ԱԺ-ում այսօր շարունակվեց «Կառավարման ճգնաժամ»-ի վերաբերյալ նախագծի քննարկումը:
«Վիճակը վիճակ չէ, վիճակը վատ է, իսկ դուք չեք ուզում հասկանալ: Դուք մեզանից լուծումներ եք ուզում: Իհարկե, կան լուծումներ, բայց, եթե չեք ցանկանում գնահատել, որ վիճակը վատ է, ինչի՞ լուծման մասին ենք խոսում: Հիմա ներկայացնում եմ 2014 թվականին Հարավային Կովկասի 3 երկրներում անցկացված հարցախույզի արդյունքները: Իմաստն էր՝ ուսումնասիրել 3 երկրներում կառավարման համակարգերի նկատմամբ վստահությունը, տնտեսական կացության, զբաղվածության, միգրացիայի մասին: Ո՞րն է ներկա պահին երկրի առջև ծառացած խնդիրը հարցին ՀՀ բնակիչները 1-ին խնդիրը գործազրկությունն են համարում, ապա արտագաղթը: Արդյոք ճիշտ ուղղությա՞մբ է զարգանում ձեր երկիրը հարցին դրական է պատասխանել 9 տոկոսը: Հայաստանը դեմոկրատական է համարել քաղաքացիների 3 տոկոսը: 50 տոկոսը համարել է կիսադեմոկրատական, 34 տոկոսը՝ ոչ դեմոկրատական: ՀՀ-ում 70 տոկոսը համարում է, որ դատարաններն անկախ չեն: Կապված վերջին ընտրությունների հետ, միայն 9 տոկոսն է համարել, որ այն արդար է անցկացվել: Օրենսդիր մարմինին վստահում է 2 տոկոսը, կուսակցություններին 2 տոկոսը, գործադիրին՝ 3 տոկոսը, դատական համակարգին, ՀԿ-ներին՝ 3 տոկոսը, ԶԼՄ-ին 4 տոկոսը: Մեր բնակչության 30 տոկոսն ամսական եկամուտ ընդհանրապես չունի: 51 տոկոսն ունի մինչև 100.000 դրամը եկամուտ: Պարտք ունի մեր բնակիչների 51 տոկոսը, արտգաղթելու ցանկություն ունի 60 տոկոսը: Սա է մեր իրականությունը: Ողբերգություն է»-ելույթում ասաց ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը՝ շարունակելով.
«Դուք ձեր քաղաքականությամբ ազատ մարդուն կաշկանդող եք: ՀԿ-ներին ֆինասավորում է Հանրապետական կուսակցությունը, իսկ այդ գումարը վերցնում է բյուջեից: Այսպես կարելի է հասարակություն կառուցե՞լ: Ձեզ հաճախ հրահանգվում է միասին տխրել, միասին հարձակվել, միասին պաշտպանվել: Ձեր ազատությունները ոչնչացված են: Դուք ձեր ժողովրդական, պատվավոր կոչումներով, վզկապներով ժողով անելով մարդկային տեսակը, անկախությունն եք վերացնում: Սա կոչվում է բոլշևիզմի ռևանշ: Դուք գնում եք բոլշևիզմի ճանապարհով: Ազատությունն ու անկախությունը պետականության հիմքն են, դուք դա եք ոչնչացնում»: