▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խաբված քաղաքացին` ընդդեմ գեներալ Հայկազ Բաղմանյանի եւ վարչապետ Կարեն Կարապետյանի հովանավորյալների. «ՉԻ»

«Կարծում եմ՝ մեր առաջնային խնդիրներից է հասարակության հետ հետադարձ կապի ստեղծումը։ Առաջնային է, որ այն ազդակները, որ մենք ուղարկում ենք հասարակությանը, որոշակի ոգեւորություն առաջացնի, որովհետեւ եթե բիզնեսը չարձագանքի, եթե ՀՀ քաղաքացին չարձագանքի, ակտիվ քաղաքացիական դիրքորոշում չձեւավորվի, իրավիճակ փոխելը շատ ավելի բարդ է լինելու». հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շաբաթ օրը` դեկտեմբերի 3-ին կայացած Հայկական բարեգործական ընդհանուր միության 110-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ։

Հայկական իրականության մեջ առաջին դեպքը չէ, երբ բարձրաաստիճան պաշտոնյայի հայտարարություններն ու իրականությունը տրամագծորեն հակառակ ուղղությամբ են ընթանում։ Ստորեւ նկարագրվածը, ավելի ճիշտ` հիշեցման կարգով «Չորրոդ Իշխանություն» թերթի անդրադարձը, ասվածի լավագույն օրինակն է։

Երեք ամիս է, ինչ լրատվամիջոցները հեղեղված են մի պատմության մանրամասներով, որի շրջանակներում բարձրաստիճանների անուններ են շրջանառվում։ Երեք ամիս ՀՀ քաղաքացին է՛լ մամուլի ակումբ ու լրատվամիջոց չի թողել` իր խոսքը լսելի դարձնելու համար։ Լրատվամիջոցներն անգամ իրենց յութուբյան ալիքներով են ռեպորտաժներ պտտեցրել, գովազդներ միացրել տարբեր սոցիալական կայքերում, բայց այս ամենը միայն ուշադիր ընթերցողի աչքից չի վրիպել։ Մնացածը` էշի ականջում քնած են` անտարբեր ու լուռ։ 

Խոսքը Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի «Պանրագործական ընկերություն» ԲԲԸ-ի տնօրեն Թաթուլ Բաղդասարյանի եւ գեներալ Հայկազ Բաղմանյանի պատմության մասին է։ Շատ կարճ հիշեցնենք խնդրի բովանդակությունը։ 2007 թվականին Բաղդասարյանը  ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերում այն մասին, որ իրեն  պատկանող գործարանի տարածքում համատեղ գազալցակայան կառուցեն։ Որոշում են աշխատել 70/30 տոկոսով. 70-ը` Հայկազ Բաղմանյանին, մնացածը` Բաղդասարյանին։ Բանակցություններն առանձնապես երկար չեն տեւում, եւ նույն թվականի դեկտեմբերի 31-ին սկսվում է գազալցակայանի շահագործումը` առաց համապատասխան թղթավորման։ Գործընթացը շարունակվում է մոտ 8 տարի, ասել է թե` մարդիկ բիզնես են անում` առանց համապատասխան թուլտվությունների ու փաստաթղթերի։ Այս ընթացքում, սակայն, փող է աշխատում Հայկազ Բաղմանյանը, իսկ  Բաղդասարյանն այդպես էլ չի համաձայնում ապօրինի դաշտում մնալ։ Ավելին` գազալցակայանի գործարկումից երեք ամիս անց, Բաղմանյանը հրաժարվում է նախապես կնքված համաձայնությունից` 70/30-ի մասով։ Արդյունքում` բանը հասնում է նրան, որ Բաղմանյանն իր ազդեցություններն օգտագործելով, խլում է մարդու տարածքը, ներդրումներն ու գույքը։

9 տարի առաջ ծագած եւ մինչեւ օրս շարունակվող այս պատմության շրջանակներում շոշափվում է այսօրվա վարչապետի անունը։ Բանն այն է, որ գազալցակայանի գործարկումից ամիսներ անց Թաթուլ Բաղդասարյանը դիմում է «ՀայՌուսգազարդ» ընկերությանը՝ պահանջելով դադարեցնել իր տարածքի գազամատակարարումը։ Այն ժամանակ «ՀայՌուսգազարդ»-ի տնօրենը դեռեւս Կարեն Կարապետյանն էր, որին էլ դիմում է  Բաղդասարյանը։ Անիմաստ պատասխաններ են տրվում քաղաքացուն, իսկ «ՀայՌուսգազարդի» հնաբնակները, Բաղդասարյանի պնդմամբ, Կարապետյանի մերձավորները, շարունակում են ապօրինաբար գազ մատակարարել Բաղմանյանին։ «Կարծես էդ գազը իրանց հոր տնից էին բերել». այսօր արդեն մեզ հետ զրույցում նկատեց Բաղդասարյանը։  Մի խոսքով Հայկազ Բաղմանյանն արդեն 2015 թ. գազալցակայանը վաճառում է երեք մարդու` «Տրանսգազ» ՍՊԸ-ի տնօրեն Նիկոլայ (Կոլյա) Գաբրիելյանին, նրա տեղակալին` Ալբերտ (Աբո) Խաչատրյանին եւ ես մեկին։ «Նրա անունն այս պահին չեմ տա, բայց շատ մոտ ապագայում կասեմ, դեռ սպասում եմ». «ՉԻ»-ի հետ զրուցում նշեց  Բաղդասարյանը։

- Փաստորեն վերջին երկու-երեք ամիսների ընթացքում Դուք բազմիցս  բարձրաձայնել եք Ձեզ հետ կատարված ապօրինության մասին։  Բարձրաստիճան պաշտոնյաների կողմից որեւէ արձագանք եղե՞լ է։

- Որեւէ արձագանք չի եղել։ Նույնիսկ հանդիպել եմ վարչապետի օգնական Նարեկ Ադոնցին. խնդրել եմ, որ վարչապետին հանձնի ողջ փաթեթը։ Խնդրեցի, որ կադաստրի ներկայացուցիչներին, բոլոր կեղծարարներին հրավիրեն Մելիք-Ադամյան 1՝ կառավարության շենք, եւ ես էլ գնամ` քննարկենք կատարվածը։ (Կեղծարարների անունները մեր զրուցակիցը թվարկեց մեկ առ մեկ. նրանց մասին նա երկար խոսել է, ուստի` չկրկնվենք-խմբ.)։ Քննարկման ժամանակ բոլորի դիմակները կպատռեմ, թող  հանրությունը տեսնի՝ ինչպիսի կեղծիք են արել եւ ո՞նց են խլել հողը, իմ տարածքը նվիրել ոչ բարով գեներալ, գործարար Բաղմանյանին` Հայկազին։ Բայց արձագանք չկա։

- Ե՞րբ եք հանդիպել Նարեկ Ադոնցին։

- Հոկտեմբերի 31-ին ես հանձնել եմ փաստաթղթերը։ Նույն օրը Նարեկ Ադոնցը զանգահարեց ինձ, ասաց՝ պարո՛ն Բաղդասարյան, այս փաստաթղթերը, որ մեզ ներկայացրել եք, կադաստրի արխիվում չկան, ասում եմ՝ ինչ իրենց պետք է` կա, ինչ պետք չէ՝ այրել են արդեն` հետքերը կորցնելով։ Բայց իմ արխիվը մինչեւ օրս պահպանվում է։ Դրանից հետո հանդիպել եմ դրսում, զանգել եմ, հանդիպել եմ, ասել եմ՝ հարգելի՛ Նարեկ, պետք է  քննարկում կազմակերպեք։ Խոստացավ՝ չկատարեց։ Ասում են  գնա դատարան։ Ասացի դատարան ո՞ւմ դեմ եմ ես դիմում, դիմում եմ «Գազպրոմ»-ի՞,  թե՞ գեներալ Բաղմանյանի դեմ։

- Ի՞նչ կապ ունի «Գազպրոմ»-ը։

- Ֆիրման եղել է Հայկազ Բաղմանյանի որդու անունով, նա եղել է  100 տոկոս բաժնետեր, բայց հիմա ֆիրման վաճառել են «Գազպրոմ»-ի հնաբնակներին` Գաբրիելյան Կոլյային, իրա տեղակալին` Աբոյին, եւ էս մեկին։ Նույն Գաբրիելյան Կոլյան 2008  թ. ապօրինի գազ է մատակարարել տվյալ գազալցակայանին, որի հիմք չի եղել, պայմանագիր չի եղել։ Իսկ ես բազմիցս շեշտել եմ, ասում եմ, 100 դրամի համար զոդումով անջատել են քաղաքացու գազը։ Կոլյա, դու որտեղի՞ց ես էդ գազը տվել, հորդ տո՞ւնն էր էդ գազը։

- Ձեր նշած մարդիկ  կարո՞ղ էին այդ ամենը անել ասենք՝ «ՀայՌուսգազարդի» ղեկավարության չիմացության պայմաններում։

- Իրենք չէին կարող այդպես անել։ 2007 թ. պարոն Կարապետյանն է ինձ թույլտվություն տվել,  ես պետք է հանդիսանայի շահագործող։ Բայց Հայկազը իրեն բնորոշ հռի-բռի ձեւերով, ուսադիրներն օգտագործելով, բոլորին ճնշելով եւ, չգիտեմ՝ շահագրգռելով տիրացավ այսօր մեր գույքին։ Ոչ միայն գույքին, հողատարածքին, նաեւ մեր գույքին։  Դա եղել է իմ սեփական հողատարածքը։ 2007 թվականին հանդիպել եմ Հայկազի օգնական Արկադիկ Զաքարյանին, ու պայմանավորվել ենք իմ տարածքում գազալցակայան կառուցել։ Ինձանից պետք է լիներ հողատարածքը, շինմատերիալը, «ուգոլնիկներ»,  փողոցային լուսավորությունը, ենթակայանը ու էլի բաներ։ Հայկազն էլ իր «հասանելիքը» պետք է բերեր ու բերեց։

- Այսինքն՝ Հայկազ Բաղմանյանը «կռիշ» է եղել համատեղ բիզնեսի՞ն։

- «Կռիշ» չի եղել բիզնեսին, համատեղ բիզնես պետք է կառուցեինք։ Բայց ոչ մի օր չաշխատեցինք։  Առաջին օրվանից ասացի`  Հայկազ, արի  դադարեցնենք, մի աշխատի, ամեն ինչի  պատասխանատուն ես եմ, բոլոր փաստաթղթերը պետք է տեսքի բերենք, օրենքի դաշտ պետք է մտնենք, աշխատենք։ Ասեց` մեր դեմ խաղ չկա, ու անցավ առաջ։ Այս ընթացքում  առանց հիմքերի է աշխատել։ Այս պահին էլ գործում է, անօրինական կարգով է գործում, բոլոր նորմերը խախտված են։

Ձեր նշած ապօրինության շղթայում անընդհատ հիշատակում եք Կոլյա եւ Աբո անունները։ Նրանք վարչապետի հովանավորյալներն ե՞ն։

- Ես մամուլում եմ կարդացել, որ նրանք հովանավորյալներ են։ Բա ի՞նչ են, «ՀայՌուսգազարդ»-ի հնաբնակներից են։ Կապ չեն ունենա՞։ Երեւի նոր սերունդը չի զարգանում, չի մեծանում, որ այդ հները նստած են այնտեղ։ Չգիտեմ, ես ուզում եմ նաեւ վարչապետին Ձեր միջոցով դիմել։ Պարոն վարչապետ, եթե Դուք գեներալ, գործարար Բաղմանյան Հայկազին ներում եք շնորհել, ապա մենք  իմանանք`  պայքարենք կամ չպայքարենք։ Եթե չէ, անպայման պետք է պատժեք։ Գողացված փող է, այդ փողը ես չեմ տանի, այդ փողը ես կնվիրեմ հայկական բանակին, մեր զինվորներին, ոչ թե Հայկազ Բաղմանյանը իրա  էրեխեքի հետ տանի վայելի ու լավ զգա։ Ո՛չ, թույլ չեմ տա։ Տարիներ շարունակ պայքարել եմ, այդ փողը պետք է գնա հայկական բանակին։

Երկրորդ՝ ուզում եմ պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանին, Մովսես Հակոբյանին դիմեմ։ Պարոնայք, «քցող», խլող գեներալ հայկական բանակին պետք է՞։ Վայ էդ բանակին։ Ու էսօր էլ պաշտոն է զբաղեցնում։ Եթե ինձանից է «քցում», բանակը մեղք չի՞։ Ոչ մեկն այսօր Հայկազի ձեռքը չի բռնում ասի՝ էս ի՞նչ ես անում Հայկազ։ Հայկազ, դու ո՞վ ես։ Ընդամենը անգրագետ մեկը։ 

Խնդրում եմ` ուղիղ հարց տվեք, պարոն վարչապետ, ինչո՞ւ չեք անդրադառնում կոռուպցիայի վառ օրինակին, մարդը գոռում է, ասում է` եկեք գողի ձեռքը բռնեք, գողի ձեռքը չեք բռնում։ Եթե անպատասխան թողեցին, ես կդիմեմ միջազգային լրատվամիջոցներին, կասեմ` «Գազպրոմ»-ը խլեց եւ իմ ունեցածը նվիրեց գործարար, գեներալ  Հայկազ Բաղմանյանին։ Կդիմեմ դիվանագիտական կառույցներին, Եվրոպական դատարանը կա ու կա։ Չեմ արտագաղթի։ Մինչեւ վերջ պայքարելու եմ։ Հայկազը պիտի էդ փողը բերի դնի հայկական բանակի մեջ։ Դա իմ փողն է եղել, եւ ես` շուրջ 100 միլիոն դրամ, դեռ մի բան էլ ավելին, նվիրում եմ հայկական բանակին, մեր զինվորներին։

- Իսկ այս ընթացքում Հայկազ Բաղմանյանը փորձե՞լ է Ձեզ հետ զրուցել, կամ, ճիշտ հակառակը, նրա կողմից ինչ-որ մարդիկ Ձեզ չե՞ն փորձել վախեցնել,  շանտաժի ենթարկել։

- Քեզ ասեմ, որ Հայկազ Բաղմանյանը այդքան չկա։ Ինքն ով ա՞, որ ինձ վախացնի։ Ինքը անտեսված մարդ է եղել մինչեւ 90 թիվը։ 90 թվից սկսած են Հայկազ Բաղմանյան ճանաչել։ Հայկազն ով ա՞, որ ինձ շանտաժի ենթարկի կամ իրա մեջ այդքան տղայական ուժ լինի, գա ասի` այ ախպեր, արի տեսնենք ի՞նչ  է եղել։ Հիմա  արել եմ, սխալվել եմ, ներիր ինձ։ Ինքը իրա «պագոնները» գիտի ամենաբարձր կոչումն ա։ Հայկա՛զ, ամենաբարձր կոչումը մարդ լինելն է, սխալվում ես դու։ Ինքն իրա բանկա-բութուլկեքով չի կարող ինձ վախեցնել։

- Մենք տեղեկություններ ունենք, որ Դուք Ձեր ասուլիսներից մեկի ժամանակ  միտք եք հնչեցրել, որ Կարեն Կարապետյանի եղբայրը` Վովա անունով, գազալցակայաններում փայ ունի, իսկ դրա մասին մամուլը միտումնավոր լռել է։

- Ես նման բան չեմ հնչեցրել։ Ես ասել եմ, որ  վարչապետի մերձավորներն են այսօր շահագործում գազալցակայանը։ Ես արդեն տվեցի նրանց անունները։ Ես Կարեն Կարապետյանի եղբոր անուն չեմ հնչեցրել։ Ես ընդամենը ասել եմ, որ Կարեն Կարապետյանի մերձավորներն են` Կոլյան եւ Աբոն։ Երրորդի անունը, օրը կգա` բարին հետը, հստակ կիմանամ՝ նոր կասեմ։ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին