս Սերժ Սարգսյանը մի շարք փոփոխություններ է կատարել պաշտպանության նախարարությունում, ազատել-նշանակելով կորպուսի հրամանատարների: Նախագահի հրամանագրով գնդապետ Գրիգորի Խաչատուրովը` գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի որդին, նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության երրորդ բանակային կորպուսի հրամանատար` կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով։
Հիշեցնենք, որ 2010-ին Գրիգորի Խաչատուրովը հեռացվեց 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից՝ չարաշահումների պատճառով: Սակայն դա չխանգարեց, որ որոշ ժամանակ անց նա նորից պաշտպանության ոլորտում աշխատի, որպես 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ:
Այսօր էլ իշխանությունը չի ցանկանում «դատարկ ձեռքով» ճանապարհել հայր Խաչատուրովին, «պարգեւատրում» է՝ որդու նոր պաշտոնով: Պարզ է, չէ՞, Յուրի Խաչատուրովին հենց այնպես «ձեռք տալը» դժվար կլիներ, ահա եւ ընտրվել է փորձված տարբերակը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում