▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարչապետը ոչ թե նախարարությունների անունները, այլ ընտրությունները չկեղծելու, քաղբանտարկյալ չունենալու մասին պետք է խոսի

«ՀՀ-ում վարչապետի փոփոխությանը հանգեցրին ապրիլյան 4-օրյա պատերազմը, «Սասնա ծռեր»-ի գործողությունը և քաղաքացիական բողոքի հուժկու ալիքը: Հասարակության 90 տոկոսը ոչ միայն չի վստահում, այլև կարելի է ասել, ատում է ՀՀ իշխանությանը: Պետք չէ մոռանալ, որ 2017 թվականին սպասվում են խորհրդարանական ընտրություններ ու իշխանությանը նախ պետք է մինչև այդ թիվը հասնել ու կեղծիքներով վերարատադրվել: ՏԻՄ ընտրությունները դրա վառ ապացույցն են: Կար նաև հակառուսական տրամադրությունների աճ: Արդյունքում Կարեն Կարապետյանը Ռուսաստանի կողմից կոպիտ ասած՝ մարզպան նշանակվեց»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝  գործադիր իշխանության մի մասի փոփոխություն է ընդամենը տեղի ունեցել,  որը մեծ հաշվով ոչինչ չի տալու մեր երկրին.

«Հույս չունեմ մեկ պարզ պատճառով.ես ավելի շատ համակարգային մոտեցումների կողմնակից եմ: Համակարգային խնդիրներն են Հայաստանն այս վիճակի հասցրել: Հիմա այն ներքին ու արտաքին սպառնալիքները, որոնք կան Հայաստանում, կարո՞ղ ենք լուծել, թե՝ ոչ: Ակնհայտ է, որ կառավարությունը լուծում չի կարող առաջարկել: Ուստի, արմատական փոփոխության մասին խոսելն ավելորդ է: Դրա համար Կարապետյանը ոչ թե խոսում է մոնոպոլիաները վերացնելու, փայ մտնելու, մենաշնորհների առաջացման, քաղաքացիների՝ գազի, էլէներգիայի համար հավելյալ վճարելու, դատարանի՝ նախագահականից կախման մեջ գտնվելու, քաղաքական դաշտի մենաշնորհացման, այլ տոմսերի մասին, այն է՝ պաշտոնատար անձինք պրիմիտիվ գողություն են անում:

Եթե նա նկատել է այդ պրիմիտիվ գողությունը, կամ պետք է գրություն ուղարկի Հատուկ քննչական ծառայություն, կամ էլ՝  իրավապահ մարմինների վերահսկող պետի կողմից արված ստուգումների արդյունքներն ուղարկի:

Հիմա էլ նախարարությունների անուններն են փոխում: Էկոնոմիկայի նախարարությունն ուզում են վերանվանել ու ավելացնել ներդրումներ բառը, այսինքն, պատկերացրեք գործարարի, ով միլիարդավոր դոլարներ է աշխատում, կարող է ՀՀ-ում ներդրումներ կատարել, չգիտի, թե ո՞ր նախարարությանը դիմի: Հա,  գեղեցիկ է հնչում, իբր թե փոփոխություն ենք անում: Ինքը պետք է ոչ թե անունները փոխելուց խոսի, այլ այն մասին, թե ո՞նց անենք, որ ընտրությունները չկեղծվեն, քաղբանտարկյալներ չլինեն, դատարանները անկախ լինեն, ՀՀ-ն դրական առումով ներկայացվի միջազգային ոլորտում:

Այնպիսի քայլեր կատարի, որ երկիրն իրոք անկախ ու ինքնիշխան լինի, ներդրողն իմանա, որ ինքնիշխան տնտեսական քաղաքականություն վարելով Հայաստանը շատ լավ գործընկեր կարող է լինել, և ոչ թե 2 ժամանոց հանդիպման ժամանակ ՀՀ-ն կարող է իր քաղաքական, տնտեսական կուրսը փոխել, Եվրոպայից հայտնվի ԵՏՄ-ի կազմում»,-նկատեց Արմեն Մարտիրոսյանը:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը հիշում է՝  Կարեն Կարապետյանի՝ Երևանի քաղաքապետ լինելու տարիներին Երևանում ակնհայտ փոփոխություն տեղի չունեցան.

«Տրանսպորտի, վերելակի խնդիրներ,  շենք-շինություն...այս առումով խոշոր հաշվով լուծումներ չեղան: Քաղաքի կենտրոնից հանվեցին  կրպակների մի մասը, ակնհայտ է, որ դրանք խնդիրներ չէին ստեղծում, սակայն, նույնը չի կարելի ասել այլ վայրերի մասին, քանի որ  դա քաղաքացիների ապրելակերպին էր վերաբերում, ու ցավոք, գոնե ես 2 ընտանիք գիտեմ, որ արտագաղթեց:

Փողոցների առևտուրը վերացրեց, ինչը գեղագիտական առումով հրաշալի է, բայց ունենք սոցիալական խնդիր: Մի մասը այլ գործ փորձեց գտնել, մի մասը մտավ շքամուտքեր, այսինքն, խոշոր հաշվով ոչինչ չփոխվեց... »,-նշեց նա:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին