Օրեր առաջ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ դերասան Վարդան Պետրոսյանի ավտովթարի գործով հերթական նիստում ներկայացվել է մեղադրական եզրակացությունը: Այն առաջադրվել է քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Վարդան Պետրոսյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը՝ մասնավորապես նշելով.
«Ճանապարհի վրա երթևեկության կանոներ չեմ խախտել, չեմ գերազանցել արագությունը, կառավարումը չեմ կորցրել և չեմ մտել կողնակ: Ինձ առաջադրված մեղադրանքի մեջ ես ինձ մեղավոր չեմ զգում»:
Նշենք, որ առաջադրված մեղադրանքի որևէ կետով Վարդան Պետրոսյանի մեղքը չի ապացուցվել:
Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը նիստի ընթացքում դատարանին մի շարք փաստաթղթեր է ներկայացրել` միջնորդելով դրանք կցել քրգործի նյութերին:
ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը մանրամասներ հաղորդեց գործի մասին.
«Նախաքաննական մարմինը Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրել 242 հոդվածի 3-րդ մասով՝ այն բանի համար, որ նա.
1.Գերազանցել է արագությունը
2. Վթարի պահին օգտագործել է հեռախոս
3. Դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից դեպի կողնակ:
Վարդան Պետրոսյանն այդ երեք կետերում իրեն մեղավոր չճանաչեց՝ հայտնելով, որ արագության գերազանցում թույլ չի տվել, քանի որ տվյալ վայրը, ըստ մեր ստացած տեղեկանքի՝ հանդիասնում է Եղվարդ քաղաքի վարչական տարածք, բայց բնակավայր չի համարվում, հետևաբար այդ հատվածում թույլատրելի արագությունը եղել է մինչև 90 կմ/ժ, իսկ իրենք մեղսագրում են, որ նա երթևեկել է առնվազն 71 կմ/ժ արագությամբ»:
Ինչ վերաբերում է վթարի պահին հեռախոսով խոսելուն՝ պաշտպանի խոսքով՝
«Մեղադրում են, որ վթարից առաջ խոսել է հեռախոսով, մինչդեռ քրեական գործում վթարի պահին հեռախոս օգտագործելու վերաբերյալ որևէ ապացույց չկա: «Ղ-Տելեկոմ»-ից՝ մեր հարցման պատասխանի համաձայն՝ ալեհավաքը, որը որսացել է հեռախոսը, եղել է վթարի վայրից 4 կմ հեռավորության վրա: Մինչդեռ մինչև վթարի վայրը ևս երեք ալեհավաք կա»:
Մեղադրական եզրակացության մեջ նաև նշվում է, որ Վարդան Պետրոսյանը ավտոմեքենան դուրս է բերել երթևեկելի մասից դեպի աջ և առջևի մասով ընդհարվել է հողածածկ կողնակում կանգնած վիճակում գտնվող «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետեւի մասին:
«Վարդան Պետրոսյանը պնդեց, որ վթարին նախորդող պահին «Նիվա» մակնիշի ավտոմեքենան կողնակից դուրս է եկել դեպի բանուկ մաս: Իր համար դա եղել է անսպասելի և չի հասցրել մանևրել և խուսաել վթարից: Վտանգը տեսնելու պահին նա այնպիսի տարածության վրա է գտնվել, որ չի հասցրել խուսափել վթարից: Այդ պատճառաբանությամբ ինքն իրեն մեղավոր չճանաչեց»,- նշեց Նիկոլայ Բաղդասարյանը՝ հավելելով.
«Մենք բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացրել ենք փաստաթղթեր, այդ թվում՝ այն մասին, որ վթարը տեղի է ունեցել ոչ թե կողնակի վրա, այլ բանուկ մասում, հետևաբար Վարդան Պետրոսյանը կողնակ դուրս չի եկել, այլ վթարը տեղի է ունեցել բանուկ մասում»:
Նշենք, որ տուժողները եւ տուժողների երկու իրավահաջորդները չէին ներկայացել դատարան: Հաջորդ նիստը նշանակված է ապրիլի 25-ին:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Եղիշի Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում իր անձնական օգտագործման «ԲՄՎ-320» մակնիշի մեքենան վարել է Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան քաղաքի ուղղությամբ։ Հասնելով Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածին՝ իրականացրել է ոչ պատշաճ եւ վտանգավոր երթեւեկություն` ավտոմեքենան վարել է բնակավայրում սահմանված թույլատրելի առավելագույնը գերազանցող առնվազն ` 71 կմ/ժ արագությամբ եւ երթեւեկության ընթացքում միաժամանակ օգտվելով հեռախոսակապից, ինքն իրեն զրկել է ավտոմեքենայի լիարժեք կառավարումն իրականացնելու տեխնիկական հնարավորությունից, թույլ է տվել ՃԵԿ-ի 65 եւ 66 կետերի, ինչպես նաեւ «ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի 3-րդ կետի, 24 հոդվածի 7-րդ կետի «Զ» ենթակետի պահանջներին հակասող գործողություններ, ստեղծել է վթարային իրադրութուն, որի արդյունքում ավտոմեքենան դուրս է բերել երթեւեկելի մասից դեպի աջ եւ առջեւի մասով ընդհարվել է հողածածկ կողնակում կանգնած վիճակում գտնվող «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետեւի մասին: Վթարի հետեւանքով «Վազ -21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ էդվարդ Արթուրի Հակոբյանին եւ էդգար Հայկի Հակոբյանին անզգուշությամբ պատճառել է մահ, Տաթեւիկ Արթուրի Հակոբյանի առողջությանը, ծանր վնաս` որպես կյանքին վտագ սպառնացող, Հայկ Մարտիրոսի Հակոբյանի, էմմա Հայկի Հակոբյանի ինչպես նաեւ ավտովարորդ Արթուր Մարտիրոսի Հակոբյանի առողջությանը, միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով: